Լոռու մարզի առեղծվածային անկյուններից է Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրը՝ տեղակայված Հաղպատի վանքի արևմտյան հատվածում։ Պատմական նշանակություն ունեցող այս համալիրի կառուցվածքային մասն են կազմում «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավները։ Անվանման ծագումնաբանությունից ակնհայտ է դառնում, որ նման կերպ է այն կոչվել ի պատիվ Զարեհ թագավորի։ Զարնի՝ որպես «Զարեհի Էր» (այր, քարայր), իսկ Պարնի՝ որպես «Պարոնների Էր» (այր, քարայր)։ Համաձայն ավանդազրույցների՝ Զարեհ իշխանը՝ իր իշխանական տոհմի ազնվական մարդկանց հետ միասին, հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու ժամանակ, այստեղ են պատսպարվել և պահպանել Հաղպատի վանական համալիրին պատկանող ձեռագրեր և գանձեր, իսկ իրենց հանգիստն առել երկրորդ քարանձավում, որն էլ համապատասխանաբար անվանակոչվել է «պարոնների այր»։

Իր յուրահատկությամբ է առանձնանում նաև «Ծակ էր» քարանձավը, որտեղ, 11-12-րդ դդ․ ճգնել-ստեղծագործել է հայ մատենագիր, մեծ գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ Քարայր կարելի է հասնել երկու ճանապարհով։ Առաջինը՝ պատմական ուղին է, որը սկիզբ է առնում Հաղպատ գյուղի արևմտյան կողմից և ունի մոտ 650 մետր երկարություն։ Երկրորդ ճանապարհը՝ սկիզբ է առնում Ծաղկաշատ և Հաղպատ գյուղերի ճամփաբաժանից և ունի 1250 մետր երկարություն։

Զարնի-Պարնի ամրոցի պատերի ներսում մարդկային կենցաղավարության մասին են վկայում բազմաթիվ գտածոններ, ինչպիսին է օրինակ պատմությունից փրկված և մինչ օրս պահպանված գինու հնձանը, որն արտացոլումն է այն իրականությունը, որ այստեղ խաղողի մշակությունն ու գինեգործությունը մշտապես կենսական նշանակություն է ունեցել: Հասարակ լոռեցի աշխատավոր մարդու կենսագործունեության, ավանդույթների ու մշակույթի «շունչը» հաղորդելու, ինչպես նաև պատմությանը վերածնունդ տալու նպատակով առկա են բացառիկ իրերի ցուցանմուշներ՝ արոր, լուծ, զնդան, կամ, երկանք, կժեր, թրեր տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ։

Կենսական է նաև ամրոցում առկա գմբեթային աղբյուրի առկայությունը, որն այժմ տեղացիներն անվանել են «Կաթիլային աղբյուր»: Այն միանգամայն մաքուր ջուր է, որը, ըստ ժողովրդական ավանդության, օժտված է բժշկարար հատկությամբ։ Թումանյանանկան բնաշխարհի ու պատմական իրականության ներդաշնակությունը լիարժեք վայելելու, ինչպես նաև կրակի մոտ ջերմ երեկոներ անցկացնելու համար համար ամրոցի ներսում կա նաև գետնափոր կրակատեղի։

Վերջին շրջանում այն վերանորոգվել է, որոշակի ամրացման աշխատանքեր կատարվել, ճանապարհը կարգի բերվել։ Մասնավոր ներդրողի ջանքերով այստեղ առկա է թանգարան, սրճարան, գինետուն, հուշանվերների կրպակ։ Վերջիններս աշխատում են միայն ամառան ամիսներին։ Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրում բնությունը միաձուլվում և դառնում է համահունչ պատմամշակութային իրականությանը։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Քարայր
Ե՞րբ այցելել
Հունիս - Օգոստոս
Հեռավորություն
52.1 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Ներսում գտնվող թանգարանը

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Կայանբերդ ամրոց (52 մ)
Հաղպատի վանական համալիր (3.4 կմ)
Սանահինի կամուրջ (5 կմ)
Միկոյան եղբայրների տուն-թանգարան (11.3 կմ)
Սանահինի վանական համալիր (11.8 կմ)
Հոռոմայրի վանք (18 կմ)