Դեբեդ գետի խոշորագույն վտակներից՝ Ձորագետի աջ ափին է գտնվում Հնևանքը։ Այն իրենից ներկայացնում է տարբեր ժամանակներում կառուցված վանքերի համալիր, որը կարևոր դեր է ունեցել ժամանակի կրոնական, կրթական ու կազմակերպչական կյանքում։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում է մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ: Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան:

Գլխավոր եկեղեցին՝ ըստ ուսումնասիրությունների կառուցվել է 7-րդ դարում։ Գմբեթային հատվածի անցումը ունի ճարտարապետական ուրույն հորինվածք, և ըստ այնտեղ առկա վրացերեն արձանագրությունների, վերանորոգվել է 12-րդ դարում, Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատի կողմից։ Տեղի վրացերեն արձանագրությունները առիթ են տվել, որ վրացի կրոնականները և պատմաբանները կարծիքներ հնչեցնեն դրա վրացական լինելու փաստի մասին։ Սակայն ակընհայտ է, որ տվյալ ժամանակաշրջանում Գուգարաց տարածաշրջանում ակտիվ էր վրացական գործոնը և նրանք գտնվում էին իրենց զարգացման ուժեղագույն փուլում, ուստի արձանագրությունների վրացերեն նմուշները լիովին օրինաչափ են։
Հնևանք այցելելու համար գործում է խճապատ, ոչ այդքան բարվոք մեքենայի ճանապարհ։ Քայլարշավներ կարելի է կազմակերպել Ձորագյուղից, Կուրթանից, Ծաթերից, Արևածագից և տարածքի այլ բնակավայրերից, վայելելով Ձորագետի կիրճի ամբողջ գեղեցկությունը։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
32.6 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով կամ ոտքով
Տեսնել
Արևածագի ձոր

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Արդվիի Սբ․ Հովհաննեսի վանք (18.9 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (9.8 կմ)
Հոռոմայրի վանք (18.1 կմ)
Օձունի եկեղեցի (20.2 կմ)
Քոբայրի վանք (20.5 կմ)
Ծովեր լիճ (20.5 կմ)