Գտնվելով Հայաստանի հյուսիսում ՝ Լոռու մարզում, Դեբեդի կիրճը և նրա ցնցող բնապատկերները գրավում են ճանապարհորդներին ամբողջ Հայաստանից: Հոյակապ տեսարանները և միջնադարյան շլացուցիչ ճարտարապետությունը Դեբեդի կիրճը դարձնում են երկրի ամենահայտնի ուղղություններից մեկը: Լոռու ձորի թավ անտառները, այնտեղ ծվարած հին եկեղեցիներից ու խաչքարերից զատ, հարուստ են նաև ժողովրդի կողմից պաշտամունքի վայր դարձած բնության հուշարձաններով։ Այս, կարծես, դրուիդական կամ բնապաշտական ավանդույթը լուռ անցել է ներկա սերունդներին, ովքեր կարող են ուխտագնացություն անել դեպի մոտակա հսկա հազարամյա ծառը կամ հավաքվել անտառի մեջ վեր խոյացող ժայռի շուրջ։ Այս ավանդույթները ներդաշնակորեն միահյուսվել են քրիստոնեական մշակույթի հետ։


Ծառապաշտության տեսանկյունից այցելության հատկապես արժանի է Ակներ գյուղի դարավոր բռնչենին։ Գյուղացիներն այն անվանում են Ակների հրաշք՝ հավելելով, որ դարավոր ծառն իրենց համար մեծ նշանակություն ունի: Նրանք հավաքվում են դրա տակ զրուցելու և շփվելու համար, իր ստվերում կազմակերպում են տարբեր միջոցառումներ, օգտագործում են այն որպես թատերական ներկայացումների բեմ, և ոմանք նույնիսկ համեմատում են այս բռնչենին եկեղեցու հետ, այնքան ամուր է նրանց կապը դրա հետ:


Բնության հուշարձաններից այցելության համար առավել հասանելի է Դսեղի Ծովերը՝ անտառների մեջ պատսպարված մի լիճ, որը տեղացիների հանգստի սիրելի վայրերից է։ Այն գտնվում է Դսեղ գյուղից մոտ 4 կմ հարավ-արևելք: Ծովերը կատարյալ թաքստոց են նրանց համար, ովքեր ձգտում են խաղաղություն և հանգստություն գտնել: Այն նաև հիանալի վայր է ճամբարային գիշերակացի կամ բացօթյա խնջույքների համար։


Օձունի հարևանությամբ գտնվող Արդվի գյուղը Սուրբ Հովհաննես եկեղեցու կողքին ունի նաև «Օձի Պորտ» կոչվող բնության հուշարձանը։ Պատմում են, թե Հովհան Օձնեցին, ով թաղված է Արդվիի այս եկեղեցում, գյուղը պաշտպանել է երկու հսկայական վիշապներից՝ խաչով հարվածելով նրանց գլխին։ Վիշապները քար են կտրել և դրոշմվել գյուղի մեծ ժայռի վրա։ Ըստ մեկ այլ ավանդության, ժամանակին մոտակայքում ապրում և ուսուցանում էր մի հին իմաստուն, ով ուներ յոթ աշակերտներ: Երբ իմաստունը իմացավ գյուղացիներին սարսափեցնող վիշապի մասին, նա իր աշակերտներից մեկին խնդրեց գնալ և պարզել, թե այդ ինչ արարած է, սակայն աշակերտը այլևս չվերադարձավ: Մեկ առ մեկ բոլոր աշակերտները գնում էին վիշապի դեմ կռվելու, բայց այլևս չէին վերադառնում: Իմաստունը որոշեց գնալ փնտրելու իր հետևորդներին և շուտով նա նույնպես հանդիպեց վիշապին: «Քարի վերածվիր և թող սրտիցդ մի բուժիչ աղբյուր գա», բացականչեց իմաստունը ՝ իր գավազանով հարվածելով վիշապին: Վիշապն անմիջապես քար կտրեց, և ենթադրվում է, որ այստեղով հոսող բարակ առվակի ջուրն ունի բուժիչ հատկություններ:


Դեբեդ գետի ձախ կողմում՝ Ձորագետ վտակի վրա ՝ Արևածագ գյուղի հովտում, գետի մուգ կանաչ ջրերից վեր է խոյանում մի հսկայական: «Ցից քար» անունով հայտնի այս բնության հուշարձանը վերջերս մեծ անուն է ձեռք բերել տեղի բնակիչների շրջանում, և անգամ շատերի կողմից պայմանականորեն կոչվել է «Հայաստանի Թաիլանդ»՝ Թաիլանդի հարավում գտնվող կրաքարային ժայռերին իր նմանության համար: Չնայած տեխնիկապես Ցից քարը Դեբեդի կիրճում չէ, բայց այնուամենայնիվ արժե այցելել, մանավանդ եթե սիրում եք արշավներ: Սկսեք Ձորագյուղ գյուղից և քայլեք դեպի 7-12-րդ դարերի Հնեվանքի համալիրը, ապա այնտեղից շարունակեք դեպի Արևածագ գյուղի ուղղությամբ, և շուտով ձեր աջկողմում կտեսնեք հայտնի ժայռը։


Զարնի-Պարնի քարանձավային և ամրոցային համալիրը ևս մեկ հոյակապ բնության հուշարձան է, որը գտնվում է Դեբեդի կիրճի հյուսիսում `դեպի Հաղպատ գյուղ տանող ոլոր ճանապարհից դուրս: Համալիրը բաղկացած է երեք քարանձավներից, որոնք հայտնի են որպես «Զարնի Էր» (Էր՝ այր), «Պարնի էր» և «Ծակ էր» անուններով: Զարնի-Պարնի քարանձավները ամրացվել են վաղ միջնադարում և օգտագործվել որպես մոտակա Հաղպատի վանքի ձեռագրերի թաքստոց: Միջնադարյան հայ անվանի գիտնական Հովհաննես Սարկավագը, որը հայտնի էր աստվածաբանության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, գրականության վերաբերյալ իր աշխատանքներով, 11-12-րդ դարերում այս քարայրներում ապրել է որպես ճգնավոր: Վերջերս կատարված վերանորոգումից հետո Զարնի-Պարնի համալիրը դարձել է հայտնի զբոսաշրջային վայր, որն այցելուներին առաջարկում է տարատեսակ ծառայություններ, այդ թվում տեղի բնակչության ապրելակերպին և մշակույթին նվիրված թանգարան: