Յուրօրինակ փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրված են հազարավոր լուցկու տուփի պիտակներ: Այստեղ կարող եք գտնել բազմաթիվ ազգային տարազներ և կնիքներ, հանրակրթական, տիեզերական պատկերներ և, իհարկե, տարատեսակ խորհրդանշային թեմաներ արտացոլող պիտակներ: Հիանալի վայր կանգ առնելու և վերապրելու յորահատուկ փորձառություն:
Ամենահին կտորը անգլիական լուցկու տուփի պիտակն է, որը թվագրվում է 1920 թվականին: Կան պիտակներ հայտնի մարդկանց նկարներով: Յուրահատուկ է Ալեքսանդր Պուշկինի գծանկարներով տպագրված լուցկու տուփերի շարքը: Կան պիտակներ ԽՍՀՄ ազգերի նկարներով: Ժամանակին մարդիկ լուցկու տուփերով նաեւ խաղացել են՝ դոմինո, կամ փազլ են հավաքել: Ե՛վ ԽՍՀՄ, եւ՛ եվրոպական երկրներում շատ էին տիեզերագնացության թեմայով լուցկու պիտակները։
Երկրները լուցկու պիտակների միջոցով ներկայացրել են իրենց սպորտային նվաճումները, մշակույթը, սովորույթները, քաղաքները, կենդանական ու բուսական բազմազանությունը: Շատ յուրահատուկ շարք կա, որը ներկայացնում է ավիամոդելավորման պատմությունը՝ ամենապարզ սավառնակից մինչեւ ժամանակակից ինքնաթիռ:
Շարքեր կան, որոնցում ներկայացված են լուցկու հատիկի արկածները: Յուրահատուկ ֆրանսիական շարք կա, որի պիտակները նկարում էին երեխաները:
Լուցկու տուփերն իսկապես տվյալ երկրի, տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքն էին: Այնպես որ, եթե փոքր-ինչ ծանոթ եք այս կամ այն երկրի մշակույթին, պատմությանը, հասարակական բարքերին ու սովորույթներին, անմիջապես կտարբերեք, թե որ երկրից է լուցկու տուփը:
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ. 14:00 – 18:00
Երկուշաբթի. ՓԱԿ
Վանաձորի և ողջ մարզի պատմությանը՝ հնագույն դարերից մինչ մեր օրեր, կարող եք ծանոթանալ այցելելով Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։ Այն գոյություն ունի 1938 թվականից, սակայն մինչև 2012 թիվը չի ունեցել մշտական տարածք։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 34,000 հնագիտական և ազգագրական նմուշներ։
Կերամիկայի, գորգերի, փայտագործության և այն ցուցանմուշները պատմում են Լոռու տարբեր բնակավայրերի ավանդույթների և կենցաղի մասին։ Թանգարանի թարմացված ցուցադրությունն այցելուներին Լոռու մարզը ներկայացնում է այլ, պատմագիտական տեսանկյունից։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 9:00 – 17:00
Կիրակի-երկուշաբթի․ ՓԱԿ
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ է կազմում Ալավերդու պատկերասրահը՝ հիմնված 1987 թվին։ 2009 թվին պատկերասրահը վերաբացվեց նոր շենքում։ Ցուցադրված են Սեյրան Խաթլամաջյանի, Արփենիկ Նալբանդյանի, Լուսիկ Ագուլեցու, Ռուբեն Շահվերդայնի և այլ արդիության շրջանի նկարիչների գործեր։ Կան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններ։
Պատկերասրահն ակտիվ մշակութային և կրթական գործունեություն է ծավալում՝ մասնակցելով միջազգային փառատոնների, կազմակերպելով դպրոցականների և ուսանողների համար կրթական այցեր։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ. 10:30 – 17:30
Կիրակի. 10:30 – 16:00
Երկուշաբթի. ՓԱԿ