Եթե մի օր որոշեք Հայաստանը փորձառել անսովոր ուղիներով, անպայման հեծանիվով անցեք երկրի թեկուզ մի փոքր հատվածը։ Մենք՝ ճամփեքով ոգեշնչվող մի զույգ, սեպտեմբերին որոշեցինք հեծանվարշավ անել դեպի Դեբեդի կիրճ։ Դեռևս գողտրիկություն պահպանած այս շրջանը բազում գաղտնիքներ ուներ, որոնք ուզում էինք հատ առ հատ բացահայտել՝ ցանկացած պահին հեծանիվը արգելակելով ու վայելելով ձորի լույս ու ստվերը։ Մեր սկզբնակետը Երևանն էր, իսկ հեծանիվով մինչև Լոռու ձոր հասնելը մեզնից մի քանի օր կպահանջեր։ Այստեղ միշտ պետք է հիշել, որ Հայաստանը ունի գնացքներ, որոնք կարող են դեպի հյուսիս մեր ճանապարհը կրճատել։ Եվրոպական երկրներում գնացքով քաղաքից-քաղաք հեծանիվդ տեղափոխելը ընդունված պրակտիկա է՝ դրա դիմաց երկրորդ տոմսը գնելով։ Հայաստանում դեռ մարդիկ սովոր չեն այս մշակույթին, ուստի այս գնացքներում քո հեծանիվն ունի իր անվճար տեղը։

Երևանից դուրս եկանք Սասունցի Դավիթ կայարանից և ուղևորեցինք դեպի Գյումրի։ Երեք ժամ անց արդեն երթևեկում էինք Գյումրիի մեքենաներին զուգահեռ և ճանապարհ բռնում դեպի Ջաջուռի ոլորանները։ Մինչ այս պահը ամեն ինչ շատ քաղաքակիրթ ու հարմարավետ էր թվում․ Շիրակի հանդերը, հեռվում հանգիստ թիկնած սարերը, նեո-կլասիկ կիսադատարկ շինությունները, որակյալ ասֆալտը և մեղմ արևը։ Ջաջուռի գունագեղ ցուցանակից հետո սկսվում է անվերջ թվացող վերելքը։ Ճիշտ է՝ ասում են, եթե կյանքում դժվար է, ուրեմն հեծանիվ քշելու պես դեպի վեր ես ելնում, բարձունքներ ես նվաճում, հետևաբար ի վերջո հասնում ես նպատակիդ։ Բայց Ջաջուռի գալարապտույտները ուղիղ արևի տակ բարձրանալիս բացարձակ չես հիշում այս կյանքի իմաստուն խոսքերը, միայն կառավարում ես շնչառությունդ ու դանդաղ պտտում ոտնակները։ Այս ոլոր ռուբիկոնը անցնելուց հետո գալիս է ազատ անկման հերթը։ Դեպի Դեբեդի ձոր գնացող այս ճամփան իսկական ռոլեր-քոսթեր է, կամ բառացիորեն ասած՝ հայոց սարուձոր, իսկ հեծանիվը լավագույն միջոցն է ամբողջությամբ զգալու այս լեռնային ալիքները։

Բարեկարգվող ճամփաները և ենթակառուցվածքները ոչ մի ճամփորդի չեն թողնի առանց ջրի և ուտելիքի։ Իսկ արդեն Վանաձոր մտնելիս միշտ հնարավոր է առաջին օգնություն ցույց տալ հեծանիվին, քանի որ քաղաքի արևմտյան եզրով իրար կողք շարված են մեքենաների արհեստանոցները։ Վանաձորի ներսում հեծանվորդները հարազատ անկյուն կգտնեն Boo Mountain Bike-ի հյուրատանը, ովքեր կազմակերպում են տարբեր հեծանվարշավներ ու մրցույթներ։ Մենք շարունակեցինք դեպի Փամբակ, այնտեղի Հեքիաթի Տանը գիշերելու համար։ Բախտներս բերել էր, որ տանտիկինը՝ արվեստագետ Հասմիկ Բաղրամյանը այդ օրը տեղում էր, քանի որ իր տան բոլոր հեթիաթներն ու տիկնիկները իր ներկայացման միջոցով կենդանացան ու մեզ մեկ ուրիշ հարթություն տեղափոխեցին։ Իսկ փայտե տանիքի տակ, որի արանքներով սկյուռիկներ էին վազվզում, տաք վերմակներով քնելը հոգնած հեծանվորդների համար ասես դրախտ լիներ։

Փամբակից հետո կիրճի ճանապարհը դեպի ներքև է իջնում՝ հասնելով մինչև ծովի մակերևույթից 380 մետր բարձրության, որը Հայաստանի տարածքում ամենացածր հատվածն է։ Այս անջանք ու սահուն սլանալը վայելելու կողքին երկուսս էլ մտածում էինք, որ այսքանը դեռ ետ դեպի վեր քշել կա։ Բայց Դեբեդում ամեն ինչ միանշանակ չէ։ Հեծանիվի թափքին ձիգ կապել էինք մեր վրանը, որն այդ օրը մեզ հյուրընկալեց Դսեղի սարերում։ Մի լավ շունչ քաշեք Դսեղի օձագալարը բարձրանալուց առաջ, հեծանիվը դրեք ամենաթեթև արագության վրա ու մտասևեռված հրեք ոտնակները։ Հավատացեք, վերևում ձեզ սպասվում է մի տեսարան, որի համար արժե հոգնել։ Դսեղի WOW Glamping բարձացանք հեծանիվների հետ քայլելով այս գրունտային ճանապարհը։ Վերևում կար խարույկ, ջերմ միջավայր, վայրի խնձորենիներ ու տաք ջրով ցնցուղ։

Դսեղ գյուղը Դեբեդի կիրճի այն բնակավայրերից է, որը զարգացել է էկո-տուրիզմի տեսանկյունից։ Գյուղի ներսում բացի ՏՈւԿ վրանային գոտուց կա նաև 8կմ հեծանվային երթուղի, որ շրջանցում է գյուղը։ Կարող եք մի փոքր շեղվել երթուղուց և պինդ գրունտային արահետով քշել մինչև դսեղցիների սիրելի Սիրուն Խաչը։ Այս ճանապարհին կտեսնեք Ձախիձորը, Մարցագետը, դիմացի սարերին ծվարած Քարինջ գյուղը, որը հենց այդ դիրքից վրձնել էր Սարյանը իր հայտնի կտավում։ Արահետի մյուս ծայրը մեզ բերեց ուղիղ Սոնա հյուրատան դարպասների մոտ, որտեղ մեզ դիմավորեցին տիկին Անահիտն ու իր ամուսինը, և մեր զով երեկոն ջերմացրին սարի ուրցով ու իրենց տնական մուրաբայով։

Իսկ ինչե՞ր կային ձորի մյուս կողմում։ Տարբեր մարդկանցից տեղեկացանք, որ դիմացի Ձորագյուղից դեպի Արևածագի ձոր գծանշված հեծանվային երթուղի կա։ Գյուղացիներից մեկն ասեց՝ իսկական հեծանիվի ճամփա է։ Որպես լավ ընկերոջ խորհուրդ․ գնացեք այս ճամփով, եթե ձեռքներիդ տակ լեռնային հեծանիվ է, որի թափքին ոչ մի պայուսակ չկա և ունեք իսկապես ամուր մկանային ու նյարդային համակարգ։ Մայրուղուց դեպի Ձորագյուղ քարքարոտ ու սահող զառիվեր ճամփա է, իսկ գյուղից դեպի ձոր՝ պինդ գրունտի, քարքարոտ ավիրված ճամփի ու զարմանալիորեն գոյատևած խորհրդային շրջանի ասֆալտի համադրություն։ Մեր պարգևատրումը եղան Հնեվանքի համալիրը և հայտնի Ցից քարը տեսնելը։ Իսկ հետո նորից մի քանի կիլոմետր զառիվեր քարքարոտ արահետ, որը ի վերջո մեզ դուրս բերեց Արևածագ գյուղ։ Հայտնվեցինք Դեբեդի կիրճի ձախ ափին և մի քանի կիլոմետր էինք հեռու մարզի ամենամեծ գյուղից՝ Օձունից։ Այսքան դղրդուն ճամփաներից և մի քանի կիլո պայուսակներով բեռնված հեծանիվները դեպի վեր հրելուց հետո, մոտ տասը կիլոմետր Արևածագ-Օձուն հարթ ճամփան անցել ենք լույսի արագությամբ՝ ագահորեն պտտելով անիվները և սլանալով եգիպտացորենի ու ծխախոտի արտերի միջանցքով։

Բայց Թումանյանն ասում է՝ քեֆ անողի քեֆը չի պակասի։ Եվ ուրեմն՝ գրունտով հեծանիվ հրողին մինչև օրվա վերջ էլ կհետևի այս քարքարոտ ճամփան, քանի որ Օձունում որոշել էինք մնալ Սերգեյի մոտ, իր հարմար ու ջերմ հյուրատանը, որը գտնվում էր գյուղի ամենավերևի հատվածում՝ դեռևս չբարեկագրված ճանապարհի եզրին։ Ի՞նչ պետք է անի հեծանվորդը այսքանից հետո․ ճիշտ է՝ խմի Սերգեյի քաշած մեղրի օղին, երկար զրուցի իր ու տիկին Ազնիվի հետ և գնա հորիզոնական դիրք ընդունելու։

Միանշանակ պետք է հեծանիվով անցնել Օձուն-Ստեփանավան ճանապարհը։ Դե մինչ այդ արդեն սովոր կլինեք վերև-ներքև, շնչել-շնչակտուր լինել վիճակներին, ուստի այս հատվածները կթվան համեմատաբար հեշտ, իսկ բնապատկերը պարզապես ձեզ կստիպի անընդհատ արգելակել ու երկար նայել ձորին։ Ստեփանավանից դեպի Վանաձոր ճանապարհին պետք է հաղթահարեինք մի քանի վեր գնացող ոլորաններ և մոտ երկու կիլոմետր երկարությամբ թունել։ Անվտանգության և ժամանակ խնայելու համար քաղաքում մեծ չափի մեքենա գտանք, որի մեջ տեղավորեցինք մեր հեծանիվները և անվտանգ դուրս եկանք թունելի մյուս ծայրում։ Ովքեր որոշեն այս հատվածը այնուամենայնիվ հեծանիվով հաղթահարել, ասեմ, որ ոլորանները կտրուկ թեքության չեն և ճամփեզրը բավարար է առանց վթարի քշելու համար։

Վանաձորում կարող եք երթևեկել քաղաքի արդյունաբերական հատվածներով, այցելել մի քանի թանգարաններ ու դուրս քշել դեպի Դիլիջան։ Մարգահովիտով անցնելիս մի պահ դադար տվեք Armenia Tree Project-ի Օհանյան հյուրատանը, ծանոթացեք նրանց ջերմոցին և բնության հետ ներդաշնակ ապրելու ռիթմին։ Լոռվա այս թավ բնության մեջ կարող եք եզրափակել ձեր հեծանվարշավը և հաջորդ օրն արդեն ճամփա բռնել դեպի հարևան Տավուշ։