Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939թ.-ին: Քաղաքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալավերդին, Ակները, Սանահինը և Մադանը: Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։
1931 թվին շինարարական աշխատանքների ժամանակ այստեղ գտել են պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսով:
Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ և մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ ու կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանն ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ:
1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ և վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ: Պղնձի արտադրութունն Ալավերդու տնտեսության մեջ առանցքային դեր է խաղացել: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաև Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի) երկաթուղու կառուցումը:
Ալավերդին աչքի է ընկնում պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ: Համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններով: Դրանց մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրը և Սանահինի պատմական կամուրջը: Սանահինի վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք, իսկ 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը: