Դեբեդի կիրճի փոքրիկ, բայց կոլորիտային բնակավայրերից է Քարինջը։ Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու 30-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Թումանյան քաղաքից աջ թեքվող հատվածում Մարց գետի ձախ հատվածում։ Գյուղում կա 10-րդ դարի ոճով կառուցված մատուռ, ինչը վկայում է, որ տվյալ ժամանակահատվածում գյուղում եղել է որոշակի քանակությամբ բնակչություն։ Քարինջի բնակիչները ծագումով հարևան Մարց գյուղից են։ Ինչպես գիտենք Մարցում և հարակից հատվածներում բնակչության մասին փաստարկներ կան դեռևս շատ հին ժամանակներից։
Քարինջն այժմ գտնվում է Թումանյան խոշորացված համայնքի վարչական տարածքում, որտեղ ներառված են նաև Թումանյան քաղաքը, Մարց, Ահնիձոր,Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերը։ Գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և որոշ մշակաբույսերի մշակմամբ։
Գյուղի վարչական տարածքը մի կողմից եզերում է Դեբեդի կիրճը, մյուս կողմից Մարցի կիրճը, ինչն ինքնատիպ գեղեցկություն է հաղորդում համայնքին հեռվից դիտելիս։ Բացի դա, գյուղի վերին հատվածը գրեթե ամբողջությամբ ծածկված է անտառներով։
Քայլարշավի սիրահարների համար Քարինջն իդեալական վայր է։ Այստեղից Թումանյան քաղաք կա քայլարշավի գեղեցիկ արահետ։ Ինչպես նաև Մարց գետի ափ իջնող արահետ, որից հետո այն կարող է Դսեղ բարձրացող արահետին միանալ և օգտվել մշակված արահետից։ Արահետ կա նաև դեպի հարևան Մարց։
Քարինջում դեռևս չկան տուրիստական ենթակառուցվածքների բավարար քանակ, սակայն այն ունի բավականին մեծ պոտենցիալ, հատկածես էկոտուրիզմի շրջանակում։