Վանաձորից Դսեղ թեքվող խաչմերուկը ամայի էր, երբ իջանք մեր ավտոստոպ արած բեռնատարից։ Երբ մեքենան իր ճանապարհը շարունակեց, մենք՝ դեպի Դսեղ բարձրացող մեքենա անհույս սպասելուց հետո, հասկացանք, որ դժվար կլինի գյուղ հասնելը։ Դսեղը այս խաչմերուկից մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա էր՝ ծվարած բարձր սարահարթի վրա։ Նման դեպքերում մենք միշտ քայլում ենք դեպի մեր նպատակակետը, բայց այսօր մեր ուսապարկերը ծանր էին, մենք էլ՝ մի փոքր ծուլացած։ Նստեցինք ճամփի եզրին և որոշեցինք վայելել գետի խշշոցը մի գավաթ տաք ուրցի թեյի հետ։ Մի թափառական շուն մեզ մոտեցավ՝ խենթի պես ուրախ շարժելով իր պոչը։ Խեղճը հույս ուներ, որ բարի ճամփորդները իրեն ուտելիք կտան, բայց մենք էլ նրա նման սոված էինք ու հետներս որևէ ծամելու բան չունեինք։

Երևանից սկսած այս ճամփան մենք կտրեցինք մի քանի ժամում։ Երեսունին մոտ մի տղամարդ մեզ հասցրեց մինչև Սևան։ Այնտեղից ավելի տարեց մի մարդ մեզ առաջարկեց տանել մինչև Դիլիջան․ նա շատ լռակյաց էր, ուստի այս մի քանի կիլոմետրը անցանք առանց ավելորդ զրույցների։ Դիլիջանի ավտոկայանի մոտ մի փոր կուշտ հաց ուտելուց հետո ճամփա ընկանք դեպի Վանաձոր, այնտեղից էլ՝ Դսեղի խաչմերուկ։

Այս կետից շատ քիչ մեքենաներ էին բարձրանում դեպի գյուղ, որոնք շատ շփոթված հայացք էին նետում մեզ վրա, ոմանք բարևում էին, բայց ոչ ոք չէր կանգնում։ Մոտ կես ժամ անց մեզ վերցրեց մի հին սովետական միջքաղաքային ավոտոբուսը։ Ուղևորները շատ տարօրինակ ձևով մեզ զննեցին, ասես այլմոլորակայիններ լինեինք։ Մենք էլ հայերենով բարև տվեցինք, որից առաջացած զարմանքը մեզ մի անկեղծ ժպիտ պարգևեց։

Մենք որոշել էինք մի լավ ուսումնասիրել գյուղը և գիշերել այստեղ, իսկ հետո շարունակել մեր ճամփորդույթունը Դեբեդի կիրճում մինչև Վրաստան շարունակելը։ Չնայած ուշ ժամին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը բաց էր, ուստի մենք որոշեցինք ժամանակ չկորցնել։ Այս տունը, որտեղ ծնվել էր մեծանուն բանաստեղծը, վերածվել էր թանգարանի 1939 թվին։ Աշխատակիցներից մեկը՝ միջին տարիքի աշխույժ մի կին, մեզ արագ էքսկուրսիա արեց թանգարանի ցուցասրահներով։ Վերջում հավելեց, որ դրսի հուշարձանի տակ է թաղված Թումանյանի սիրտը։ Ես այս պահին մի փոքր շփոթվեցի, քանի որ չէի մտապահել այս պատմությունը։ Պարզվեց՝ երբ Թումանյանը 1923 թվին մահացավ Մոսկվայում, նրա որդին խնդրեց բժիշկներին իրեն տալ հոր սիրտը։ Բանաստեղծի մարմինը թաղվեց Թիֆլիսի հայկական պանթեոնում, իսկ սիրտը սկզբում պահեցին նրա ազգակակնները իրենց տանը։ Այնուհետև այն իր տեղը գտավ Երևանի Բժշկական Համալսարանի թանգարանում, և միայն 1994 թվին Թումանյանի սիրտը թաղվեց իր հարազատ ծննդավայրում։

