Անխռով լեռների և զմրուխտյա անտառների մեջ զգուշորեն թաքնվել է Լոռվա բյուրեղահատիկներից մեկը՝ «Ծովեր» լիճը։ Տեղակայված Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ այս բնության հուշարձան համարվող վայրը՝ իր մոգական խաղաղությամբ, եթերային վայելչությամբ, հանդարտությամբ ու պարզությամբ, կգրավի բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հեռանալ քաղաքային աղմուկից և բնության գրկում գտնել հանգիստ, հարմարավետ, յուրօրինակ մի անկյուն։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։
Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է:
«Ծովերը» համարձակորեն կարող ենք դասել նաև պատմական և մշակութային հուշարձանների շարքում, քանի որ բնության այս զարդին բազմիցս անդրադարձել է հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններում։ Այն Թումանյանի նախընտրելի վայրերից մեկն էր և հաճախ էր գալիս այստեղ իր գրչընկերների հետ:
«Ծովեր» լճի բարենպաստ աշխարհագրական դիրքը և լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները այն դարձնում են հասանելի տարվա յուրաքանչյուր եղանակին՝ հնարավորություն ընձեռելով վայելել Լոռվա աներևակայելի հմայիչ և բազմագույն բնությունը՝ արտացոլված փոքրիկ լճակի մեջ։ Ծովեր հնարավոր է այցելել գրեթե բոլոր տեսակի ավտոմեքենաներով, ինչպես նաև քայլարշավային արահետներով։ Այստեղ կարելի է կազմակերպել նաև վրանային հանգիստ՝ քեմփինգ, և վայելել աստղաշատ գիշերները։ Լուսանկարչության սիրահարները նույնպես այստեղ գեղեցիկ կադրերի պակաս չեն ունենա։