Դեբեդի կիրճը ոչ միայն Հայաստանի ամենատպավորիչ բնական լանդշաֆտներից մեկն է, այլև մի ողջ գանձերի կղզի է ճանապարհորդների և արկածներ փնտրողների համար: Այստեղ կգտնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձաններ, միջնադարյան հայկական ճարտարապետության հիանալի օրինակներ, ցնցող արշավային արահետներ, եզակի թանգարաններ և նույնիսկ ռաֆթինգ։ Դեբեդի ձորում կարող եք գտնել բազմազան զբաղմունքներ, որոնք այս շրջանը դարձնում են ճամփորդության համար կարևոր ուղղություններից մեկը: Ահա այն հիանալի տարբերակները, որոնք անպայման արժե անել, երբ հայտնվեք Դեբեդի կիրճում:

1. Բացահայտեք Հայաստանի հյուսիսի հոգևոր ժառանգությունը

Դեբեդի կիրճում են գտնվում Հայաստանի ամենատպավորիչ վանքերից մի քանիսը, որոնք միջնադարյան հայկական ճարտարապետության իսկական գլուխգործոցներ են: Կարևոր այցելությունների թվում է Օձունի 5-7-րդ դարի բազիլիկ տաճարը (մեզ հասած վաղ քրիստոնեական բազիլիկ տիպի տաճարներից մեկը), 10-րդ դարի Ախթալայի բերդ և վանական համալիրը իր հմայիչ որմնանկարներով, որոնք բացառիկ են իրենց կատարմամբ: Բյուզանդական կայսրության ավանդական սահմաններից դուրս այդ արվեստի լավագույն նմուշներից է 12-րդ դարի Քոբայրի վանքը, որը կառուցված է ձորի արևմտյան կողմում գտնվող ժայռի վրա: Դեբեդի կիրճը հայտնի է Հաղպատի և Սանահինի վանքերով, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ներկայացնելով հայկական և բյուզանդական ճարտարապետական ​​ավանդույթների միաձուլումը ՝ երկու վանքներն էլ միջնադարյան Հայաստանի կրթական հիմնական կենտրոններն էին, որտեղ դասավանդվում էին աստվածաբանություն, մաթեմատիկա, բնագիտություն, հումանիտար գիտություններ և այլն: Դեբեդի կիրճի մշակութային և պատմական վայրերի մասին ավելին կարդացեք մեր կայքում:

2. Քայլեք Դեբեդի կիրճի տպավորիչ արահետներով

Դեբեդի կիրճում կարող եք գտնել ուրույն արշավային արահետներ, որոնք ունեն հիասքանչ տեսարան դեպի կիրճը և կապում են միջնադարյան վանքերն ու Հայաստանի հյուսիսում գտնվող գողտրիկ փոքրիկ գյուղերը: Յուրաքանչյուր արահետ արշավականներին հնարավորություն է տալիս հայտնաբերելու Դեբեդի կիրճի տարբեր հատվածներ: Կարող եք քայլել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երկու համալիրների `Սանահինի և Հաղպատի վանքերը կապող արահետով և ճանապարհին այցելել Կայանբերդ: Կարող եք նաև քայլել Հաղպատից Ծաղկաշատ գյուղ տանող «Մոշի ուղի» արահետով, որը ձեզ տանում է մոշի անտառ, որտեղ կարող եք անվերջ վայելել այս հատապտղի վայրի համը: Քայլարշավներ սիրող ցանկացած մարդու համար պարտադիր է անցնել Քոբայրից Օձուն տանող արահետով: Սա այս շրջանի ամենագեղեցիկ արշավային արահետներից է, որը ձգվում է Դեբեդի ձորի ձախ լանջով՝ 12-րդ դարի Քոբայրի վանքից մինչև Օձուն գյուղ՝ անցնելով խորհրդավոր Հոռոմայր վանքի դիմացով: Դեբեդի կիրճում արշավների մասին ավելին իմանալու համար կարդալ այս հղումով։

3. Այցելեք Ամենայն Հայոց Բանաստեղծի տուն-թանգարան

Գտնվելով գեղատեսիլ բարձրադիր սարահարթի վրա, դեպի Դեբեդի կիրճը բացվող հոյակապ տեսարանով, Դսեղ գյուղը այս շրջանի ամենահայտնի ճանապարհորդական վայրերից մեկն է, քանի որ այն հայ մեծագույն գրողներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվին և մեծացել շրջապատված լինելով տեղական բանահյուսությամբ և Լոռու հոյակապ գեղեցկությամբ: Մարդկանց կենցաղը, նրանց ներաշխարհը, իմաստությունն ու զգացմունքները և Լոռվա բնությունը Թումանյանի համար ոգեշնչման հիմնական աղբյուրներն էին: Նա գրել է բանաստեղծություններ, քառյակներ, վեպեր, առակներ, քննադատական ​​և լրագրողական հոդվածներ: Երկու օպերաներ են ստեղծվել է Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև նկարահանվել են մի շարք կինոնկարներ: Նրա հեքիաթները հայ մանուկների համար ամենից գունագեղ և հոգեհարազատ կերպարներն ունեն: Այսօր այն տունը, որտեղ ծնվել և մեծացել է Հովհաննես Թումանյանի վերածվել է իր անվան տուն-թանգարանի: Գյուղի կենտրոնում գտնվող թանգարանում տեղակայված են շուրջ 300 ցուցանմուշներ, որոնք այցելուներին պատմում են Թումանյանի կյանքի և գործունեության մասին։

4. Վայելեք Դեբեդի կիրճի խոհարարական ավանդույթները

Հայաստանի մարզերով շրջելիս տեղական խոհանոցի համտեսումը ճանապարհորդական փորձի կարևոր մաս է կազմում: Հայկական խոհարարական ավանդույթները լայնորեն ներկայացվում են տարբեր փառատոների ընթացքում, որոնցից երկուսը տեղի են ունենում Դեբեդի ձորում․ «Խորովածի փառատոնը» Ախթալայում և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» Դսեղ գյուղում:

2009 թվին մեկնարկած Ախթալայի խորովածի փառատոնը Հայաստանի ամենահայտնի փառատոններից մեկն է և հիանալի հնարավորություն է համտեսելու հայկական խորովածի պես-պես տեսակները մեկ վայրում: Խորովածը հայերի ժամանակակից խոհանոցում ամենից սիրված ուտեստն է: Այն անգամ հատուկ ծես ունի՝ «Խորովածի պարը», որը կատարվում է հարսանեկան երեկույթների ժամանակ:

Երկրորդը 2019 թվականին հիմնադրված «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնն է, որը ուսումնասիրում է ուտելի խոտաբույսերի դերը Հայաստանի և Լոռու մարզի տեղական խոհանոցում: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեն համտեսել մարզում աճող ուտելի խոտաբույսերով պատրաստված տարբեր ավանդական ուտեստներ, ինչպես նաև մասնակցել պատրաստման սեմինարներին՝ նոր բաղադրատոմսեր սովորելու համար:

5. Փորձառեք ռաֆթինգը Դեբեդ գետի վրա

Իհարկե ռաֆթինգը առաջին բանը չէ, որ գալիս է ձեր մտքին, երբ մտածում եք Հայաստանի մասին: Եվ չնայած սա նոր փորձառություն է Հայաստանում, այն արդեն իսկ մեծ տարածում է գտել տեղացիների շրջանում: Դեբեդի հոյակապ ձորը Հայաստանում ռաֆթինգի համար լավագույն տեղանքն է, ուստի տարածաշրջանում ճամփորդելիս արժե ներառել Դեբեդ գետի վրա ռաֆթինգը ձեր ծրագրերի մեջ:

Դեբեդի կիրճում գործունեություն ծավալող երկու ընկերությունների միջոցով կարող եք փորձառել ռաֆթինգով շրջագայությունները: Rafting in Armenia-ն սկսում է իր շրջագայությունը Թումանյան քաղաքի մոտակայքում: Նրանց երթուղին ունի 10 կմ երկարություն և ներառում է մի քանի լրացուցիչ զբաղմունքներ, ինչպիսիք են հին կամրջից Դեբեդ գետը նետվելը կամ լաստանավի հետնամասով գետի մեջ սահելը: Rafting.am-ի թիմը առաջարկում է այլ երթուղի, որն ընդգրկում է Դեբեդ գետի հատվածը Ալավերդի և Ախթալա քաղաքների միջև:

6. Վայելեք հանգստացնող կավե թերապիա Սանահինում

Հարստացրեք ձեր փորձառությունը Սանահին գյուղում ՝ մասնակցելով կավե թերապիայի դասընթացին Սանահինի Կավի տանը: Երիտասարդ ձեռներեց Ալլա Ավետիսյանի կավե թերապիայի այս կենտրոնը այցելուներին առաջարկում է տարբեր զբաղմունքներ՝ համատեղելով արվեստը և առողջական պրոցեդուրաները, ինչպես նաև ճանապարհորդներին ներկայացնում է հայկական գյուղի ավանդական կենցաղը: Գյուղացիների կողմից առօրյա կյանքում օգտագործվող իրերն ու գործիքները ցուցադրվում են խեցեգործական տան արտադրամասում: Կավի տանը առաջարկվող ծառայությունները ներառում են հանգստացնող մերսում, մարմնի կավով փաթաթում, հրաբխային բազալտե տաք քարերով թերապիա, կավե մեդիտացիոն թերապիա, տարբեր հետաքրքիր դասընթացներ, ինչպես նաև գիշերակաց 4-6 հոգու համար։