Դսեղի կողմից մայրամուտը հատկապես տպավորիչ է, երբ արևը թաքնվում է տների տանիքների ետևը և անհետանում կիրճի մյուս կողմում՝ նետելով իր վերջին շողերը ծառերի ճյուղերի միջով։ Մենք թափառում էինք գյուղի փողոցներում, հիանում տների ու պարտեզների կոկիկությամբ, ինչպես նաև փնտրում գիշերակացի տարբերակներ։ Ի վերջո մենք հյուրընկալվեցինք մի տարեց զույգի տանը։ Նրանք հյուրասիրեցին տաքուկ ապուրով և երկար զրուցեցին մեզ հետ, հիմնականում մեզ զբաղեցնում էր հումորով լի ամուսինը։ Նա կատակում էր, բղավում, հռհռում էր՝ ի ցույց դնելով իր մնացած մի քանի ատամները, անիծում էր իր բախտը, պատմում իր երիտասարդության օրերի մասին, և անընդմեջ կրկնում․ «Տարօրինակ ա։ Էս խի՞ եմ էսքան շատ խոսում։ Շատ հետաքրքիրա, շատ»։ Մենք մի քանի ժամ իրենց հետ նստեցինք և գնացինք քնելու։ Հաջորդ օրվա համար շատ ծրագրեր ունեինք։

Առավոտյան, երբ սկսեցինք մեր օրը, Դսեղի բնակիչները արդեն զբաղված էին իրենց առօրեա կյանքով՝ քշելով իրենց կովերին ցեխոտ ճամփեքով դեպի բաց դաշտերը։ Մենք քայլեցինք դեպի գյուղի արևմտյան կողմը՝ դեպի կիրճը, որտեղից մի լայն տեսարան էր բացվում դեպի ձորը, Դեբեդ գետը, մյուս ափին ծվարած գյուղերը, լեռներն ու դաշտերը։ Այստեղից կտրուկ թեքությամբ իջնելով՝ հայտնվեցինք Քառասնից Մանկանց կիսավեր եկեղեցու մոտ։

Հնում սա եղել է բավականին մեծ վանական համալիր, որը բաղկացած էր մի քանի շինություններից, այդ թվում հիմնական եկեղեցին (1241-1256), նստավայրը, վանական խցերը և այլ կիսավեր հատվածներ։ Մենք ուսումնասիրեցինք եկեղեցին իր խաչքարերով և պատերին պահպանված նրբագեղ փորագրություններով, լուսանկարեցինք դրանք, և մի քիչ վերև քայլելուց հետո նորից թեյի դադար արեցինք՝ այս շքեղ բնապատկերները վայելելու համար։

Հաջորդը մենք այցելեցինք Դսեղի անտառներում թաքնված Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը։ Մեզ հյուրընկալած տարեց զույգը մեզ խորհուրդ տվեց անպայման այցելել այն՝ բացատրելով այնտեղ հասնելու ճամփան․ «Քայլեք դաշտերի միջով դեպի գերեզմանները, էնտեղ ցուցանական կտեսնեք, որը իջնում է դեպի ձորը։ Հետևեք դրան ու կհայտնվեք ավերակների մոտ»։ Ցեխոտ ճամփեքով մոտ երկու կիլոմետր քայլեցինք, ընթացքում բարևեցինք դաշտում աշխատող մի գյուղացու և նայեցինք դաշտամուկ որսացող կատվի զգույշ խաղը։ Ցուցանակի մոտ մի նեղ արահետ մեզ տանում էր անտառների մեջ դեպի ձորը։ Աշնան չորացած տերևները խշխշում էին մեր ոտքերի տակ։ Շուտով ծառերի ետևում տեսանք վանքի պատերը։

Չեմ կարող մոռանալ, թե որքան էինք տպավորված այս, թեկուզ կիսավեր, բայց մոնումենտալ եկեղեցու չափերով։ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Մամիկոնյան տոհմի կողմից և անվանվել Գրիգոր Լուսավորչի անունով։ Այս հսկայածավալ վանքը բաղկացած էր Սուրբ Աստվավածին հիմնական եկեղեցուց, 10-րդ դարի կից եկեղեցուց, գավթից և բազմաթիվ խաչքարերից, որոնք բոլորը պատված էին վարպետորեն արված փորագրություններով։ Այս խոնարհված վանքի պատերի մեջ կանգնած երևակայում էինք, թե ինչպիսին էր եղել այստեղի ակտիվ կյանքը, կամ ինչ էր եղել այստեղի վանականների հետ դարեր առաջ։ Մի բանը հստակ էր՝ նրանք անց են կացրել շատ խաղաղ ու ներդաշնակ կյանք՝ շրջապատված թավ անտառներով և վայրի բնությամբ։

