Անխռով լեռների և զմրուխտյա անտառների մեջ զգուշորեն թաքնվել է Լոռվա բյուրեղահատիկներից մեկը՝ «Ծովեր» լիճը։ Տեղակայված Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ այս բնության հուշարձան համարվող վայրը՝ իր մոգական խաղաղությամբ, եթերային վայելչությամբ, հանդարտությամբ ու պարզությամբ, կգրավի բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հեռանալ քաղաքային աղմուկից և բնության գրկում գտնել հանգիստ, հարմարավետ, յուրօրինակ մի անկյուն։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։
Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է:
«Ծովերը» համարձակորեն կարող ենք դասել նաև պատմական և մշակութային հուշարձանների շարքում, քանի որ բնության այս զարդին բազմիցս անդրադարձել է հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններում։ Այն Թումանյանի նախընտրելի վայրերից մեկն էր և հաճախ էր գալիս այստեղ իր գրչընկերների հետ:
«Ծովեր» լճի բարենպաստ աշխարհագրական դիրքը և լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները այն դարձնում են հասանելի տարվա յուրաքանչյուր եղանակին՝ հնարավորություն ընձեռելով վայելել Լոռվա աներևակայելի հմայիչ և բազմագույն բնությունը՝ արտացոլված փոքրիկ լճակի մեջ։ Ծովեր հնարավոր է այցելել գրեթե բոլոր տեսակի ավտոմեքենաներով, ինչպես նաև քայլարշավային արահետներով։ Այստեղ կարելի է կազմակերպել նաև վրանային հանգիստ՝ քեմփինգ, և վայելել աստղաշատ գիշերները։ Լուսանկարչության սիրահարները նույնպես այստեղ գեղեցիկ կադրերի պակաս չեն ունենա։
Դեբեդի կիրճի ամենաշատ զբոսաշրջային ռեսուրսներով հարուստ համայնքներից է Դսեղը։ «Սիրուն խաչը» նույնպես գտնվում է Դսեղում՝ բնության, մարդկային ամենօրյա աշխատանքի և մշակույթի հիանալի համադրություն հանդիսանալով։
Սիրուն խաչը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է Բարձրաքաշ վանք տանող արահետի աջակողմյան մասում, 500 մետր հեռավորության վրա՝ ձորագլխին։ Այն կառուցվել է որպես հուշարձան։ Այս անվանումը խաչքարին տվել են տեղացիները, հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։
Սիրուն խաչը համարվում է 13-րդ դարի հայկական խաչքարագործության գլուխգործոցներից մեկը։ Խաչքարի կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն կառուցման ժամանակահատվածի մասին պատկերացում է տալիս խաչքարի վրայի արձանագրությունը, ըստ որի այն կառուցվել է Մամիկոնի և նրա որդի Վարդանի իշխանության ժամանակահատվածում։
1969 թվականին խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, որտեղ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։ Հենց այս տեղափոխության ժամանակ էլ խաչքարի հորիզոնական թևերից մեկը վնասվել է։ Սիրուն խաչի վրա կան նաև արձանագրություններ, որոնցով կարելի է պատկերացում կազմել ժամանակի իշխանավորների և հայտնի մարդկանց մասին։ Սիրուն խաչը՝ հատկապես վերջին շրջանում դարձել է զբոսաշրջիկների այցելության բավականին ակտիվ վայր։
Միայն իրեն բնորոշ մաքրությամբ, պարզությամբ, բայց միևնույն ժամանակ խորհրդավորությամբ հանդերձ, Դեբեդի կիրճը բացառիկ վայր է՝ կտրվելու աշխարհայինից և սրբագործելու, մաքրելու մարդկային հոգին ու միտքը։ Այս ենթատեքստում առնձնահատուկ ուշադրության է արժանի Լոռվա չքնաղ բնության մեջ իր պարզ կենցաղով գոյատևող Արդվի համայնքը և սուրբ Հովհաննես վանքը, որտեղ ձեզ ընձեռված է եզանկի հնարավորություն վերապրելու հռչակավոր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Բնակավայրը հատկապես նշանավորվել է ի պատիվ Հովհաննես Գ Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի (717-728 թթ.)։ Գյուղի հյուսիսարևմտյան հատվածում նա կառուցել է ճգնարան՝սուրբ Հովհաննես վանքը (ճանաչված նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով)։
Վանական ողջ համալիրը կազմված է միմյանց կից երկու կամարակապ փոքրիկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Այն շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։
Եկեղեցու արևմտյան ճակատամասի կամարակապ սրահը կառուցվել է 13-րդ դարում, իսկ արդեն 17-րդ դարում՝ եկեղեցիներից հարավ, կանգնեցվել է զանգակատունը: Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է՝ պսակված է վեցասյուն ռոտոնդայով։
Հյուսիսային եկեղեցու բեմի առջևից համալիրը անխոս վերահսկում է կաթողիկոս սուրբ Հովհաննես Օձնեցու դամբարանը: Վանական համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանատունն է՝ շրջապատված աչքի զարնող գեղաքանդակ խաչքարերով, իսկ հարավային կողմում՝ Արդվիի տերերը հանդիսացած հին ազնվական տոհմերից մեկի՝ Քալանթարյանների տոհմական գերեզմանն է:
Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։
Սրբանեսի վանքն առանձնահատուկ սրբատեղի և ուխտագնացության վայր է, որտեղ հոգևոր անդորրն այնքան զգալի է, որ իր մագնիսական ուժով իրեն է ձգում մարդկանց: