Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը, որը հիմադրվել է 1974 թվականին, անշուշտ հետաքրքիր կլինի քաղաքի բոլոր հյուրերին։ Թանգարանի չափազանց արժեքավոր հավաքածուն համալրում են հայ արվեստագետների գեղանկարները, գրաֆիկան, քանդակներն ու դեկորատիվ արվեստի ավելի քան 1800 նմուշները։
Ցուցադրված արվեստագետներից են Երվանդ Քոչարը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Արմինե Կալենցը, Արա և Սեդա Բեքարյանները, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը, Էդուարդ Խարազյանը և շատ ուրիշներ։ Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է և իր լուսավոր ներտարածքով առավել հաճելի է դարձնում պատկերասրահի երեք հարկերի ցուցանմուշների հետ ծանոթությունը։ Թանգարանում գործում են գիտական, ֆոնդային հաշվառման ու պահպանության բաժիններ, վերականգնման արվեստանոց, կինոդահլիճ և գրադարան:
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ. 10:00 – 17:00
Կիրակի. 10։00 – 16:00
Երկուշաբթի. ՓԱԿ
Մեկ այլ կարևոր տուն-թանգարան է արձակագիր Ստեփան Զորյանի նախկին ամառանոցը, որը գտնվում է Վանաձորի հին թաղամասերում։ Այն վերածվել է թանգարանի 1990 թվականին։ Հետաքրքրական է, որ տունը նախագծել են գրողի որդիները՝ Լևոն և Կարեն Զորյանները։
Ինչպես Թումանյանի, այնպես էլ Զորյանի կյանքը կապված է եղել Լոռի-Թիֆլիս-Երևան ուղղությունների հետ, որոնք, գրողի մանկության տարիների և ստեղծագործական ողջ ուղու հետ միասին, ներկայացված են թանգարանում։ Թանգարանն ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 10:00-18:30
Կիրակի-երկուշաբթի․ ՓԱԿ
Լոռու ձորում ամենահայտնի մշակութային հաստատությունն, իհարկե, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է, որը գտնվում է Դսեղ գյուղի սրտում։ Տունը կառուցել է Թումանյանի հայրը 1860-ականներին։ Այստեղ է ծնվել, ապա իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել ապագա գրողը։ Հետագայում Թիֆլիսում ապրելիս, Թումանյանն այս տանն է անցկացրել ամառվա ամիսները՝ տունն ընտանեկան ամառանոց սարքելով։
Իր 70-ամյակի կապակցությամբ՝ 1939 թվականին, տունը վերածվել է թանգարանի։ Այստեղ ներկայացված են ինչպես տան ամենահին հատվածներն, այնպես էլ հետագա վերանորոգումները։ Նմուշները պատմում են Թումանյանի ընտանիքի պատմությունը և Հովհաննեսի մեծ գրող դառնալու ուղին։ Ցուցադրությունը հետաքրքիր կլինի թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 11:00-17:00
Կիրակի․ 11:00-16:00
Երկուշաբթի․ ՓԱԿ