Ճարտարապետ` Սարգիս Գուրզադյան, 1982
Սանահին գյուղում 20-րդ դարի երկու ամենահայտնի հայերի` Անաստաս և Արտեմ Միկոյանների թանգարանի բացման համար անհրաժեշտ էր կառուցել այս երկու խոշոր պատմական ականավոր դեմքերին նվիրված համապատասխան ահռելի հուշարձան: Այդ առաջադրանքը բաժին հասավ ճարտարապետ Սարգիս Գուրզադյանին, որը հայտնի էր շինությունները գրեթե քանդակագործական հմտությամբ նախագծելու իր ունակությամբ:


Արտեմ Միկոյանի լեգենդար ՄԻԳ կործանիչի ինժեներական վարպետությունից ու արագությունից ոգեշնչված Գուրզադյանը նախագծեց մի հուշարձան, որում հաջողվեց բարդ փոխաբերական զուգորդումները համադրել պարզ ու հանճարեղ ոճի մեջ:
Միաձույլ բետոնե թևի տեսքով կառուցված հուշարձանը, որն իր հիմքից վեր է խոյանում դեպի ազատ տարածություն, հեռվից նման է Բրանկուզիի վիթխարի վերացական ստեղծագործության:
Բայց կառույցն ունի նաև գործառութային նշանակություն. այն պաշտպանում է իր տակ տեղադրված ՄԻԳ-21-ի բնօրինակ մոդելը:


Մի զարմանալի հնարքով այս կորացած բետոնե սալաքարը թեթև ու նրբագեղ է թվում, և այդ հանգամանքը վկայում է ոչ միայն Գուրզադյանի տաղանդի, այլև տվյալ ժամանակաշրջանում հայկական ճարտարապետության ահռելի ձգտումների մասին:
Ըստ էության, հուշարձանը մեկն է բազմաթիվ այլ` առանց հիմքի, «կախված» բետոնե կառույցներից, որոնք 1960-ականներին սկսեցին ի հայտ գալ Հայաստանի տարբեր հատվածներում:


Սովորաբար դրանք կիսով չափ գործող կամ բոլորովին չգործող շինություններ էին, որոնք կատարում էին դիտահրապարակի (Սևանա լճի ափերին), խորհրդանշական դարպասների (Աբովյան քաղաքի մերձակայքում հանրահայտ «Թևերը») և նույնիսկ ավտոբուսի կանգառների գործառույթ:
Ձևով մինիմալիստական և դեկորատիվ տարրերից զուրկ այսպիսի շինությունները նշանավորեցին տեղական ճարտարապետության զարգացման նոր փուլը, որն ամբողջությամբ հրաժարվում էր տեղական շինարարական ավանդույթներից` հօգուտ մոդուլային, ամբողջությամբ արդյունաբերական և մեխանիզացված մեթոդների մասին միջազգային պատկերացումների:


Միկոյանների հուշարձանը վառ արտացոլում է մոդեռնիստական այն համոզմունքը, որ տեխնոլոգիական առաջընթացն ու ճարտարապետության ուժը կարող են ձևավորել ապագան` գաղափար, որ Գուրզադյանն ու նրա ժամանակակիցները հատկապես ցանկանում էին կյանքի կոչել այնպիսի հեռավոր արդյունաբերական կենտրոններում նախագծված շինություններում, ինչպիսին է Ալավերդին:

