Հեծանվային արշավներ

Դեբեդի կիրճի վերանորոգված գալար ճամփեքով հեծանիվ քշելը բացառիկ հաճույք է։ Եթե պատրաստ եք վերուվար քշելուն և հաճախ արագություններ փոխելուն, ուրեմն արժե հեծանիվով հասնել Լոռի։ Վանաձորում տեղակայված «Բու մաունթին բայք փարք» նախագիծը կազմակերպում է հեծանվարշավներ քաղաքի մեջ և ողջ մարզի տարածքում։ Այստեղ կարող եք նաև վարձակալել հեծանիվներ և տեղեկանալ հնարավոր երթուղիների մասին։

Դսեղ գյուղի ՏՈՒԿ («Տուրիզմի ուրույն կենտրոն») կենտրոնում և ՔՈԱՖ Այցելուների կենտրոնում նույնպես կգտնեք վարձով հեծանիվներ, որոնցով կարող եք ճամփորդել Դեբեդի կիրճով, կամ, օրինակ, շրջել 8 կմ երկարություն ունեցող Դսեղի օղակաձև արահետով՝ վայելելով գյուղի և Դեբեդի ու Ձորագետի կիրճերի կախարդական տեսարանները։

Ու՞ր գնալ հեծանիվով

Դսեղի օղակաձև երթուղի
գ․ Օձուն - Հոռոմայրի վանք - գ․ Արդվի - գ․ Օձուն
գ․ Դսեղ - Ծովեր լիճ
գ․ Ձորագյուղ - Հնեվանք - Ցից քար - գ․ Արևածագ

Քայլարշավներ

Դեբետի կիրճը բոլորին հիացնում է թե՛ իր բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով քայլելու եք, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի երկայնքով առկա ուղենիշերը ցույց կտան ճիշտ ճանապարհը։ Քայլարշավը միջին բարդության է և, միջին տեմպով քայլելու դեպքում, ամբողջ ճանապարհը կարելի է անցնել 4-5 ժամում։ Դուք ճանապարհորդելու եք գեղատեսիլ կիրճով և անցնելու Հոռոմայրի վանքը: Այնտեղ ձեզ սպասում են ձորի և հարակից գյուղերի հրաշալի տեսարաններ: Ամենայն հավանականությամբ, այս ճանապարհին կհանդիպեք վայրի այծերի:

Աննկարագրելի բավականություն կստանաք նաև քայլելով Արևածագի ձոր տանող արահետով (10 կմ), որը սկիզբ է առնում Կուրթան գյուղից, անցնում Հնեվանքի մոտով, որը VII դարի վանական համալիր է և շարունակվում դեպի Արևածագի գյուղի ձոր, որը մեծ տարածում է գտել հանրության շրջանում իր չքնաղ տեսարանով։ Տեղացինները ժայռն անվանում են Ցիցքար, բայց և նշում, որ այն իրականում Ձորագետի ձոր անվանումն է կրում։ Արշավն ավարտվում է Արևածագ գյուղում։

Յուրաքանչյուր արահետ հնարավորություն կընձեռի յուրովի բացահատել Դեբետի կիրճի անառիկ և խորհրդավոր բնությունը, հասկանալ մեծն բանաստեղծ Հ. Թումանյանի հոգին և միաձուլվել բնության հետ։ Նման արահատներից հատկապես մեծ նշանակություն ունի «Մոշի ուղին» (Հաղպատ-Ծաղկաշատ)։ Համաշխարհային ժառանգության ցանկի այս արահետը ձեզ կտանի Սանահինից Հաղպատի վանք, որտեղից այս արահետով կարող եք շարունակել Ծաղկաշատ: Եթե այստեղ գաք հուլիս կամ օգոստոսի ամիսներին, կհայտնվեք վայրի մոշի անտառում:

Յուրահատուկ են նաև «Ժուկով ժամանակով» (բաղկացած է հիմնականում հեշտ ուղիներից և երկար է՝ անցնում է գրեթե ամբողջ Դեբեդ կիրճը), «Գիքոր», «Դսեղի օղակաձև արահետ», «Համաշխարհային ժառանգություն» արահետները։

Այս և բոլոր մյուս արահետների, ինչպես գծանշված, այնպես էլ ոչ հայտնի քայլուղիների մասին մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել HikeArmenia նախագծի պաշտոնական կայք ու ներբեռնել բջջային հավելվածը։

Հետաքրքիր երթուղիներ

Քոբայրի վանք - Հոռոմայրի վանք - գ․ Օձուն
Հաղպատի վանք - Կայան Բերդ - Սանահինի վանք
Դսեղի օղակաձև արահետ
«Ժուկով-ժամանակով» արահետ

Ռաֆթինգ

Ռաֆթինգն արկածային հանգստի էքստրեմալ տեսակ է, որի ընթացքում մի քանի անձից բաղկացած թիմը թիավարելով նավարկում է գետով հատուկ փչովի ռետինե նավակով: Չնայած նրան, որ այս սպորտը միայն վերջերս է հայտնվել հայաստանյան զբոսաշրջային շուկայում, այսօր ռաֆթինգը դարձել է արկածային հանգստի շատ սիրված և տարածված տեսակ։

Դեբետի կիրճն ակտիվ հանգստի սիրահարներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալ ադրենալինի իրենց չափաբաժինը՝ վայելելով Դեբեդ գետի գեղեցկությունը։ Գեղատեսիլ կիրճով հոսող այս արագընթաց գետը կատարյալ միջավայր է ռաֆթինգի համար: Սրընթաց վայրէջք կատարելով գետի հունով, դուք կարող եք վայելել բնության հիանալի տեսարանները։ Ռաֆթինգը ժամանցի հիասքանչ տարբերակ է անկախ նրանից, թե նախընտրում եք ձեր հանգիստն անցկացնել բնության սրտում, աշխատել թիմում, թե նախապատվությունը տալիս եք էքստրեմալ փորձառություններին:

Լոռու մարզում ռաֆթինգով զբաղվում են 2 կազմակերպություններ՝ Rafting in Armenia և Rafting.am։

Rafting in Armenia-ն նավարկության մեկնարկը տալիս է Թումանյան քաղաքի մոտից։ Ընդհանուր երթուղին 10 կմ է, և ռաֆթելու ընթացքում կատարած կանգառի ժամանակ մասնակիցները հնարավություն ունեն ցատկելու Թումանյանի պատմական կամրջից կամ զբաղվել սլայդինգով՝ ռաֆթի վրայով սահելով Դեբեդի սառը ջրերի մեջ։

Rafting.am-ը մեկ այլ երթուղի է առաջարկում էքստրիմի սիրահարներին։ Այն ներառում է Դեբեդ գետի Ալավերդի քաղաքից դեպի Ախթալա ընկած հատվածը: Rafting.am-ը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի շրջանակներում։

Կոնտակտային տվյալներ․
Rafting in Armenia | 094 129013; 096 129013 | Ֆեյսբուք

Rafting.am | 099 580787; 094 580787 | Ֆեյսբուք

Ի՞նչ տեսնել

Քոբայրի վանական համալիր
Սանահինի հին կամուրջ
Ախթալայի վանք և ամրոց
Հաղպատի վանք
Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիր
Կայանբերդ ամրոց