Մենք որոշեցինք Դսեղ վերադառնալու փոխարեն ձորով շարունակել իջնել մինչև հիմնական մայրուղին։ Գյուղում մեզ ասել էին, որ նման արահետ կա մինչև ներքև, բայց աշնան տերևները փակել էին որևէ տեսանելի կածան, ուստի սկսեցինք քայլել Մարց գետի խշշոցի ուղղությամբ։ Շուտով հասանք մի հին հաստ ջրի խողովակի, որի կողքի մի նեղ ճամփա մեզ տարավ հասցրեց ճամփեզրին գտնվող գյուղի մոտ։

Մայրուղու վրա մենք որոշեցինք արագ մեքենա բռնել և հասցնել այցելել մեկ այլ վանք, մինչև Վրաստան անցնելը։ Տարիներ առաջ, երբ նորից ճամփորդում էինք այս կողմերում, տեղացի վարորդներից մեկը մեզ ցույց տվեց ձորի մեջ՝ ժայռերին կից կառուցված մի հին վանք, որը շատ դժվար էր նշմարել, քանի որ այն, ասես, ձուլված լիներ իր տեղանքին։ Սակայն վարորդը չգիտեր ոչ վանքի անունը, ոչ էլ դեպի վանքը հասնող որևէ հնարավոր արահետի մասին։

Մենք մի փոքր ուսումնասիրություն անելուց հետո տեղեկացանք, որ դա Հոռոմայրի վանքն է, և այնտեղ հասնելու համար երկու տարբերակ ունեինք․ կամ ճամփից սկսվող կտրուկ լանջով վերև քայլեինք, կամ էլ մեքենայով բարձրանայինք դեպի Օձուն գյուղ և այնտեղից ոտքով իջնեինք դեպի վանքը։ Մենք ընտրեցինք առաջին տարբերակը, քանի որ դա ավելի արագ և հետաքրքիր թվաց։ Արևը դանդաղ մայր էր մտնում և մեզ համար կարևոր էր ետ գալ դեպի մայրուղին մինչև մութն ընկնելը։ Մենք իջանք ճամփի այդ հատվածում և սկսեցինք անտրտունջ բարձրանալ լանջն ի վեր։

Չկար որևէ տրորված արահետ, բայց անգամ առանց դրա բարձրանալը դժվար չէր։ Միայն մեր ծանր ուսապարկերն էին մեզ ետ քաշում՝ ստիպելով մի քանի քայլ անելուց հետո կանգնել ու շունչ քաշել։ 45 րոպե անց հասանք այս առեղծվածային վանքի մուտքին։ Ուզում էինք հասկանալ, թե ինչպես են նման դիրքում՝ ժայռերի տակ, կտրուկ թեքության վրա, կառուցել նման շինություն։ Այս կետից Դեբեդի կիրճը մի ուրիշ անկյունից էր բացվում մեր առջև։ Հայ վանականները, ի թիվս այլ հմտությունների, մեծ վարպետներ էին նման հիասքանչ բնապատկերներով վայրերում իրենց վանքերը կառուցելու գործում։

Հոռոմայրի մասին առաջին գրավոր վկայությունները թվագրվում են 7-րդ դարով, սակայն մեզ հասած հատվածները կառուցվել են 12-14-րդ դարերում։ Վանքը բաղկացած է երկու մասից՝ ստորին կամ ձորամեջի վանքը, և վերին՝ սարահարթի վրա կառուցված ձորաեզրի վանքը։ Մենք մտածեցինք մագլցել ժայռն ի վեր՝ վերին վանքը այցելելու համար, բայց հասկացանք, որ դա ապահով չէ, ուստի սահմանափակվեցինք ստորին հատվածի եկեղեցիները, մատուռները, մի շարք քարանձավ-խցերը, տապանաքարերն ու բացառիկ խաչքարերը ուսումնասիրելով։

Երբ իջանք մայրուղու վրա, արդեն մթնել էր։ Բայց բախտներս բերեց, քանի որ հինգ րոպե չանցած մենք մեքենա որսացինք ուղիղ դեպի սահման։ Երիտասարդ վարորդը, ում սկզբում թվաց, թե արտասահմանցիներ ենք և փորձեց մեզ հետ անգլերեն խոսել, բավականին արագ էր քշում, որը մեղմ ասած վտանգավոր էր կիրճի նեղ ճամփեքի առումով։ Բայց ընդամենը կես ժամում մենք հասանք Բագրատաշենի անցակետ։ Մենք շնորհակալ եղանք, ցտեսություն ասեցինք Հայաստանին և անցանք Վրաստան։