Դեբեդի կիրճի ամենաշատ զբոսաշրջային ռեսուրսներով հարուստ համայնքներից է Դսեղը։ «Սիրուն խաչը» նույնպես գտնվում է Դսեղում՝ բնության, մարդկային ամենօրյա աշխատանքի և մշակույթի հիանալի համադրություն հանդիսանալով։
Սիրուն խաչը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է Բարձրաքաշ վանք տանող արահետի աջակողմյան մասում, 500 մետր հեռավորության վրա՝ ձորագլխին։ Այն կառուցվել է որպես հուշարձան։ Այս անվանումը խաչքարին տվել են տեղացիները, հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։
Սիրուն խաչը համարվում է 13-րդ դարի հայկական խաչքարագործության գլուխգործոցներից մեկը։ Խաչքարի կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն կառուցման ժամանակահատվածի մասին պատկերացում է տալիս խաչքարի վրայի արձանագրությունը, ըստ որի այն կառուցվել է Մամիկոնի և նրա որդի Վարդանի իշխանության ժամանակահատվածում։
1969 թվականին խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, որտեղ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։ Հենց այս տեղափոխության ժամանակ էլ խաչքարի հորիզոնական թևերից մեկը վնասվել է։ Սիրուն խաչի վրա կան նաև արձանագրություններ, որոնցով կարելի է պատկերացում կազմել ժամանակի իշխանավորների և հայտնի մարդկանց մասին։ Սիրուն խաչը՝ հատկապես վերջին շրջանում դարձել է զբոսաշրջիկների այցելության բավականին ակտիվ վայր։
Դսեղի Ամենափրկիչ կամ Խաչելության խաչքարը գտնվում է գյուղի կենտրոնում՝ հրապարակից 200մ հարավ-արևմուտք, VII-XIII դարերի գերեզմանոցում։ Այստեղ է գտնվում նաև փոքր չափերի եկեղեցու մնացորդները, որը կառուցվել է (654) թվականին։
Այս խաչքարը եզակի նմուշ է, կառուցվել է Մամիկոնյանների կողմից 1281 թվականին, այն կառուցվածքային առումով նմանություն ունի Մարցի համանուն խաչքարին։ Խաչքարի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը և բավականին մանրակրկիտ՝ խաչելության տեսարանը։ Խաչքարի և պատվանդանի վրա կա նաև արձանագրություն, որը պատմում է խաչքարի պատկերի նկարագրությունը և կառուցման նպատակը։
Խաչքարի ճակատին Հիսուսի անդրին է։ Նա աջով խաչակնքում է, իսկ ձախով բռնել է մի ժապավեն, կամ բաց մագաղաթ։ Պատվանդանի վերին մասում իրար քանդակված են չորս պարզ խաչեր, որոնց տակ արձանագրությունն է։ Այնտեղ գրված է, որ խաչքարը կանգնեցվել է 1281 թ․ Խալլի որդի Տերունի և նրա եղբայրների կողմից՝ ի հիշատակ Գրիգորի, որն ամենայն հավանականությամբ Գրիգոր Մամիկոնյանն է։ Պատվանդանի հյուսիսային կողմում գրված է խաչքարը քանդակողի անունը՝ Վարհամ։