Դեբեդի կիրճի ամենաշատ զբոսաշրջային ռեսուրսներով հարուստ համայնքներից է Դսեղը։ «Սիրուն խաչը» նույնպես գտնվում է Դսեղում՝ բնության, մարդկային ամենօրյա աշխատանքի և մշակույթի հիանալի համադրություն հանդիսանալով։

Սիրուն խաչը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է Բարձրաքաշ վանք տանող արահետի աջակողմյան մասում, 500 մետր հեռավորության վրա՝ ձորագլխին։ Այն կառուցվել է որպես հուշարձան։ Այս անվանումը խաչքարին տվել են տեղացիները, հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։

Սիրուն խաչը համարվում է 13-րդ դարի հայկական խաչքարագործության գլուխգործոցներից մեկը։ Խաչքարի կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն կառուցման ժամանակահատվածի մասին պատկերացում է տալիս խաչքարի վրայի արձանագրությունը, ըստ որի այն կառուցվել է Մամիկոնի և նրա որդի Վարդանի իշխանության ժամանակահատվածում։ 

1969 թվականին խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, որտեղ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։ Հենց այս տեղափոխության ժամանակ էլ խաչքարի հորիզոնական թևերից մեկը վնասվել է։
Սիրուն խաչի վրա կան նաև արձանագրություններ, որոնցով կարելի է պատկերացում կազմել ժամանակի իշխանավորների և հայտնի մարդկանց մասին։
Սիրուն խաչը՝ հատկապես վերջին շրջանում դարձել է զբոսաշրջիկների այցելության բավականին ակտիվ վայր։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - Նոյեմբեր
Հեռավորություն
31.4 կմ Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք (1 կմ-ից պակաս)
ՏՈՒԿ (1 կմ-ից պակաս)
Ծովեր (3.6 կմ)
Քոբայրի վանական համալիր (19.3 կմ)
Ամենափրկիչ Խաչքար (1.7 կմ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (1.7 կմ)