Դեբեդի Կիրճի գեղեցկագույն հատվածի ձախ ափին է գտնվում Ծաթեր գյուղը։ Այն Վանաձորից հեռու է 37կմ, Ալավերդիից՝ 11 կմ հեռավորության վրա։ Դեբեդ գետի ձախ ափին գտնվող այս փոքրիկ բնակավայրը գտնվում է Դսեղ գյուղի դեմ դիմաց․ այս գյուղերին բաժանում է կիրճը։

Ծաթերի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ հողագործությունը։ Առկա է հիմնական դպրոց, մշակույթի տուն, գրադարան ինչպես նաև գյուղի պատմության թանգարան:Ծաթերի մասին կան պատմական բազմաթիվ փաստեր, ինչպես անվան ծագման, այնպես էլ գյուղի սկզբնավորման և զարգացման մասին։

Գտնվելով բնության գողտրիկ անկյունում և ունենալով պատմամշակութային առավել հայտնի երկու կոթողներ՝ գյուղը բավականին գայթակղիչ և չբացահայտված վայր է զբոսաշրջիկների համար։ 

Հատկապես գրավիչ է «Ճգնավորի վանքը», որը գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա է գտնվում, ձորալանջի քարափի տակ։ Այնտեղ հասնելու համար պետք է օգտվել նեղլիկ արահետից, ինչը բավականին գրավիչ է քայլարշավի սիրահարների համար։ Վանքը կառուցվել է 1-12-րդ դարերում, անմշակ քարով, ինչն ավելի է ամբողջացնում տեսարանը՝ վանքին միաձուլելով տարածքի վայրի բնության հետ։

Գյուղի կենտրոնում է գտնվում մեկ այլ եկեղեցի՝ «Սուրբ Աստվածածինը» (անվանում են նաև սբ․ Նշան), որի կառուցմանը վերագրվում են 12-13-րդ դարերը։ Եկեղցու հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան:

Ծաթերում հանգիստը կազմակերպելու դեպքում հնարավոր է նաև այստեղ կազմակերպել գիշերակաց։ Գյուղում գործում է «Ծաթեր» հյուրատունը, որն առաջարկում է ինչպես հարմար պայմաններ գիշերակացի, այնպես էլ էկո նախաճաշ և այլ սնունդ` պահանջարկի դեպքում։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (10.1 կմ)
Հոռոմայրի վանք (9.4 կմ)
Օձունի եկեղեցի (11.5 կմ)
Հնեվանք, վանական համալիր (12.0 կմ)
Սանահինի վանական համալիր (25.6 կմ)
Քառասնից Մանկանց վանք (43.6 km)