Դեբեդ գետի խոշորագույն վտակներից՝ Ձորագետի աջ ափին է գտնվում Հնևանքը։ Այն իրենից ներկայացնում է տարբեր ժամանակներում կառուցված վանքերի համալիր, որը կարևոր դեր է ունեցել ժամանակի կրոնական, կրթական ու կազմակերպչական կյանքում։ Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում է մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ: Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան:
Գլխավոր եկեղեցին՝ ըստ ուսումնասիրությունների կառուցվել է 7-րդ դարում։ Գմբեթային հատվածի անցումը ունի ճարտարապետական ուրույն հորինվածք, և ըստ այնտեղ առկա վրացերեն արձանագրությունների, վերանորոգվել է 12-րդ դարում, Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատի կողմից։ Տեղի վրացերեն արձանագրությունները առիթ են տվել, որ վրացի կրոնականները և պատմաբանները կարծիքներ հնչեցնեն դրա վրացական լինելու փաստի մասին։ Սակայն ակընհայտ է, որ տվյալ ժամանակաշրջանում Գուգարաց տարածաշրջանում ակտիվ էր վրացական գործոնը և նրանք գտնվում էին իրենց զարգացման ուժեղագույն փուլում, ուստի արձանագրությունների վրացերեն նմուշները լիովին օրինաչափ են։
Հնևանք այցելելու համար գործում է խճապատ, ոչ այդքան բարվոք մեքենայի ճանապարհ։ Քայլարշավներ կարելի է կազմակերպել Ձորագյուղից, Կուրթանից, Ծաթերից, Արևածագից և տարածքի այլ բնակավայրերից, վայելելով Ձորագետի կիրճի ամբողջ գեղեցկությունը։