Ակներ

Հետաքրքիր ավանդույթներով և ծագման մասին հետաքրքիր վարկածով այս գյուղը գտնվում է բնության իդեալական միջավայրում։ Ակները գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Դեբեդ գետի աջ ափին։ Գյուղի եզրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճը։ Գյուղի վերին հատվածից՝ անտառից, սկիզբ են առնում մի շարք բնական, զուլալ աղբյուրներ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել տեղի բնակիչների համար։

Գյուղի կենտրոնական հատվածում առկա է 19-րդ դարի առաջին կեսին կառուցված քարաշեն եկեղեցի։ Սակայն Ակների տեսարժան վայրերը դրանով չեն սահմանափակվում։ Առավել հայտնի զբոսաշրջային բնակավայրերից՝ Հաղպատ այցելելիս աջ կողմում՝ ժայռի գագաթին երևում է Կայան բերդը, որը գտնվում է Ակներ բնակավայրի հյուսիսային կողմում։ Այն եղել է իր ժամանակներում տարածաշրջանի հզորագույն ամրություններից մեկը։  Կայան բերդի հարավային հատվածում է գտնվում Դսևանքը։ Դսևանքի ջուրը անցնում է Ակներ գյուղով, ստորգետնյա քարե խողովակաշարի միջով։ 

Ըստ ավանդության Լեզգիների կողմից Կայանաբերդի պաշարման ժամանակ ոչ մի կերպ հնարավոր չի եղել կոտրել տեղացիների դիմադրությունը։ Միայն, մոտակա գյուղի մի ծեր կնոջից իմանալով բերդ մտնող աղբյուրի ակունքի տեղը, թշնամին փակում է այն և բերդի բնակիչները ջուր չունենալով, ստիպված անձնատուր են լինում։ Հենց այս պատճառով էլ գյուղն ստանում Որնակ անվանումը, ինչը մեկնաբանվում է Ո՞րն է Ակը ( որն է ակունքը)։ Այս անվանումը վերափոխվել է Ակներ անվամբ միայն 1930-ական թվականներին։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Սանահինի վանական համալիր (4.3 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (4.5 կմ)
Սանահինի կամուրջ (11 կմ)
Կայանբերդ ամրոց (16 կմ)
Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիր (16 կմ)
Հաղպատի վանք (19.4 կմ)

Ձորագետ

Լոռու մարզենտրոնից՝ Վանաձորից, ընդամենը 30կմ հեռավորության վրա է գտնվում մի փոքրիկ բնակավայր՝ Ձորագետ գյուղը։ Որպես բնակավայր Ձորագետը սկսել է բնակեցվել նախորդ դարի սկզբներին երկաթուղու շինարարության ժամանակաշրջանում։ Նախկինում, բնակավայրի տարածքը եղել է Թումանյան կայարանի բազա, որի հիման վրա՝ 1924թ. –ին, ստեղծվել է գյուղը: Ձորագետը գտնվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա, որտեղով էլ անցնում է Թբիլիսի – Գյումրի միջպետական նշանակության երկաթուղին:

Գտնվելով կիրճի ստորոտում բնակավայրը երկու կողմից շրջապատված է ժայռերով: Համայնքին առանձնահատուկ հմայք է հաղորդում այն, որ գյուղը բաղկացած է երկու բնակավայրերից՝ մեկը մյուսից 2 կմ հեռավորության վրա: Բնակավայրերից մեկով հոսում է Փամբակ գետը, իսկ մյուսով` համանուն Ձորագետ գետը, որի վրա էլ կառուցված է «Ձորագետի» ՀԷԿ-ը:

Թեև Ձորագետը բարենպաստ չէ անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և այն չի կարող համարվել էկոտուրիզմի հիմնական ուղղություն, սակայն, շնորհիվ իր  աշխարհագրական դիրքի՝ առատ է տուրիստական գրավչություններով։

Այստեղ ձեզ ընձեռված է բացառիկ հնարավորություն տեսնելու 3 գետերի՝ Փամբակ, Ձորագետ և Դեբեդ, միաձուլումը։ Ձորագետում՝ Դեբեդ գետի աջ ափին է տեղակայված միջնադարյան հայկական ամրոցների ավանդական ոգով կառուցված Ավան Ձորագետ Հյուրանոցը։  

Ձորագետ ուղղորդող և այստեղից սկիզբ առնող հետաքրքիր երթուղիները քայլարշավի սիրահարներին ևս անմասն չեն թողնի Դեբեդի կիրճի հրաշագեղ տեսարանը փորձնականում վայելեու հնարավորությունից։

Այս գողտրիկ անկյունից բացվող համայնապատկերը, անառիկ անտառները և Լոռու հարուստ բուսականությունը հավերժական տպավորություն կթողնեն ձեզ վրա։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Քոբայրի վանական համալիր (8.6 կմ)
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն (3.7 կմ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (9.2 կմ)
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք (10.7 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (2.1 կմ)
Հնեվանք, վանական համալիր (11.5 կմ)

Արդվի

Լոռու մարզի զբոսաշրջային քարտեզի վրա, արդեն երկար ժամանակ իր ուրույն տեղն ունի Արդվի համայնքը։ Մարզկենտրոն Վանաձորից՝ 58 կմ, շրջկենտրոն Ալավերդիից՝ 19 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ 

Այստեղ այցելելով կարելի է տեսնել միանգամից մի քանի հայտնի վայրեր։ Նախ՝ այստեղ է թաղված Ամենայն հայոց կաթողիկոս, աստվածաբան, գրող Հովհան Օձնեցին, որը հանդիսացել է իր ժամանակների ամենագիտակ մարդկանցից մեկը։ 7-րդ դարից նրա գերեզմանի մոտ կառուցվել է Սուրբ Հովհաննես վանքը, որը պատմական աղբյուրներում հայտնի է նաև Սրբանես անվամբ։ Հետաքրքրական է, որ Սուրբ Հովհաննես վանքում է նկարահանվել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ 

Արդվիում են գտնվում նաև 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն մատուռը և Սուրբ Կիրակի մատուռը։

Արդվիում դեռևս հազարամյակներ առաջ եղել է բնակչություն։ Դրա մասին են վկայում գյուղի տարբեր հանդամասերում հայտնաբերված նախաքրիստոնեական և վաղքրիստոնեական բազմաթիվ կոթողները։ Այստեղ կան նաև գեղեցիկ խաչքարերի բազմաթիվ նմուշներ։

Արդվիում՝ մարդկանց կողմից առավել հայտնի վայր է  «Օձի պորտը»։  Այստեղի հետ կապված կան մի քանի հայտնի ավանդազրույցներ, որին կանդրադարնանք մեր բլոգներից մեկում։

Արդվի այցելելով կարելի է ծանոթանալ ամբողջ միջնադարի հայկական մշակութային ժառանգության, գեղեցիկ ավանդազրույցների, ինչպես նաև հետաքրքիր բնապատկերների։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Արդվիի սուրբ Հովհաննես վանքը
Օձունի եկեղեցի (6.6 կմ)
Հոռոմայրի վանք (4.6 կմ)
Արևածագի ձոր (10.9 կմ)
Սանահինի կամուրջ (17 կմ)
Հնեվանք վանական համալիր (13.5 կմ)