Դեբեդի կիրճի գեղեցիկ և կոլորիտային բնակավայրերից է Մարց գյուղը։ Այն գտնվում է համանուն՝ Մարց գետի ափին, Քարինջ գյուղի հարևանությամբ։
Մարցի կենտրոնական հատվածում է գտնվում «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին։ Գյուղի շրջակայքով անցնելիս կարելի է հանդիպել խաչքարերի գեղեցիկ նմուշների։ Մասնավորապես «Ճգնավոր» հանդամասում կա թվով հինգ արձանագրություններով հարուստ խաչքարեր, որոնցից հատկապես աչքի է ընկնում 13-րդ դարով թվագրվող Ամենափրկիչ տիպի խաչքարը։
Գյուղից 5 կմ հյուսիս-արևելքում է գտնվում «Իգատակ» հանդամասը, որտեղ պահպանվում է անմշակ քարերով կառուցված «Սուրբ կիրակի» մատուռը։
Չնայած այն հանգամանքին, որ գյուղում չկան զբոսաշրջային ենթակառուցածքներ, գյուղն ունի էկոտուրիզմի կազմակերպման բոլոր նախադրյալները։
Այստեղ՝ հայտնի նկարիչ Փանոս Թերլեմեզյանը պատկերել է «Մարց գետի ափը» հայտնի կտավը։