Դեբեդի Կիրճի գեղեցկագույն հատվածի ձախ ափին է գտնվում Ծաթեր գյուղը։ Այն Վանաձորից հեռու է 37կմ, Ալավերդիից՝ 11 կմ հեռավորության վրա։ Դեբեդ գետի ձախ ափին գտնվող այս փոքրիկ բնակավայրը գտնվում է Դսեղ գյուղի դեմ դիմաց․ այս գյուղերին բաժանում է կիրճը։
Ծաթերի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ հողագործությունը։ Առկա է հիմնական դպրոց, մշակույթի տուն, գրադարան ինչպես նաև գյուղի պատմության թանգարան:Ծաթերի մասին կան պատմական բազմաթիվ փաստեր, ինչպես անվան ծագման, այնպես էլ գյուղի սկզբնավորման և զարգացման մասին։
Գտնվելով բնության գողտրիկ անկյունում և ունենալով պատմամշակութային առավել հայտնի երկու կոթողներ՝ գյուղը բավականին գայթակղիչ և չբացահայտված վայր է զբոսաշրջիկների համար։
Հատկապես գրավիչ է «Ճգնավորի վանքը», որը գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա է գտնվում, ձորալանջի քարափի տակ։ Այնտեղ հասնելու համար պետք է օգտվել նեղլիկ արահետից, ինչը բավականին գրավիչ է քայլարշավի սիրահարների համար։ Վանքը կառուցվել է 1-12-րդ դարերում, անմշակ քարով, ինչն ավելի է ամբողջացնում տեսարանը՝ վանքին միաձուլելով տարածքի վայրի բնության հետ։
Գյուղի կենտրոնում է գտնվում մեկ այլ եկեղեցի՝ «Սուրբ Աստվածածինը» (անվանում են նաև սբ․ Նշան), որի կառուցմանը վերագրվում են 12-13-րդ դարերը։ Եկեղցու հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան:
Ծաթերում հանգիստը կազմակերպելու դեպքում հնարավոր է նաև այստեղ կազմակերպել գիշերակաց։ Գյուղում գործում է «Ծաթեր» հյուրատունը, որն առաջարկում է ինչպես հարմար պայմաններ գիշերակացի, այնպես էլ էկո նախաճաշ և այլ սնունդ` պահանջարկի դեպքում։