Օձունը հանրապետության ամենամեծ գյուղերից մեկն է, ունի ավելի քան հինգ հազար բնակչություն։ Գյուղը գտնվում է Դեբեդ կիրճի ձախ կողմում, վերին սարահարթի վրա, և ծովի մակերևույթից ունի 1125 մետր բարձրություն։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։

Անվան ստուգաբանությունն ունի երկու բացատրություն՝ հեթանոսական շրջանում վիշապների, օձերի հետ կապված ավանդազրույցների, և ավելի ուշ, Թովմաս առաքյալի կողմից քրիստոնեական համայնքի օծման մասին։

Գյուղի գլխավոր մշակութային հուշարձանը IV դարում կառուցված Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին է, որը վերջին տարիներին ամրացվել և բարեկարգվել է։

Այլ հուշարձաններից են V դարում կառուցված Ծիրանավոր Ծաղկավանքը, VII դարում կառուցված Հոռոմայրի վանական համալիրը, ինչպես նաև գյուղի տարբեր վայրերում կառուցված և տեղադրված բազմաթիվ խաչքարերն ու մատուռները:

Ի՞նչ տեսնել Օձունում և գյուղի շրջակայքում

Օձունի տաճար
Հոռոմայրի վանական համալիր (3 կմ)
Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (8.5 կմ)
«Օձի պորտ» բնության հուշարձան (8.2 կմ)