Հետաքրքիր ավանդույթներով և ծագման մասին հետաքրքիր վարկածով այս գյուղը գտնվում է բնության իդեալական միջավայրում։ Ակները գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Դեբեդ գետի աջ ափին։ Գյուղի եզրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճը։ Գյուղի վերին հատվածից՝ անտառից, սկիզբ են առնում մի շարք բնական, զուլալ աղբյուրներ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել տեղի բնակիչների համար։
Գյուղի կենտրոնական հատվածում առկա է 19-րդ դարի առաջին կեսին կառուցված քարաշեն եկեղեցի։ Սակայն Ակների տեսարժան վայրերը դրանով չեն սահմանափակվում։ Առավել հայտնի զբոսաշրջային բնակավայրերից՝ Հաղպատ այցելելիս աջ կողմում՝ ժայռի գագաթին երևում է Կայան բերդը, որը գտնվում է Ակներ բնակավայրի հյուսիսային կողմում։ Այն եղել է իր ժամանակներում տարածաշրջանի հզորագույն ամրություններից մեկը։ Կայան բերդի հարավային հատվածում է գտնվում Դսևանքը։ Դսևանքի ջուրը անցնում է Ակներ գյուղով, ստորգետնյա քարե խողովակաշարի միջով։
Ըստ ավանդության Լեզգիների կողմից Կայանաբերդի պաշարման ժամանակ ոչ մի կերպ հնարավոր չի եղել կոտրել տեղացիների դիմադրությունը։ Միայն, մոտակա գյուղի մի ծեր կնոջից իմանալով բերդ մտնող աղբյուրի ակունքի տեղը, թշնամին փակում է այն և բերդի բնակիչները ջուր չունենալով, ստիպված անձնատուր են լինում։ Հենց այս պատճառով էլ գյուղն ստանում Որնակ անվանումը, ինչը մեկնաբանվում է Ո՞րն է Ակը ( որն է ակունքը)։ Այս անվանումը վերափոխվել է Ակներ անվամբ միայն 1930-ական թվականներին։