Վանաձոր

Վանաձորը ՀՀ մեծությամբ երրորդ մեծ քաղաքն է, ունի մոտ 80,000 բնակչություն։ Քաղաքի հին անուններից են Ղարաքիլիսան (նշանակում է սև եկեղեցի, այն մինչ օրս կանգուն է), Կիրովականը (խորհրդային շրջանում կոմունիստ գործիչ Սերգեյ Կիրովի անունով) և իհարկե, անկախության օրոք ստացավ Վանաձոր անունը։ Խորհրդային շրջանում քաղաքը ողջ միությունում հայտնի է եղել իր քիմիական արտադրությամբ, իսկ այժմ քաղաքում վեր են խոյանում հիմնականում լքված հսկայական գործարանների ուրվականները։ Որոշ հին կառույցներում գործում են սննդի, թեթև և մեքենաշինական գործարաններ։

Վանաձորի միջով է անցնում դեռևս ցարական շրջանում կառուցված և Թիֆլիսի հետ կապող երկաթգիծը։ Քաղաքի հայկական նեո-կլասիկ ճարտարապետությունը՝ շրջակայքի կանաչ լեռների ֆոնին, ստեղծում է քաղաքային և առողջարանային գոտու միջավայր։ Երիտասարդների շրջանում Վանաձորը հայտնի է որպես Հայաստանի ռոք երաժշտության մայրաքաղաք․ այստեղից են Որդան Կարմիր, Լավ էլի, Քլոքեր և այլ հայտնի խմբերի երաժիշտները։ Այժմ քաղաքը զարգանում է նոր ուսումնական կենտրոնների, մշակութային և զբոսաշրջային ենթակառուցվածների ձևավորմամբ։

Ի՞նչ տեսնել Վանաձորում

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
Թայիրովի ամառանոց
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Վանաձորի կերպարվեստի թանգարան
Վանաձորի շուկա
Ստեփան Զորյանի տուն-թանգարան

Ձորագյուղ

Ձորագյուղը գտնվում է Փամբակ և Ձորագետ հոսանքների անկյունում և իր 1250 մ ծովի մակարդակից բարձր դիրքից նայում է դեպի կիրճի խորքում գտնվող Ձորագյուղի այգիները։ Գյուղը հիմնադրել են 1804 թվին Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքները։

Իր անունը գյուղը ստացել է նախկինում ձորի ներսում տեղակայված լինելու պատճառով, հետագայում միջավայրի անհարմարության պատճառով բնակիչները տեղափոխվել են դեպի վեր՝ հին գոմերը թողնելով ներքևում։ Գյուղի ներսում կան երկու եկեղեցիներ՝ հինը (12-13-րդ դարեր) և նորը (19-րդ դար)։

Ձորի սրտում՝ Ձորագետի հոսանքի երկու կողմերում կարող եք նկատել 10-13-րդ դարերում կառուցված «Քիր ու Ախպեր Ամրոցները»։ Ըստ ավանդազրույցի, ժայռերի գագաթի այս դիտակետերը կառուցել են իշխանական ծագում ունեցող ընտանիքի քույր և եղբայր, և միմյանց հետ մրցել իրենց ռազմական կարողություններով։ Անգամ պարան են տարել մի ծայրից մյուսը, որով իրար գինու թաս են փոխանցել և կենացներ ասել։ Ձորի սրտում է տեղակայված նաև Հնեվանքը (7-13-րդ դարեր), որը վերջերս ամրակայվել է և աչքի է ընկնում իր համալիր լուծումներով։ Ձորագյուղ հասնելու համար պետք է խարխուլ ճանապարհ անցնեք, ապա գիշերեք տեղի մի քանի հյուրատներում։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հնեվանք (5.6 կմ)
Ցից Քար բնության հուշարձան (6 կմ)
Ծովեր լիճ (15 կմ)
Քիր ու Ախպեր ամրոց (6.5 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (4.2 կմ)
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն (5.8 կմ)

Դսեղ

Դսեղը Լոռվա ձորի այցեքարտն է։ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը, որտեղ պահպանվել է իր հորական տունը և վերածվել թանգարանի, նաև հարուստ է այլ մշակութային հուշարձաններով և հյուրընկալության ոլորտի նոր հնարավորություններով։ Դսեղի հին դամբարանադաշտում է գտնվում Հայաստանում պահպանված հատուկենտ 1281 թվականի Ամենափրկիչ խաչքարը։ Գյուղից դուրս՝ դեպի Մարցի կիրճն ընկած արահետի վրա է գտնվում տեղացիների կողմից ուխտավայր համարվող Սիրուն Խաչը (1251 թ․)։

Գյուղում շատ են հյուրատները, որտեղ մնալիս կարող եք նաև տնական համեղ ընթրիք փորձել։ Թումանյանի անվան դպրոցի դիմաց անցնող ճանապարհով կհասնեք ՏՈՒԿ՝ Տուրիզմի Ուրույն Կենտրոն, որտեղ կարող եք կազմակերպել վրանային գիշերակաց, տեղեկանալ գյուղում և հարակից վայրերում այդ պահին առաջարկվող տուրերի և միջոցառումների մասին, վարձել հեծանիվներ և պտտվել գյուղի շուրջ։

Դսեղ գյուղի շուրջ գծված է մոտ 8 կմ երկարությամբ հեծանիվի արահետ, որից կարող եք մի փոքր շեղվել և այցելել «Սիրուն խաչը»։

Դսեղի հարևանությամբ են գտնվում Քառասնից Մանկանց վանքը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցն իր հարակից կառույցներով։ Գյուղից դեպի վեր կարող եք գտնել տեղացիների սիրելի Ծովերը՝ բնական հուշարձան, որտեղ տեղացիները սիրում են հանգստանալ, ձուկ որսալ և պիկնիկներ անել։

Այս շարքն ավելի գունագեղ է դարձնում Ծովերից ոչ հեռու գտնվող WOW Glamping-ը՝ հարմարավետ վրանային գոտի, որտեղ գիշերակացն իր աննկարագրելի տեսարանով ու հարմարություններով մի անմոռանալի փորձառություն է։

Ի՞նչ տեսնել Դսեղում

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք
Սիրուն Խաչ
Քառասնից Մանկանց վանք
Ամենափրկիչ խաչքար
Ծովեր լիճ