Դեբեդ կիրճի արևմտյան ափին՝ Թումանյան քաղաքի անմիջապես դիմացը ընկած ժայռի սրտում է կառուցվել Քոբայրի վանքը։ 12-րդ դարի այս վանական համալիրը հայտնի է իր հիասքանչ որմնանկարներով: Վանքը միջնադարյան Հայաստանում կրթության, մշակույթի և գրչության կարևոր կենտրոն էր, որի պատմությունը կապված է այնպիսի արքայական և ազնվական տոհմերի գործունեության հետ, ինչպիսիք են Բագրատունիները, Կյուրիկյանները և Զաքարյանները:
Տեղանքի շրջակայքում կան մի քանի քարանձավներ, որոնք օգտագործվել են որպես վանական խցեր։ Ենթադրվում է, որ վանքի անունը վրացական «քոբ» և հայերեն «այր» բառերի համադրություն է, որոնք երկուսն էլ նշանակում են «քարանձավ»: Անվան ծագման մեկ այլ վարկածում նշում է, որ վանքը հաճախ կռվախնձոր էր տարբեր տերությունների միջև, և ժամանակ առ ժամանակ, վիճաբանելով, թե ում է պատկանում վանքը, կողմերը հարց էին տալիս. «Սա քո բերդն է»: Ահա թե ինչու տեղացիները վանքը անվանում են նաև Քոբեր:
Հակիրճ տեղեկություն
Ի՞նչ տեսնել մոտակայքում
Քոբայրը հիմնադրվել է 1171 թվականին Կյուրիկե Բ թագավորի դստեր ՝ Մարիամի կողմից որպես մենաստան: Վանական համալիրի ընդլայնումը սկսվեց 12-13-րդ դարերում, երբ Քոբայրն անցավ վրացական արքունիքին հավատարիմ Զաքարյան ազնվական ընտանիքի տիրույթների մեջ: Զաքարյանները վանքը վերածեցին քաղքեդոնական հավատքի, որին հետևում էր վրաց եկեղեցին: Այս ընթացքում կառուցվեցին համալիրի շենքերի մեծ մասը, այդ թվում ՝ տաճարը, զանգակատունը, տապանատունը, սեղանատունը, ավանդատունը և այլն: Այս պատճառով պատերին զետեղված հայերեն գրառումների կողքին կարող եք տեսնել նաև վրացերեն տեքստեր։
Զաքարյանները ներմուծեցին ճարտարապետական նոր ոճ, որն ավելի բնորոշ էր վրացական եկեղեցիներին: Առավել ուշագրավ փոփոխություններից մեկը ներտարածքը հարդարող հարուստ և նրբագեղ որմնանկարներն էին։ Հիմնական՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վերին աբսիդի որմնանկարը պատկերում է Մարիամին և մանուկ Հիսուսին շրջապատված հրեշտակապետերով, ստորև պատկերված են Խորհրդավոր Ընթրիքի տեսարանը և մի շարք սրբերի կերպարներ։


Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից է ավելի փոքրաչափ եկեղեցի, որը հայտնի է որպես Մարիամաշեն։ Այս եկեղեցու մուտքի արձանագրությունը նշում է, որ այն կառուցվել է 1171 թվականին, ուստի այն համարվում է համալիրի ամենահին կառույցը: Քոբայրի վանքի մեկ այլ նշանավոր կառույց է զանգակատուն-տապանատուն, որը թվագրվում է 1279 թվին։ Այն յուրօրինակ է, քանի որ ներկայացնում է այս երկու կառույցների հազվագյուտ համադրություն:
Քոբայրի վանական համալիրը հնարավոր է հասնել ոտքով՝ անցնելով Քոբեր գյուղի միջով: Վանքը նաև արշավային արահետի մեկնակետ է, որը լանջով գնում է դեպի Օձուն գյուղ՝ անցնելով մեկ այլ միջնադարյան վանքի ՝ Հոռոմայրի կողքով: Եթե փնտրում եք Դեբեդի կիրճի առանձնահատուկ տպավորիչ տեսարաններ, ապա անպայման քայլեք այս արահետով, որը հասանելի է նաև HikeArmenia հավելվածում: