Խորովածի համահայկական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Կարճ ժամանակում փառատոնն իր տեղը զբաղեցրեց տեղացիների և զբոսաշրջիկների կողմից շատ սիրված միջոցառումների շարքում, իսկ 2017 թվականին փառատոնի կազմակերպիչները Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, անհատ խոհարարներ ինպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։
Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր խոհարար իր յուրահատուկ բաղադրատոմսով փորձում է զարմացնել հյուրերին և ժյուրիին, չէ որ փառատոնի ընթացքում մրցույթներ են անց կացվում ամենատարբեր անվանակարգերում՝ «Լավագույն ավագ խոհարար», «Խորովածի լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար», «Լավագույն խորոված պատրաստող` ՀՀ ազգային փոքրամասնություններից»։ Այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։
«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը կազմակերպվում է սկսած 1979 թվականից։ Փառատոնը սկիզբ է առել Ակներ գյուղում՝ որպես «Թատերական շաբաթներ» հայաստանյան տարբեր ժողովրդական թատրոնների ակտիվ մասնակցությամբ։ 1981 թվականից փառատոնն անցկացվել է Ալավերդի քաղաքում, ուր և ստացել է «Թատերական Լոռի» անվանումը։ Իր շուրջ համախմբելով Հայաստանի և ԽՍՀՄ այլ անդամ-պետությունների մարզերում և շրջաններում գոյացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերական խմբերը, փառատոնը մի քանի տարի անց դարձավ համամիութենական։
Այսօր արդեն «Թատերական Լոռին» հայտնի միջազգային փառատոն է, որին մասնակցում են թատերական խմբեր նաև Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիային, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկներից։ Այն կազմակերպվում է Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում՝ ուղեկցվելով թատերական հետաքրքիր ներկայացումներով և մրցույթներով։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում կազմակերպվող «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային ամենամյա փառատոնը մարզի ամենացանկալի և սպասված տոնախմբությունն է։ Թումանյանի հեքիաթները սիրված են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից, իսկ հեքիաթների հերոսներին քաջ ծանոթ են գրեթե բոլորը։ Քաջ Նազարը, Սուտլիկ որսկանը, Կիկոսը, Ձախորդ Փանոսը․․․ Պատահական չէ, որ հենց Թումանյանի ծննդավայրում է կայանում փառատոնի բացումը։
«Թումանյանական հեքիաթի օրը» տիկնիկային թատրոնների փառատոն է, որին մասնակցում են բազմաթիվ տիկնիկային թատրոններ, թատերախմբեր և թատերական գործիչներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից։ Միջոցառման շրջանակներում Դսեղում, ինչպես նաև Հայաստանի այլ համայնքներում ցուցադրվում են տիկնիկային անվճար ներկայացումներ թումանյանական և այլ մոտիվներով։