Միայն իրեն բնորոշ մաքրությամբ, պարզությամբ, բայց միևնույն ժամանակ խորհրդավորությամբ հանդերձ, Դեբեդի կիրճը բացառիկ վայր է՝ կտրվելու աշխարհայինից և սրբագործելու, մաքրելու մարդկային հոգին ու միտքը։ Այս ենթատեքստում առնձնահատուկ ուշադրության է արժանի Լոռվա չքնաղ բնության մեջ իր պարզ կենցաղով գոյատևող Արդվի համայնքը և սուրբ Հովհաննես վանքը, որտեղ ձեզ ընձեռված է եզանկի հնարավորություն վերապրելու հռչակավոր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Բնակավայրը հատկապես նշանավորվել է ի պատիվ  Հովհաննես Գ Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի (717-728 թթ.)։ Գյուղի հյուսիսարևմտյան հատվածում նա կառուցել է ճգնարան՝սուրբ Հովհաննես վանքը (ճանաչված նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով)։

Վանական ողջ համալիրը կազմված է միմյանց կից երկու կամարակապ փոքրիկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Այն շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։

Եկեղեցու արևմտյան ճակատամասի կամարակապ սրահը կառուցվել է 13-րդ դարում, իսկ արդեն 17-րդ դարում՝ եկեղեցիներից հարավ, կանգնեցվել է զանգակատունը: Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է՝ պսակված է վեցասյուն ռոտոնդայով։

Հյուսիսային եկեղեցու բեմի առջևից համալիրը անխոս վերահսկում է կաթողիկոս սուրբ Հովհաննես Օձնեցու դամբարանը: Վանական համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանատունն է՝ շրջապատված աչքի զարնող գեղաքանդակ խաչքարերով, իսկ հարավային կողմում՝ Արդվիի տերերը հանդիսացած հին ազնվական տոհմերից մեկի՝ Քալանթարյանների տոհմական գերեզմանն է:

Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։

Սրբանեսի վանքն առանձնահատուկ սրբատեղի և ուխտագնացության վայր է, որտեղ հոգևոր անդորրն այնքան զգալի է, որ իր մագնիսական ուժով իրեն է ձգում մարդկանց:

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
44 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով կամ ոտքով
Տեսնել
Օձի պորտ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հոռոմայրի վանք (5.7 կմ)
Օձունի եկեղեցի (7.7 կմ)
Սանահինի կամուրջ (18.1 կմ)
Հնեվանք վանական համալիր (18.9 կմ)
Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիր (22.9 կմ)
Կայանբերդ ամրոց (22.8 կմ)