Հնեվանք վանական համալիր

Դեբեդ գետի խոշորագույն վտակներից՝ Ձորագետի աջ ափին է գտնվում Հնևանքը։ Այն իրենից ներկայացնում է տարբեր ժամանակներում կառուցված վանքերի համալիր, որը կարևոր դեր է ունեցել ժամանակի կրոնական, կրթական ու կազմակերպչական կյանքում։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում է մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ: Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան:

Գլխավոր եկեղեցին՝ ըստ ուսումնասիրությունների կառուցվել է 7-րդ դարում։ Գմբեթային հատվածի անցումը ունի ճարտարապետական ուրույն հորինվածք, և ըստ այնտեղ առկա վրացերեն արձանագրությունների, վերանորոգվել է 12-րդ դարում, Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատի կողմից։ Տեղի վրացերեն արձանագրությունները առիթ են տվել, որ վրացի կրոնականները և պատմաբանները կարծիքներ հնչեցնեն դրա վրացական լինելու փաստի մասին։ Սակայն ակընհայտ է, որ տվյալ ժամանակաշրջանում Գուգարաց տարածաշրջանում ակտիվ էր վրացական գործոնը և նրանք գտնվում էին իրենց զարգացման ուժեղագույն փուլում, ուստի արձանագրությունների վրացերեն նմուշները լիովին օրինաչափ են։
Հնևանք այցելելու համար գործում է խճապատ, ոչ այդքան բարվոք մեքենայի ճանապարհ։ Քայլարշավներ կարելի է կազմակերպել Ձորագյուղից, Կուրթանից, Ծաթերից, Արևածագից և տարածքի այլ բնակավայրերից, վայելելով Ձորագետի կիրճի ամբողջ գեղեցկությունը։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
32.6 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով կամ ոտքով
Տեսնել
Արևածագի ձոր

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Արդվիի Սբ․ Հովհաննեսի վանք (18.9 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (9.8 կմ)
Հոռոմայրի վանք (18.1 կմ)
Օձունի եկեղեցի (20.2 կմ)
Քոբայրի վանք (20.5 կմ)
Ծովեր լիճ (20.5 կմ)

Զարնի-Պարնի քարայր

Լոռու մարզի առեղծվածային անկյուններից է Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրը՝ տեղակայված Հաղպատի վանքի արևմտյան հատվածում։ Պատմական նշանակություն ունեցող այս համալիրի կառուցվածքային մասն են կազմում «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավները։ Անվանման ծագումնաբանությունից ակնհայտ է դառնում, որ նման կերպ է այն կոչվել ի պատիվ Զարեհ թագավորի։ Զարնի՝ որպես «Զարեհի Էր» (այր, քարայր), իսկ Պարնի՝ որպես «Պարոնների Էր» (այր, քարայր)։ Համաձայն ավանդազրույցների՝ Զարեհ իշխանը՝ իր իշխանական տոհմի ազնվական մարդկանց հետ միասին, հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու ժամանակ, այստեղ են պատսպարվել և պահպանել Հաղպատի վանական համալիրին պատկանող ձեռագրեր և գանձեր, իսկ իրենց հանգիստն առել երկրորդ քարանձավում, որն էլ համապատասխանաբար անվանակոչվել է «պարոնների այր»։

Իր յուրահատկությամբ է առանձնանում նաև «Ծակ էր» քարանձավը, որտեղ, 11-12-րդ դդ․ ճգնել-ստեղծագործել է հայ մատենագիր, մեծ գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ Քարայր կարելի է հասնել երկու ճանապարհով։ Առաջինը՝ պատմական ուղին է, որը սկիզբ է առնում Հաղպատ գյուղի արևմտյան կողմից և ունի մոտ 650 մետր երկարություն։ Երկրորդ ճանապարհը՝ սկիզբ է առնում Ծաղկաշատ և Հաղպատ գյուղերի ճամփաբաժանից և ունի 1250 մետր երկարություն։

Զարնի-Պարնի ամրոցի պատերի ներսում մարդկային կենցաղավարության մասին են վկայում բազմաթիվ գտածոններ, ինչպիսին է օրինակ պատմությունից փրկված և մինչ օրս պահպանված գինու հնձանը, որն արտացոլումն է այն իրականությունը, որ այստեղ խաղողի մշակությունն ու գինեգործությունը մշտապես կենսական նշանակություն է ունեցել: Հասարակ լոռեցի աշխատավոր մարդու կենսագործունեության, ավանդույթների ու մշակույթի «շունչը» հաղորդելու, ինչպես նաև պատմությանը վերածնունդ տալու նպատակով առկա են բացառիկ իրերի ցուցանմուշներ՝ արոր, լուծ, զնդան, կամ, երկանք, կժեր, թրեր տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ։

Կենսական է նաև ամրոցում առկա գմբեթային աղբյուրի առկայությունը, որն այժմ տեղացիներն անվանել են «Կաթիլային աղբյուր»: Այն միանգամայն մաքուր ջուր է, որը, ըստ ժողովրդական ավանդության, օժտված է բժշկարար հատկությամբ։ Թումանյանանկան բնաշխարհի ու պատմական իրականության ներդաշնակությունը լիարժեք վայելելու, ինչպես նաև կրակի մոտ ջերմ երեկոներ անցկացնելու համար համար ամրոցի ներսում կա նաև գետնափոր կրակատեղի։

Վերջին շրջանում այն վերանորոգվել է, որոշակի ամրացման աշխատանքեր կատարվել, ճանապարհը կարգի բերվել։ Մասնավոր ներդրողի ջանքերով այստեղ առկա է թանգարան, սրճարան, գինետուն, հուշանվերների կրպակ։ Վերջիններս աշխատում են միայն ամառան ամիսներին։ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրում բնությունը միաձուլվում և դառնում է համահունչ պատմամշակութային իրականությանը։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Քարայր
Ե՞րբ այցելել
Հունիս - Օգոստոս
Հեռավորություն
52.1 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Ներսում գտնվող թանգարանը

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Կայանբերդ ամրոց (52 մ)
Հաղպատի վանական համալիր (3.4 կմ)
Սանահինի կամուրջ (5 կմ)
Միկոյան եղբայրների տուն-թանգարան (11.3 կմ)
Սանահինի վանական համալիր (11.8 կմ)
Հոռոմայրի վանք (18 կմ)

Դսեղի Ամենափրկիչ խաչքար

Դսեղի Ամենափրկիչ կամ Խաչելության խաչքարը գտնվում է գյուղի կենտրոնում՝ հրապարակից 200մ հարավ-արևմուտք, VII-XIII դարերի գերեզմանոցում։ Այստեղ է գտնվում նաև փոքր չափերի եկեղեցու մնացորդները, որը կառուցվել է (654) թվականին։

Այս խաչքարը եզակի նմուշ է, կառուցվել է Մամիկոնյանների կողմից 1281 թվականին, այն կառուցվածքային առումով նմանություն ունի Մարցի համանուն խաչքարին։
Խաչքարի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը և բավականին մանրակրկիտ՝ խաչելության տեսարանը։ Խաչքարի և պատվանդանի վրա կա նաև արձանագրություն, որը պատմում է խաչքարի պատկերի նկարագրությունը և կառուցման նպատակը։

Խաչքարի ճակատին Հիսուսի անդրին է։ Նա աջով խաչակնքում է, իսկ ձախով բռնել է մի ժապավեն, կամ բաց մագաղաթ։ Պատվանդանի վերին մասում իրար քանդակված են չորս պարզ խաչեր, որոնց տակ արձանագրությունն է։ Այնտեղ գրված է, որ խաչքարը կանգնեցվել է 1281 թ․ Խալլի որդի Տերունի և նրա եղբայրների կողմից՝ ի հիշատակ Գրիգորի, որն ամենայն հավանականությամբ Գրիգոր Մամիկոնյանն է։ Պատվանդանի հյուսիսային կողմում գրված է խաչքարը քանդակողի անունը՝ Վարհամ։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
30 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ավտոմեքենայով
Տեսնել
Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Քառասնից Մանկանց վանք (1.1 կմ)
Ծովեր լիճ (4 կմ)
Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (1.7 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (5.5 կմ)
Քոբայրի վանական համալիր (17.8 կմ)
«Սիրուն խաչ» խաչքար (1.7 կմ)