Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի անմիջական հարևանությամբ՝ 9 կմ հեռավորության վրա է գտնվում մի գողտրիկ անկյուն՝ Փամբակ գյուղը։ Այն տեղակայված է Փամբակ գետի ափին, գեղատեսիլ անտառների հենց գրկում, ինչը հնարավորություն է շնորհում տարվա յուրաքանչյուր եղանակին վայելել Դեբեդի Կիրճի սքանչությունը․ ձմեռները համամատաբար մեղմ են, ամռաները՝ զով:
Գյուղը հիմնադրվել է 1895 թվականին Վրաստան-Ղարաքիլիսա երկաթգծի շինարարության ժամանակ։ Չնայած այս բնակավայրի մասին հիշատակություններ կան դեռևս վաղ ժամանակներից, որոնք տեղահանվել են 1600-ական թվականներին։
Գյուղի յուրահատկությունը կայանում է հարակից տարածքներից բացվող աննախատիպ բնապատկերների առատության մեջ։ Յուրաքանչյուրի ուշադրությունը անմիջապես կգրավի գյուղի կողային լեռներից գահավիժող առուների, ինչպես նաև դիմացի սարից դեպի Փամբակ գետը շտապող «Բնձոր» վտակի համայնապատկերը: Բացատները, բլուրները և բնական աղբյուրները Փամբակի անմնացորդ մասն են կազմում։
Այստեղ է գտնվում Փամբակ երկաթուղային կայարանը, որի բացումը տեղի է ունեցել 1899 թվականի հունվարի 25-ին։
Գյուղի տարածքից 2-3 կմ հեռավորության վրա կան 12-18-րդ դարերին վերագրվող մի շարք խաչքարեր և մատուռ։ Գյուղը կգրավի հատկապես էկոտուրիզմը նախընտրողներին, իսկ ակտիվ ժամանցի սիրահարների համար, ցավոք, համապասխան վայրերն այդքան էլ շատ չեն, սակայն առանձանահտուկ ուշադրության է արժանի «Հեքիաթի տունը», որն աչքի է ընկնում իր բովանդակային մոտեցմամբ։ Այստեղ պարբերաբար բեմադրվում են ներկայացումներ՝ վերցրած ժողովրդական հեքիաթներից։ Հնարավորություն կա նաև գիշերել և ըմբոշխնել տեղական ուտեստները, ծանոթանալ Լոռվա մշակույթին և սովորույթներին, ինչպես նաև վայելել տեղի մրգերից պատրաստված խմիչքները։
Փամբակում է գտնվում նաև Արեգա հյուրատունը։