Հայաստանի ամեն մի անկյունն ունի իրեն բնորոշ խոհանոցը, որը ձևավորվել է ավանդույթների հիման վրա և տեղական բարիքներով։ Լոռու ձորի բազմազան բուսականության շնորհիվ շրջանի խոհանոցը ունի իր ուրույն համն ու հոտը։ Ժողովուրդը իր տնական ճաշերի մեջ օգտագործում է կանաչեղեն, տարբեր հատապտուղներ և կաթնամթերք։ Եթե հայտնվեք տեղացիների տանը, հարցրեք տեղի պես-պես պանիրների մասին, հատկապես հայտնի չեչիլ և մոթալ պանիրները։ Մոթալ պանրի պատրաստումը բավականին ժամանակատար է։ Այն հիմնականում պատրաստում են օդաներում՝ սարերում վրանների մեջ ժամանակավոր ապրող գյուղացիների մոտ։
Չեչիլ պանրի պատրաստումը ավելի հեշտ է և այն կարող եք գտնել նաև տեղի հյուրատներում։ Փամբակ գյուղի Հեքիաթի Տանը կարող եք ներկա լինել պանրի պատրաստման և հացի թխման արարողակարգերին։ Այս յուրօրինակ թանգարան-թատրոնում կարող եք համտեսել նաև տեղի խոտաբույսերով թեյերը թարմ հաց ու պատնրի հետ միասին։
Դեբեդի կիրճի գյուղերում մարդիկ սիրում են յուղոտ կաթնամթերքը։ Սիրելի ուտեստներից է յեղուշորը, ղայմախը, ագդակը, որոնք մածունի, կաթնաշոռի կամ թթվասերի ու կարագ/յուղի համադրմամբ են ստանում։ Նրանք դա ուտում են նախաճաշին կամ օրվա ցանկացած այլ ժամին, քանի որ դրանք մեծ ուժ են տալիս հողի վրա աշխատող մարդկանց։ Ցանկացած տեղացի ընտանիքի հարցրեք այս ուտեստների մասին, նրանք բացի հյուրասիրելուց, անչափ կուրախանան ձեր՝ այս ուտելիքների մասին ունեցած գիտելիքի առիթով։
Ինչպես բոլոր հայերը, լոռեցիները նույնպես մսակեր են և ունեն հայտնի խորովածի իրենց պատրաստման ձևերը։ Դեբեդի կիրճի թավ անտառները մեծ արոտավայրեր են խոզերի, ոչխարների, այծերի ու կովերի համար։ Այստեղի խոզի խորովածը հատկապես համեղ է, քանի որ խոզուկները սնվում են անտառների վայրի կաղիններով և ջրալի խոտով։ Ավանդական ուտեստներից է խոզի գլխով կորկոտը, որը տեղացիները պատրաստում են հատուկ առիթներով կամ տոնակատարությունների ժամանակ։
Բուսակերները նույնպես կգտնեն իրենց հարմար բազբազանն ուտեստներ։ Բանջարեղեններից ճաշերի մեջ բնորոշ է օգտագործել կանաչ լոբին՝ խրթեշը, երբ լոբին չորացնում, ապա եփում են։ Կարմիր լոբին եգիպտացորենի և ձավարի հետ միասին եփելով ստանում են հայտնի «Ծանդիլ» կերակուրը։ Աշնանը կարող եք ճաշակել նաև դդումով և լոբով ճաշը։ Ամենից յուրահատուկը այս շրջանի համար հոնով կամ մամուխով ապուրն է, վերջինս հայտնի է «Զիմբել» անունով։ Շատ են պատրաստում նաև փիփերթով, եղինջով կամ զիմելով (հավակատար) ուտեստները։ Այս ապուրների մեջ հիմնականում չեն ավելացնում որևէ հացահատիկ կամ բանջարեղեն, այլ ուտելին մատուցում են իր իսկ բնական ու պարզ համով։
Բացի հողագործությունից և անասնապահությունից, տեղացիներից շատերը զբաղվում են մեղվաբուծությամբ և ունեն իրենց սեփական մեղրը։ Տնական ջեմերի հետ միասին, մեղրը նույնպես կարևոր մաս է կազմում նախաճաշի սեղանին։ Քաղցրավենիքներից պատրաստում են գաթա կամ քաղցր հաց՝ նազուկ, որը իհարկե պատրաստում են ողջ Հայաստանում, բայց Դեբեդի ժողովուրդը այն պատրաստում է փափուկ, քաղցր հացի նման։ Ըստ ավանդույթի, այս գյուղերի տներն ունեցել են տան պատի մեջ արված փուռ, որտեղ ճաշեր պատրաստելուց հետո, վերջում դրել են նազուկը՝ փռի բերանը քաղցրով փակելու համար։
Այս շրջանում տեղացիները սիրում են նաև թունդ խմիչքներ։ Գրեթե բոլոր տներում օղի են ստանում իրենց բակի պտուղներից կամ բնության մեջ առատ աճող տարբեր հատապտուղներից։ Օձունցի Սերգեյ Դավթյանն անգամ օղի է ստանում իր մեղուների տված մեղրից։ Մեղվաբուծության և օղու թորման վարպետաց դասերի կարող եք ներկա գտնվել հենց Օձուն հյուրատանը։ Խորովածի պատրաստման ընթացքը կգտնեք ինչպես այստեղ, այնպես էլ Հաղպատի Քեֆիլյան ռեստորանում։ Սերգեյի Օձունի տանը կգտնեք միայն իրենց ընտանիքում պատրաստվող «Զիբեթ» կերակուրը՝ տավարի մսով և բանջարեղեններով, որը անվանել են այս ուտեստի հեղինակի՝ Սերգեյի մոր անունով։
Այլ փորձարարական և ժամանակակից խոհանոցներ կարող եք գտնել Դեբեդի կիրճի տարբեր անկյուններում։ Դեբեդ․Լայֆ-ում և Կոնցեպտ հյուրանոցի ռեստորաններում կարող եք համտեսել տեղական հումքից պատրաստված միջազգային ուտեստներ։ Եթե փնտրում եք ավելի ստեղծագործ միջավայր, այցելեք Վահագնաձորր գյուղի մոտ՝ М6 մայրուղու վրա գտնվող նորաբաց Անգար բար-ռեստորանը, որը ունի բացօթյա և փակ հատվածներ, արվեստի անկյուն և համտեսի սրահ, որտեղ կհամտեսեք տեղական մի քանի օղիներ։ Այս կողմերում զգույշ եղեք տեղացիների հյուրասիրության և օղու չափաքանակից, որպեսզի օրվա վերջում հարբած չվազեք Դեբեդի խորը կիրճում։