Մարց

Դեբեդի կիրճի գեղեցիկ և կոլորիտային բնակավայրերից է Մարց գյուղը։ Այն գտնվում է համանուն՝ Մարց գետի ափին, Քարինջ գյուղի հարևանությամբ։

Մարցի կենտրոնական հատվածում է գտնվում «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին։ Գյուղի շրջակայքով անցնելիս կարելի է հանդիպել խաչքարերի գեղեցիկ նմուշների։ Մասնավորապես «Ճգնավոր» հանդամասում կա թվով հինգ արձանագրություններով հարուստ խաչքարեր, որոնցից հատկապես աչքի է ընկնում 13-րդ դարով թվագրվող Ամենափրկիչ տիպի խաչքարը։

Գյուղից 5 կմ հյուսիս-արևելքում է գտնվում «Իգատակ» հանդամասը, որտեղ պահպանվում է անմշակ քարերով կառուցված «Սուրբ կիրակի» մատուռը։

Չնայած այն հանգամանքին, որ գյուղում չկան զբոսաշրջային ենթակառուցածքներ, գյուղն ունի էկոտուրիզմի կազմակերպման բոլոր նախադրյալները։ 
Այստեղ՝ հայտնի նկարիչ Փանոս Թերլեմեզյանը պատկերել է «Մարց գետի ափը» հայտնի կտավը։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Դսեղի ծովեր (3.8 կմ)
Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (8.1 կմ)
Քոբայրի վանական համալիր (25.2 կմ)
Հ․ Թումանյանի տուն-թանգարան (7.8 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (12.9 կմ)
Քառասնից Մանկաց վանք (8․4 կմ)

Դեբետ

Փամբակ գետի հովտում՝ մարզկենտրոն Վանաձորից 20-25 կմ հեռավորության վրա է գտնվում Դեբետ գյուղը, որը հիմնադրվել է 1857թվականին Մարց գյուղից այստեղ տեղափոխված բնակիչների կողմից։ Բնիկներից շատերի նախնիները այս գյուղ են գաղթել Արցախից՝ լեզգիական արշավանքներից հետո։ Բնակչության մի մասն էլ Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։

Գյուղի համար ավանդական զբաղմունքներից է մեղվաբուծությունը, անասնապահությունը և ձկնորսությունը:

Գյուղի տարածքում են գտնվում XII-XIII դարերի խաչքարեր, այստեղ կան միջնադարյան եկեղեցու ավերակներ, երկու միջնադարյան գյուղատեղի։

Այժմ գյուղն արագորեն զարգանում է, քանի որ իր հարևանությամբ է գործում 2018 թվականին բացված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը, որը նաև գյուղի մեջ երեխաների խաղահրապարակ է կառուցել։ Գյուղի ներսում հյուրընկալության ենթակառուցվածներն են զարգանում հանձինս Չամիչ հյուրատան և Դեբեդ․Լայֆ քովորքինգ և համակեցության տան։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն (1.7 կմ)
Հ․ Թումանյանի տուն-թանգարան (7.1 կմ)
Քառասնից Մանկանց վանք (8.1 կմ)
Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (8.6 կմ)
Ծովեր լիճ (10.7 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (3.3 կմ)

Ձորագյուղ

Ձորագյուղը գտնվում է Փամբակ և Ձորագետ հոսանքների անկյունում և իր 1250 մ ծովի մակարդակից բարձր դիրքից նայում է դեպի կիրճի խորքում գտնվող Ձորագյուղի այգիները։ Գյուղը հիմնադրել են 1804 թվին Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքները։

Իր անունը գյուղը ստացել է նախկինում ձորի ներսում տեղակայված լինելու պատճառով, հետագայում միջավայրի անհարմարության պատճառով բնակիչները տեղափոխվել են դեպի վեր՝ հին գոմերը թողնելով ներքևում։ Գյուղի ներսում կան երկու եկեղեցիներ՝ հինը (12-13-րդ դարեր) և նորը (19-րդ դար)։

Ձորի սրտում՝ Ձորագետի հոսանքի երկու կողմերում կարող եք նկատել 10-13-րդ դարերում կառուցված «Քիր ու Ախպեր Ամրոցները»։ Ըստ ավանդազրույցի, ժայռերի գագաթի այս դիտակետերը կառուցել են իշխանական ծագում ունեցող ընտանիքի քույր և եղբայր, և միմյանց հետ մրցել իրենց ռազմական կարողություններով։ Անգամ պարան են տարել մի ծայրից մյուսը, որով իրար գինու թաս են փոխանցել և կենացներ ասել։ Ձորի սրտում է տեղակայված նաև Հնեվանքը (7-13-րդ դարեր), որը վերջերս ամրակայվել է և աչքի է ընկնում իր համալիր լուծումներով։ Ձորագյուղ հասնելու համար պետք է խարխուլ ճանապարհ անցնեք, ապա գիշերեք տեղի մի քանի հյուրատներում։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հնեվանք (5.6 կմ)
Ցից Քար բնության հուշարձան (6 կմ)
Ծովեր լիճ (15 կմ)
Քիր ու Ախպեր ամրոց (6.5 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (4.2 կմ)
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն (5.8 կմ)