Լոռու մարզի հյուսիս-արևելյան հատվածում՝ մարզկենտրոն Վանաձորից 23կմ հեռավորության վրա է գտնվում շատերին որպես Ղմշկուտ(ներկայումս՝ Եղեգնուտ) հայտնի համայնքը: Գյուղի հիմնադրման պատմությունը կապված է Պողոս անունով մի քահանայի հետ, ով, 1856թ.-ին մի քանի ընտանիքների հետ տեղափոխվելով Եղեգնուտ, կառուցել է եկեղեցի և մի քանի բնակատեղի։ Համայնքի անվան արմատը եղեգն է, որը կարելի է գտնել միայն լեռներում։
Եղեգնուտը կից է Վահագնի և Դեբետ համայնքներին, որտեղ կարելի է հասնել քայլելով վերջերս գծանշված արահետով՝ անցնելով խորունկ անտառների միջով և վայելելով սքանչելի համայնապատկերը: Գյուղը մոտ է նաև երկաթուղուն, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին:
Եղեգնուտը փոքր համայնք չէ(ունի 800-900 բնակիչ), սակայն առկա է միայն մեկ հիմնական դպրոց։ Գյուղը երեք կողմից շրջապատված է անտառներով, որոնք հարուստ են հատապտուղներով: Եղեգնուտի արևմտյան մասով հոսում է Փամբակ գետը: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենների արտադրությամբ, սակայն անասնապահությունը գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրն է։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու: Վերջին տարիներին նկատելի է մեղվաբուծության առաջընթացը:
Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Բացահայտվել են զանազան հնություններ և գյուղատեղիներ։ Առկա են 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղից 2-3 կմ հյուսիս գտնվում է Սբ. Կիրակի մատուռը (18–19-րդ դարեր), «Բերդակ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), «Թևավոր խաչ» և «Սուրբ Սարգիս» խաչքարները։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։
Լոռվա հրաշալիքը՝ Դեբեդ գետը, սկսում է իր ճամփորդությունը Եղեգնուտին կից բարձունքից ու հոսում խորն ու խորհրդավոր ձորերով։