Լոռու մարզը, ներառվելով պատմական Գուգարաց աշխարհի կազմում, հարուստ է պատմամշակութային վայրերով։ Թերևս՝ այդ առումով առավել հարուստ է Դեբեդի կիրճը։ Այս տարածաշրջանը, որոշակի ժամանակահատված լինելով պատմական և աշխարհարհաքաղաքական գործընթացների կիզակետում, իսկ հետագայում հայ-վրացական մշակութային զարգացման բախման կետում, մեզ է թողել արվեստի գեղեցիկ նմուշներ։ Իր ջրային ռեսուրսի և բնական ռելիեֆային ուրույն պայմանների շնորհիվ այս տարածաշրջանն ունի գեղեցիկ բնապատկերներ։ 

Ինչպես պատմամշակութային, այնպես էլ բնության գեղեցիկ վայրերին հասնելու համար Դեբեդի կիրճում կան մի շարք հայտնի և չբացահայտված արահետներ։ Այս արահետների մի մասը ներկայումս որոշակի ակտիվություն ունեն որպես զբոսաշրջային երթուղիներ, իսկ մի մասն էլ, թերևս, լայն մասսաների համար այդքան էլ հայտնի չեն։ 

Մենք կանդրադառնանք այդ երթուղիներից մի քանիսին։

ՍՄԱՐԹ Զբոսանք

Քայլարշավի սիրահարների համար նոր և հետաքրքիր բացահայտում է Սմարթ կենտրոնից տանող քայլարշավային արահետը։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մշակված ու կահավորված այս արահետը բաղկացած է երկու մասից՝ Սմարթից-Դեբետի գյուղամեջ և այնտեղից Եղեգնուտ։ 

Ծանոթանալով Սմարթ կենտրոնի հետ և շարունակելով ձեր քայլարշավը Դսեղ տանող ասֆալտեպատ ճանապարհի եզրով (մոտ 200 մետր)՝ աջ կողմում կհանդիպենք Դեբետ տանող ցուցանակի և ավազեպատ արահետի։ Կաանաչ դաշտերի միջով քայլելով՝ աչքի առաջ մի կողմում Սմարթ կենտրոնն ու Կոնցեպտ հյուրանոցն է, իսկ մյուս կողմից արդեն իսկ նորովի զարգացող Դեբետ գյուղը։

Այսքանը տեսնելուց հետո բնականաբար ցանկություն կառաջանա շարունակել քայլարշավը։ Դեբետ գյուղի ոլորապտույտ ճանապարհներով շարունակելով ճանապարհը աչքի առաջ կունենանք գյուղական առօրյան ու մարդկան կենցաղը։ Այսպես կհասնենք գյուղի վերին հատվածը, որտեղից արդեն բացվում է հիանալի բնապատկեր։ Իսկ մնացած ճանապարհը ուղեկցվում է զուլալ բնության միջով, որը համեմված է թռչունների երգով, իսկ ուշ երեկոյան ժամերին հնարավոր է լսել նաև վայրի կենդանիների ձայներ։

Դսեղից-Ձորագետ

Շատերս գիտենք Դսեղի շրջակայքի արահետների մասին, որոնք տանում են գյուղին հարակից վայրեր, ներառելով քայլարշավային արահետի բնորոշ բոլոր բաղադրիչները։ Թերևս այդպիսի արահետների լավ օրինակ է Դսեղից-Ձորագետ իջնող արահետը, որը գործածվում է նաև որպես քայլարշավային արահետ։ Ճիշտ է՝ Դսեղից-Ձորագետ իջնող մի քանի արահետ կա, բայց մեր քննարկելիք արահետը առավել գրավիչ է քայլարշավորդների համար։ 

Երթուղին սկիզբ է առնում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մոտից։ Մինչև գյուղի ծայրը անցնում է գյուղի միջով, այնուհետև հայտնվում ես ձորի պռնկին, որտեղ աչքիդ առաջ է ամբողջ կիրճը։ Նեղլիկ արահետով դեպի վար քայլելով աչքիդ առաջ է հայտնվում 13-րդ դարում կառուցված Քառասնից մանկաց վանքը, իր գեղեցիկ զարդաքանդակներով։ Շարունակելով ճանապարհը քարքարոտ արահետով, խիտ անտառի եզրով շուտով հասնում ենք Ձորագետ բնակավայրին։ Այս արահետը դեռևս խորհրդային տարիներին օգտագործվել է հիմնականում Դսեղի բնակչության կողմից։

Ձորագետից-Արևածագի կիրճ

Վերջին ժամանակներում բավականին թրենդային է դարձել Արևածագի լիճ կոչվածը, որն այլ անունով հայտնի է՝ Ցից քար անվամբ։ Քչերը գիտեն, որ այդ լիճը արհեստական ջրամբար է, որը կառուցվել է 1930-ական թվականներին, որպես Ձորագետի հիդրոէլէկտրակայանի ամբարտակ։ 

Հարակից գյուղերից ևս այստեղ գնացող քայլարշավային երթուղիներ կան, սակայն Ձորագետից բարձրացողը առավել քիչ գործածվող է և անհայտ ոչ տեղացի այցելուների կողմից։ Ամբողջ ճանապարհն անցնում է գետի ափով, շրջապատված գեղեցիկ բնապատկերով, ինչպես նաև ժողովրդական  ավանդությունով հայտնի Քուր ու ախպոր Բերդի մոտով։ 

Քոբայր-Հոռոմայր-Օձուն

Մոտ 8 կմ ձգվող այս երթուղին իսկական հրաշք է քայլարշավի սիրահարների համար։ Այն սկիզբ է առնում Մ6 միջպետական ճանապարհի Քոբայր բնակավայրի մոտից, հասնում Քոբայր վանական համալիր, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի Թումանյան բնակավայր։ Այնուհետև ամբողջ կիրճի տեսարանի ներքո քայլում են դեպի Հոռոմայր։ Իսկ արդեն Հոռոմայրից Օձուն 1,5 կմ է։ Այս արահետը որոշակիորեն մշակված է քայլարշավի համար և ունի կահավորված ցուցանակներ։

Սանահին-Հաղպատ

Լոռու մարզի հյուսիսային հատվածում է գտնվում այս արահետը։ Այն կապում է Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված են որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ Այս վանքերը նաև դասվում են Հայաստանի տարածքում ամենակարևոր վանքերի շարքին։

Համաշխարհային ժառանգության արահետը սկսվում է Սանահինի վանական համալիրից, որը գտնվում է Սանահին գյուղում (Ալավերդի քաղաքի սահմաններում) ՝ դեպի Դեբեդ գետի կիրճ: Վանական համալիրում գտնվելու ընթացքում կարող եք այցելել բազմաթիվ մատուռները, ակադեմիայի շենքը (որը եղել է երբեմնի միջնադարյան համալսարան), գրատունը, սեղանատունը, պատկերասրահները և համալիրում գտնվող այլ կառույցները:

Սանահինից արահետը ձեզ կտանի Հայաստանի մեկ այլ սրբատեղի՝ Հաղպատի վանք: Երկու վանքերն էլ կառուցվել են 10-րդ դարում, և ժամանակին եղել են կրթական կարևոր կենտրոններ: Հատկացրեք բավականաչափ ժամանակ՝ երկու վայրերն էլ ուսումնասիրելու համար: Սանահինի և Հաղպատի միջև ընկած դեպի հյուսիս տանող կարճ ճանապարհը ձեզ կտանի դեպի 13-րդ դարի Կայան բերդի ավերակներ, որը հայտնի է նաև Ակնաբերդ անունով: Ուրախ ենք տեղեկացնել, որ աշունը հիանալի ժամանակաշրջան է այս արահետով քայլելու համար, քանի որ Դեբեդ կիրճը շրջապատող լեռները ծածկված են գունավոր անտառներով իսկ գագաթները՝ պսակված ամպերով:

Լուսանկարների մի մասը վերցված են գուգլ որոնողական համակարգից։