Դեբեդի կիրճը կամ, ժողովրդական լեզվով ասած՝ Լոռու ձորը, Հայաստանի հյուսիսի ամենատպավորիչ բնական լանդշաֆտներից է։ Կիրճը սկսվում է Վանաձոր մարզկենտրոնից և Դեբեդ գետի հունով ձգվում մինչև Վրաստանի պետական սահման։ Այստեղ է Հայաստանի Հանրապետության ամենացածրադիր հատվածը՝ ծովի մակարդակից 375 մ բարձրությամբ և մոտ 350 մ առավելագույն խորությամբ։ Ձորի միջով հոսող Դեբեդ գետը, կից գալարապտույտ ճանապարհը, շրջակա լեռները և այնտեղից բացվող տեսարանները կիրճը դարձնում են Լոռու մարզի ամենատեսարժան ուղղություններից տարվա ցանկացած եղանակին։

Պատմություն

Պատմական Մեծ Հայքի քարտեզի վրա Դեբեդի կիրճը եղել է Գուգարքի և Ուտիքի նահանգների մի մասը։ Ժամանակին Լոռվա այս տարածքում թնդացել են Բագրատունիների, Մամիկոնյանների և Զաքարյանների ազնվական տոհմերի անունները։ Միջնադարում տարածքն ընդգրկվել է Կյուրիկյանների թագավորության մեջ՝ Աշոտ Բագրատունու որդի Գուրգենի գլխավորությամբ։ 11-րդ դարից դարձել է Բյուզանդական կայսրության մաս և դարեր շարունակ պատմություն է կիսել հարևան Վրաստանի հետ։ Այդ պատճառով Դեբեդի կիրճի տարածքում կարող եք գտնել քաղքեդոնական կամ հունադավան եկեղեցիներ, որոնց պատերին թե՛ հայերեն, թե՛ վրացերեն արձանագրություններ կան։ Որմնանկարներում արտացոլված գեղագիտական մոտեցումները նույնպես կրում են բյուզանդական ազդեցությունը։

Մշակույթ

Այս տեղանքի ճարտարապետական հուշարձանների ընդարձակ գավիթները, գմբեթների ձգված թմբուկները և յուրօրինակ արտաքին հարդարանքը կոթողներին կայուն և զորեղ տեսք են հաղորդում։ Զարմանալի չէ, որ դրանք դարերով կանգուն են մնացել։ Դեբեդի կիրճի աջ ափին կարող եք գտնել խաչքարային արվեստի առանձնահատուկ նմուշներ, որոնցից հատկապես կարևոր են երեք Ամենափրկիչ տեսակի խաչքարերը՝ Դսեղում, Մարցում ու Հաղպատում։

Ստեղծարարությունը բնորոշ է նաև տեղի ժողովրդին։ Հայ գրականության ասպարեզում Դեբեդի կիրճի զավակները հսկայական ներդրում են ունեցել։ Բոլոր հայերին են ծանոթ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բազմաժանր գրական գործերը, Հրանտ Մաթևոսյանի կամ Ստեփան Զորյանի ստեղծագործություններն իրենց ծննդավայրի մասին։

Ավանդույթներ

Ինչ վերաբերում է Դեբեդի կիրճի տեղային ավանդույթներին ու տոներին, ապա այս շրջանում՝ հատկապես Դսեղ գյուղում, 1970 թվից սկսած տեղացիները և զբոսաշրջիկները նշում են Թումանյանական օրերը։ Սեպտեմբեր ամսին կազմակերպվում է Թումանյանական հեքիաթների փառատոնը, որի ընթացքում ցուցադրվում են ֆիլմեր ու ներկայացումներ, կազմակերպվում տարբեր խաղեր։ Մինչ օրս պահպանվող տեղական սովորույթներից է Վարդավառի քրիստոնեական տոնը յուրօրինակ նշելը․ հուլիսի վերջին կիրակի օրը, որն ի դեպ հիմնականում չի համընկնում եկեղեցական օրացույցի հետ, լոռեցիները բարձրանում են մոտակա սարերը և մի իսկական, ճոխ տոնախմբություն անում։

Դեբեդի կիրճի տեղաբնիկների հին, մեծապես մոռացված ավանդույթներից է Նուրի տիկնիկի կամ անձրևի հարսի ծեսը։ Ըստ լեգենդի՝ Նուրի տիկնիկն ուներ մեծ աչքեր, որոնցից հոսող արցունքն անձրևաբեր էր։ Դա հատկապես կարևոր էր երաշտի կամ վարուցանքի ժամանակ։ Գյուղի երեխաները տիկնիկը խաղացնելով տանում էին դռնեդուռ, իսկ մարդիկ տներից ջուր էին ցողում Նուրիի վրա, որոշ կանայք անգամ ուտելիք էին տալիս։ Նուրիի ծեսն արևմտյան Հելոուինի հին հայկական տարբերակն է։ Փամբակ գյուղի «Հեքիաթի տուն» մանկապատանեկան նախագիծը փորձում է վերականգնել այս ծեսը տեղի համայնքում, ծանոթացնել փոքրիկներին այս հին ավանդույթի հետ։

«Հեքիաթի տանը» կազմակերպվում են նաև տիկնիկագործությանը և թելերի մշակույթին նվիրված վարպետաց դասեր։ Տիկնիկագործության մեջ հայտնի է դսեղցի Անահիտ Աթոյանը, ում տիկնիկների հավաքածուն ցուցադրված է Թումանյանի տուն-թանգարանի դիմացի տնակում։

Քարի փորագրման հին արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ և իր դրսևորումը գտել ժամանակակից խաչքարագործ վարպետների, օրինակ, Վանաձորում ապրող վարպետ Բոգդան Հովհաննիսյանի գործերում։ Փայտարվեստի ասպարեզում ստեղծագործում է դսեղցի Գագիկ Վանյանը՝ իր խոշոր ու միջին չափի դեկորատիվ գործերով։ Տեղի մինիմալիստական և ընդարձակ բնակապատկերները ոգեշնչում են նաև Լոռվա ձորի գեղանկարիչներին՝ ավագ սերնդի նկարիչ վանաձորաբնակ Անատոլի Ավետյանին կամ ժամանակակից ոճի մեջ ստեղծագործող երիտասարդ Տարոն Մարուքյանին։