Դեբետի կիրճը բոլորին հիացնում է թե՛ իր բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով քայլելու եք, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի երկայնքով առկա ուղենիշերը ցույց կտան ճիշտ ճանապարհը։ Քայլարշավը միջին բարդության է և, միջին տեմպով քայլելու դեպքում, ամբողջ ճանապարհը կարելի է անցնել 4-5 ժամում։ Դուք ճանապարհորդելու եք գեղատեսիլ կիրճով և անցնելու Հոռոմայրի վանքը: Այնտեղ ձեզ սպասում են ձորի և հարակից գյուղերի հրաշալի տեսարաններ: Ամենայն հավանականությամբ, այս ճանապարհին կհանդիպեք վայրի այծերի:

Աննկարագրելի բավականություն կստանաք նաև քայլելով Արևածագի ձոր տանող արահետով (10 կմ), որը սկիզբ է առնում Կուրթան գյուղից, անցնում Հնեվանքի մոտով, որը VII դարի վանական համալիր է և շարունակվում դեպի Արևածագի գյուղի ձոր, որը մեծ տարածում է գտել հանրության շրջանում իր չքնաղ տեսարանով։ Տեղացինները ժայռն անվանում են Ցիցքար, բայց և նշում, որ այն իրականում Ձորագետի ձոր անվանումն է կրում։ Արշավն ավարտվում է Արևածագ գյուղում։

Յուրաքանչյուր արահետ հնարավորություն կընձեռի յուրովի բացահատել Դեբետի կիրճի անառիկ և խորհրդավոր բնությունը, հասկանալ մեծն բանաստեղծ Հ. Թումանյանի հոգին և միաձուլվել բնության հետ։ Նման արահատներից հատկապես մեծ նշանակություն ունի «Մոշի ուղին» (Հաղպատ-Ծաղկաշատ)։ Համաշխարհային ժառանգության ցանկի այս արահետը ձեզ կտանի Սանահինից Հաղպատի վանք, որտեղից այս արահետով կարող եք շարունակել Ծաղկաշատ: Եթե այստեղ գաք հուլիս կամ օգոստոսի ամիսներին, կհայտնվեք վայրի մոշի անտառում:

Յուրահատուկ են նաև «Ժուկով ժամանակով» (բաղկացած է հիմնականում հեշտ ուղիներից և երկար է՝ անցնում է գրեթե ամբողջ Դեբեդ կիրճը), «Գիքոր», «Դսեղի օղակաձև արահետ», «Համաշխարհային ժառանգություն» արահետները։

Այս և բոլոր մյուս արահետների, ինչպես գծանշված, այնպես էլ ոչ հայտնի քայլուղիների մասին մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել HikeArmenia նախագծի պաշտոնական կայք ու ներբեռնել բջջային հավելվածը։

Հետաքրքիր երթուղիներ

Քոբայրի վանք - Հոռոմայրի վանք - գ․ Օձուն
Հաղպատի վանք - Կայան Բերդ - Սանահինի վանք
Դսեղի օղակաձև արահետ
«Ժուկով-ժամանակով» արահետ