7. Աշխատանքային հանգիստ Դեբեդ․Լայֆում

Դեբեդի կիրճի հիասքանչ բնությունը, նրա հեռավոր գյուղերի անդորրը հիանալի հանգրվան են այն անկախ աշխատողների համար, ովքեր հոգնել են մեծ քաղաքի եռուզեռից և փնտրում են հանգիստ անկյուն իրենց աշխատանքային նախագծերի վրա կենտրոնանալու համար: Այդպիսի վայրերից մեկն է Դեբետ գյուղում գտնվող Debed․Life քովորքինգ նախագիծը: Այն հիմնադրել է դիզայներ և ձեռնարկատեր Տաթևիկ Աղաբաբյանը, ով Հայաստան է տեղափոխվել 15 տարի Գերմանիայում ապրելուց հետո: Սկզբում Տաթևիկի նախատեսել էր ստեղծել մի փոքր թաքստոց իր համար, բայց գաղափարն ավելի մեծացավ ՝ վերածվելով ընդհանուր բնակելի տարածքի, որտեղ համախոհները կարող էին ապրել և աշխատել միասին հարմարավետ միջավայրում:

Image source: Debed.Life's Facebook page.

8. Ծանոթացեք ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի գործունեությանը

2004 թվին հիմնադրված «Հայաստանի Մանուկներ» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է շրջաններում բնակվող հայերին բարգավաճման ուղիներ առաջարկել երեխաների համայնքային զարգացման ծրագրերի միջոցով: Աշխատելով հիմնականում երեխաների և երիտասարդների հետ, COAF-ն իրականացնում է կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր: COAF SMART-ը այս հիմնադրամի նորարարական նախաձեռնություններից մեկն է, որը նպատակ ունի հզորացնել Հայաստանի գյուղերի երիտասարդությանը՝ ընձեռելով հնարավորություններ նրանց հետաքրքրություններն ու կարողությունները զարգացնելու համար։ Առաջին SMART կենտրոնը բացվեց 2018-ի մայիսին Հայաստանի Լոռու մարզում ՝ Դսեղ գյուղ տանող ճանապարհից դուրս, Դեբետ գյուղի հանգույցում: SMART կենտրոնը կրթության և նորարարության գերժամանակակից ուսումնարան է և հասանելի է մարզում ապրող ավելի քան 250,000 մարդու` ապահովելով ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսներ, խրախուսելով գաղափարների համագործակցությունը և պահպանելով քննադատական ​​մտածողության վրա հիմնված կրթության ամենաբարձր որակի ուսուցման ստանդարտները: Ռոբոտաշինության գտելիքների և ՏՏ ոլորտում թվային գրադարանների, լեզուների դասընթացների, արվեստի և երաժշտության, ձեռնարկատիրության, օրգանական գյուղատնտեսության և տնտեսական կայունության հասանելի դարձնելը կազմում եմ յուրաքանչյուր կենտրոնի հիմքը:

9. Ուսումնասիրեք հայկական բանահյուսությունը Հեքիաթի Տանը

Հեքիաթի Տունը, որը գտնվում է Փամբակ գյուղում, Դեբեդի կիրճում մի եզակի վայր է, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ տեղի լեգենդներին, ավանդույթներին, ծեսերին, հին տոներին և բանահյուսությանը: Հովհաննես Թումանյանի հեղինակած հեքիաթների շնորհիվ Դեբեդի կիրճի և ողջ Լոռու մարզի տեղի կյանքը շատ սիրելի են դարձել մարդկանց համար․ Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը, Կիկոսի Մահը, Խոսող Ձուկը … Այս և այլ պատմվածքները Հեքիաթի տանը հյուրերին ներկայացվում են ձեռագործ տիկնիկների, տիկնիկային և ստվերային թատրոնների ներկայացումների, ինչպես նաև ժողովրդական ծեսերի միջոցով: Այցելուները կարող են տեսնել հացի թխման և պանրի պատրաստման գործընթացը, նաև փորձել տարբեր խոտաբույսերով թեյեր, որոնք տարածված են տեղական խոհանոցում:

Image source: House of Fairy Tale Facebook page.

10. Տեղափոխվեք խորհրդային ժամանակներ Միկոյան եղբայրների թանգարանում

Միկոյան եղբայրների թանգարանը արժե այցելել, եթե հետաքրքրված եք խորհրդային պատմությամբ և ժառանգությամբ, քանի որ այն նվիրված է երկու հայտնի խորհրդային շրջանի հայերի՝ կոմունիստ հեղափոխական և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Անաստաս Միկոյանին և նրա եղբորը՝ Արտեմ Միկոյանին։ Վերջինս ավիացիայի հայտնի դիզայներ էր, ով Միխայիլ Գուրեվիչի հետ միասին նախագծել է ՄիԳ ինքնաթիռը: Սանահին գյուղում գտնվող այս եզակի թանգարանում ցուցադրված են Արտեմ Միկոյանի նախագծած ՄիԳ-21 ինքնաթիռներից մեկը, և Անաստաս Միկոյանի ԳԱԶ 12 ԶԻՄ լիմուզինը։ Այստեղ կարող եք տեսնել նաև Միկոյան եղբայրների կյանքի և գործունեության մասին պատմող տարբեր առարկաներ, ինչպիսիք են հագուստը, տարբեր սարքավորումները, պաստառները և նույնիսկ սնունդը: