Հայկական եկեղեցական ճարտարապետության առանձնահատուկ օրինակներից է Սանահինի վանքը, որը գտնվում է Ալավերդի համայնքի մաս կազմող Սանահին գյուղում։ Այս տարածքը դեռևս 4-րդ դարից հայտնի է եղել որպես հոգևոր կարևոր կենտրոն։ Ներկայիս վանքի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսին՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք։

Ըստ ավանդության, Սանահին անունը ծագել է վանքի ճարտարապետի և իր որդու միջև վեճի արդյունքում։ Սանահինում վանք կառուցելու համար իշխաններից մեկը հրավիրում է մի հայտնի վարպետի, ով աշխատանքը սկսում է իր որդու հետ։ Շինարարության ընթացքում երկուսի միջև վեճ է ծագում, և որդին հեռանում է Սանահինից։ Ճանապարհին նա հանդիպում է մեկ այլ իշխանի, ով հանձնարարում է երիտասարդին կառուցել վանք հանդիպակաց լեռան վրա։ Աստիճանաբար վանքի պատերը վեր են խոյանում, տեսանելի դառնում Սանահինի կողմից։ Հայրը որոշում է այլցելել և մոտիկից տեսնել այդ շինությունը։ Երբ նա հանդիպում է իր որդուն, հարցնում է, թե՝ ի՞նչ է կառուցում, որին որդին պատասխանում է․ «Հաղթանակի պատ»։ Հայրը մատնացույց է անում իր կառուցած վանքին և ասում․ «Հիշի՛ր, որ սա նրանից հին է»։ Այստեղից էլ գալիս է Սա-նա-հին անունը։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Կլոր տարի
Հեռավորություն
51 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով
Տեսնել
Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Կայանբերդ ամրոց (11.8 կմ)
Սանահինի միջնադարյան կամուրջ (7.2 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (700 մ)
Հաղպատի վանական համալիր (15.2 կմ)
Օձունի տաճար (14.8 կմ)
Ալավերդու պատկերասրահ (6.4 կմ)

Սանահինի գլխավոր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 966 թվին Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կողից ի պատիվ իրենց երկու որդիների՝ Կյուրիկեի և Սմբատի։ Թագավորական ընտանիքը այստեղ հիմնեց միաբանություն և կրոնական դպրոց, և հրավիրեց հոգևորականների, բարձրագույն կրթությամբ վարդապետների և գրիչների հաստատվել այստեղ։ Սանահինը շուտով դարձավ Կյուրիկյան թագավորության հոգևոր նստավայրը, որով էլ պայմանավորված էր վանքի հետագա ընդլայնումը։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին (928-944) և Սուրբ Ամենափրկիչ հիմնական եկեղեցիներից (966), որոնք ունեն իրենց առանձին գավիթները (հապատասխանորեն 1211 և 1181), ճեմարանից (10-11-րդ դարեր), զանգակատնից (1235) և մատենադարանից (1063)։ Այլ կառույցներից են Սուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին (10-րդ դար), սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան և Զաքարյան տոհմերի դամբարանները։

Սանահինի ճեմարանի կառույցը յուրահատուկ օրինակ է աշխարհիկ շինությունների շարքում։ Սուրբ Աստվածածնի գավթին հարող այս ուղղանկյուն լսարանը ունի իրար կողքին արված որմնախորշեր, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են վանականների համար որպես նստատեղեր։

Սանահինը կրթության կարևոր կենտրոն էր, որտեղ աստվածաբանությունից զատ ուսուցանում էին փիլիսոփայություն, գեղագրություն, բժշկագիտություն, հռետորաբանություն, երաշժտություն, տոմարագիտություն, և այլն։ Նշանավոր վարժապետներից էր Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Իր «Թղթեր» աշխատությունում նա արժեքավոր տեղեկություններ է հաղորդել ժամանակի քաղաքական և կրոնական խնդիրների մասին, ինչպես նաև արտահայտել է իր մտքերը կենսաբանության, աստղագիտության, երաժշտագիտության, գեղագիտության, գրականության, առասպելաբանության, բժշկագիտության և բնագիտության մասին։

Հարևան Հաղպատի վանքի հետ միասին, Սանահինի վանքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության ցանկում, որպես հայկական և բյուզանդական եկեղեցական ճարտարապետության յուրահատուկ օրինակ։