Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկած զինվորների հուշարձան, Ալավերդի
Դեբեդ գետի ափերին կառուցված Ալավերդի քաղաքը Հայաստանի ամենափռված, ապակենտրոնացած քաղաքային կենտրոններից է, իսկ թաղամասերը միմյանցից բաժանված են կիրճերով ու ձորակներով: Ուստի անտեղյակ այցելուին թվում է, թե քաղաքի` հեռվից երևացող հատվածներն անհասանելի են:
Գուցե սա է պատճառը, որ շատ քչերի մտքով է անցնում գտնել դեպի Դեբեդ գետի աջ ափի հսկայական հուշարձանը տանող ճանապարհը, որը ֆուտուրիստական կառույցի պես վեր է խոյանում Ալավերդի քաղաքի հարավային մուտքը շրջապատող անտառից:


1985 թվականին` Երկրորդ աշխարհամարտի ավարտի 40-րդ տարեդարձին նվիրված հուշարձանն ունի ավելի քան 20 մետր բարձրություն և Հայաստանում իր տեսակի մեջ ամենաբարձրն է:
Կառուցվածքով աշտարակ հիշեցնող համալիրը երկար ծառուղու վերջում է, ինչն է’լ ավելի է ընդգծում հուշարձանի մոնումենտալությունը:
Ճարտարապետը, որի անունն այդպես էլ չի հաջողվել պարզել, ստեղծել է միմյանց հետ փոխկապակցված երկրաչափական մարմինների ամբողջություն, որն անմիջապես հիշեցնում է 1960-70-ականների սովետական և արևելաեվրոպական ճարտարապետության բրուտալ գեղագիտությունը:


Միևնույն ժամանակ, հուշարձանը նաև միավորում է հայկական էկլեզիաստիկ և գոթական ճարտարապետության որոշ տարրեր, որոնք դրսևորվում են մոխրագույն տուֆ քարի և նեղ ու բարձր փորակների օգտագործման մեջ, որոնք սովորաբար հանդիպում են միջնադարյան ամրոցներում ու տաճարներում:
Վերացական ու պատմական ձևերի այս համադրությունը վկայում է տեղական և միջազգային ճարտարապետության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին, որտեղ մոդեռնիզմի պուրիտանական գաղափարներն իրենց տեղը զիջում էին հիբրիդային ու էկլեկտիկ մոտեցումներին, որոնք էլ ավելի ուշ սահմանվելու էին որպես պոստմոդեռնիզմ:


Հուշարձանից մի քանի կիլոմետր հյուսիս քայլելու դեպքում այցելուն քաղաքի կենտրոնական հրապարակում շատ ավելի պարզ ու համեստ շինության կհանդիպի:
1946 թվականին ստեղծված այս հուշարձանը, որը նախագծել է հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, նույնպես նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ընկած զինվորներին:
Սակայն ոճային առումով այն բոլորովին տարբեր է, քանի որ Իսրայելյանը տառացիորեն «վերածնել է» հայկական միջնադարյան աղբյուրների ավանդույթը` դրանք վերածելով արդի «ազգային» ճարտարապետության նոր խորհրդանիշների:
Պատերազմին նվիրված այս երկու հուշարձանների առանցքային տարբերությունը վառ արտացոլում է հայկական արվեստի և հասարակության մեջ տեղի ունեցած ահռելի փոփոխություններն ընդամենը քառասուն տարվա ընթացքում:

