Ծովեր լիճ

Անխռով լեռների և զմրուխտյա անտառների մեջ զգուշորեն թաքնվել է Լոռվա բյուրեղահատիկներից մեկը՝ «Ծովեր» լիճը։ Տեղակայված Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ այս բնության հուշարձան համարվող վայրը՝ իր մոգական խաղաղությամբ, եթերային վայելչությամբ, հանդարտությամբ ու պարզությամբ, կգրավի բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հեռանալ քաղաքային աղմուկից և բնության գրկում գտնել հանգիստ, հարմարավետ, յուրօրինակ մի անկյուն։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։

Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է:

«Ծովերը» համարձակորեն կարող ենք դասել նաև պատմական և մշակութային հուշարձանների շարքում, քանի որ բնության այս զարդին բազմիցս անդրադարձել է հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններում։ Այն Թումանյանի նախընտրելի վայրերից մեկն էր և հաճախ էր գալիս այստեղ իր գրչընկերների հետ:

«Ծովեր» լճի բարենպաստ աշխարհագրական դիրքը և լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները այն դարձնում են հասանելի տարվա յուրաքանչյուր եղանակին՝ հնարավորություն ընձեռելով վայելել Լոռվա աներևակայելի հմայիչ և բազմագույն բնությունը՝ արտացոլված փոքրիկ լճակի մեջ։ Ծովեր հնարավոր է այցելել գրեթե բոլոր տեսակի ավտոմեքենաներով, ինչպես նաև քայլարշավային արահետներով։ Այստեղ կարելի է կազմակերպել նաև վրանային հանգիստ՝ քեմփինգ, և վայելել աստղաշատ գիշերները։ Լուսանկարչության սիրահարները նույնպես այստեղ գեղեցիկ կադրերի պակաս չեն ունենա։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Լիճ
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
33.5 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով կամ ոտքով
Տեսնել
Դսեղի Բնության և Այցելուների Կենտրոնը

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Ի՞նչ տեսնել մոտակայքում (4.0 կմ)
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք (4.4 կմ)
Քառասնից Մանկանց վանք (4.6 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (9.1 կմ)
Քոբայրի վանական համալիր (21.4 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (10.7 կմ)

Սիրուն Խաչ Խաչքար

Դեբեդի կիրճի ամենաշատ զբոսաշրջային ռեսուրսներով հարուստ համայնքներից է Դսեղը։ «Սիրուն խաչը» նույնպես գտնվում է Դսեղում՝ բնության, մարդկային ամենօրյա աշխատանքի և մշակույթի հիանալի համադրություն հանդիսանալով։

Սիրուն խաչը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է Բարձրաքաշ վանք տանող արահետի աջակողմյան մասում, 500 մետր հեռավորության վրա՝ ձորագլխին։ Այն կառուցվել է որպես հուշարձան։ Այս անվանումը խաչքարին տվել են տեղացիները, հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։

Սիրուն խաչը համարվում է 13-րդ դարի հայկական խաչքարագործության գլուխգործոցներից մեկը։ Խաչքարի կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն կառուցման ժամանակահատվածի մասին պատկերացում է տալիս խաչքարի վրայի արձանագրությունը, ըստ որի այն կառուցվել է Մամիկոնի և նրա որդի Վարդանի իշխանության ժամանակահատվածում։ 

1969 թվականին խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, որտեղ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։ Հենց այս տեղափոխության ժամանակ էլ խաչքարի հորիզոնական թևերից մեկը վնասվել է։
Սիրուն խաչի վրա կան նաև արձանագրություններ, որոնցով կարելի է պատկերացում կազմել ժամանակի իշխանավորների և հայտնի մարդկանց մասին։
Սիրուն խաչը՝ հատկապես վերջին շրջանում դարձել է զբոսաշրջիկների այցելության բավականին ակտիվ վայր։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - Նոյեմբեր
Հեռավորություն
31.4 կմ Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք (1 կմ-ից պակաս)
ՏՈՒԿ (1 կմ-ից պակաս)
Ծովեր (3.6 կմ)
Քոբայրի վանական համալիր (19.3 կմ)
Ամենափրկիչ Խաչքար (1.7 կմ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (1.7 կմ)

Արդվիի Սուրբ Հովհաննես վանք

Միայն իրեն բնորոշ մաքրությամբ, պարզությամբ, բայց միևնույն ժամանակ խորհրդավորությամբ հանդերձ, Դեբեդի կիրճը բացառիկ վայր է՝ կտրվելու աշխարհայինից և սրբագործելու, մաքրելու մարդկային հոգին ու միտքը։ Այս ենթատեքստում առնձնահատուկ ուշադրության է արժանի Լոռվա չքնաղ բնության մեջ իր պարզ կենցաղով գոյատևող Արդվի համայնքը և սուրբ Հովհաննես վանքը, որտեղ ձեզ ընձեռված է եզանկի հնարավորություն վերապրելու հռչակավոր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Բնակավայրը հատկապես նշանավորվել է ի պատիվ  Հովհաննես Գ Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի (717-728 թթ.)։ Գյուղի հյուսիսարևմտյան հատվածում նա կառուցել է ճգնարան՝սուրբ Հովհաննես վանքը (ճանաչված նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով)։

Վանական ողջ համալիրը կազմված է միմյանց կից երկու կամարակապ փոքրիկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Այն շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։

Եկեղեցու արևմտյան ճակատամասի կամարակապ սրահը կառուցվել է 13-րդ դարում, իսկ արդեն 17-րդ դարում՝ եկեղեցիներից հարավ, կանգնեցվել է զանգակատունը: Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է՝ պսակված է վեցասյուն ռոտոնդայով։

Հյուսիսային եկեղեցու բեմի առջևից համալիրը անխոս վերահսկում է կաթողիկոս սուրբ Հովհաննես Օձնեցու դամբարանը: Վանական համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանատունն է՝ շրջապատված աչքի զարնող գեղաքանդակ խաչքարերով, իսկ հարավային կողմում՝ Արդվիի տերերը հանդիսացած հին ազնվական տոհմերից մեկի՝ Քալանթարյանների տոհմական գերեզմանն է:

Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։

Սրբանեսի վանքն առանձնահատուկ սրբատեղի և ուխտագնացության վայր է, որտեղ հոգևոր անդորրն այնքան զգալի է, որ իր մագնիսական ուժով իրեն է ձգում մարդկանց:

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
44 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով կամ ոտքով
Տեսնել
Օձի պորտ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հոռոմայրի վանք (5.7 կմ)
Օձունի եկեղեցի (7.7 կմ)
Սանահինի կամուրջ (18.1 կմ)
Հնեվանք վանական համալիր (18.9 կմ)
Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիր (22.9 կմ)
Կայանբերդ ամրոց (22.8 կմ)