Լոռու մարզենտրոնից՝ Վանաձորից, ընդամենը 30կմ հեռավորության վրա է գտնվում մի փոքրիկ բնակավայր՝ Ձորագետ գյուղը։ Որպես բնակավայր Ձորագետը սկսել է բնակեցվել նախորդ դարի սկզբներին երկաթուղու շինարարության ժամանակաշրջանում։ Նախկինում, բնակավայրի տարածքը եղել է Թումանյան կայարանի բազա, որի հիման վրա՝ 1924թ. –ին, ստեղծվել է գյուղը: Ձորագետը գտնվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա, որտեղով էլ անցնում է Թբիլիսի – Գյումրի միջպետական նշանակության երկաթուղին:

Գտնվելով կիրճի ստորոտում բնակավայրը երկու կողմից շրջապատված է ժայռերով: Համայնքին առանձնահատուկ հմայք է հաղորդում այն, որ գյուղը բաղկացած է երկու բնակավայրերից՝ մեկը մյուսից 2 կմ հեռավորության վրա: Բնակավայրերից մեկով հոսում է Փամբակ գետը, իսկ մյուսով` համանուն Ձորագետ գետը, որի վրա էլ կառուցված է «Ձորագետի» ՀԷԿ-ը:

Թեև Ձորագետը բարենպաստ չէ անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և այն չի կարող համարվել էկոտուրիզմի հիմնական ուղղություն, սակայն, շնորհիվ իր  աշխարհագրական դիրքի՝ առատ է տուրիստական գրավչություններով։

Այստեղ ձեզ ընձեռված է բացառիկ հնարավորություն տեսնելու 3 գետերի՝ Փամբակ, Ձորագետ և Դեբեդ, միաձուլումը։ Ձորագետում՝ Դեբեդ գետի աջ ափին է տեղակայված միջնադարյան հայկական ամրոցների ավանդական ոգով կառուցված Ավան Ձորագետ Հյուրանոցը։  

Ձորագետ ուղղորդող և այստեղից սկիզբ առնող հետաքրքիր երթուղիները քայլարշավի սիրահարներին ևս անմասն չեն թողնի Դեբեդի կիրճի հրաշագեղ տեսարանը փորձնականում վայելեու հնարավորությունից։

Այս գողտրիկ անկյունից բացվող համայնապատկերը, անառիկ անտառները և Լոռու հարուստ բուսականությունը հավերժական տպավորություն կթողնեն ձեզ վրա։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Քոբայրի վանական համալիր (8.6 կմ)
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն (3.7 կմ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (9.2 կմ)
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք (10.7 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (2.1 կմ)
Հնեվանք, վանական համալիր (11.5 կմ)