Լոռու մարզի զբոսաշրջային քարտեզի վրա, արդեն երկար ժամանակ իր ուրույն տեղն ունի Արդվի համայնքը։ Մարզկենտրոն Վանաձորից՝ 58 կմ, շրջկենտրոն Ալավերդիից՝ 19 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ 

Այստեղ այցելելով կարելի է տեսնել միանգամից մի քանի հայտնի վայրեր։ Նախ՝ այստեղ է թաղված Ամենայն հայոց կաթողիկոս, աստվածաբան, գրող Հովհան Օձնեցին, որը հանդիսացել է իր ժամանակների ամենագիտակ մարդկանցից մեկը։ 7-րդ դարից նրա գերեզմանի մոտ կառուցվել է Սուրբ Հովհաննես վանքը, որը պատմական աղբյուրներում հայտնի է նաև Սրբանես անվամբ։ Հետաքրքրական է, որ Սուրբ Հովհաննես վանքում է նկարահանվել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ 

Արդվիում են գտնվում նաև 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն մատուռը և Սուրբ Կիրակի մատուռը։

Արդվիում դեռևս հազարամյակներ առաջ եղել է բնակչություն։ Դրա մասին են վկայում գյուղի տարբեր հանդամասերում հայտնաբերված նախաքրիստոնեական և վաղքրիստոնեական բազմաթիվ կոթողները։ Այստեղ կան նաև գեղեցիկ խաչքարերի բազմաթիվ նմուշներ։

Արդվիում՝ մարդկանց կողմից առավել հայտնի վայր է  «Օձի պորտը»։  Այստեղի հետ կապված կան մի քանի հայտնի ավանդազրույցներ, որին կանդրադարնանք մեր բլոգներից մեկում։

Արդվի այցելելով կարելի է ծանոթանալ ամբողջ միջնադարի հայկական մշակութային ժառանգության, գեղեցիկ ավանդազրույցների, ինչպես նաև հետաքրքիր բնապատկերների։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Արդվիի սուրբ Հովհաննես վանքը
Օձունի եկեղեցի (6.6 կմ)
Հոռոմայրի վանք (4.6 կմ)
Արևածագի ձոր (10.9 կմ)
Սանահինի կամուրջ (17 կմ)
Հնեվանք վանական համալիր (13.5 կմ)