Հոռոմայրի վանական համալիրը գտնվում է Օձուն գյուղից մոտ 3 կմ հարավ-արևելք: Չնայած առաջին անգամ հիշատակվել է դեռևս 7-րդ դարում, վանքի մեզ հասած հատվածները կառուցվել են 12-14-րդ դարերում: Այս եզակի վանքը բաղկացած է երկու մասից. ստորին վանքը, որը հայտնի է նաև որպես «Ձորամիջի վանք», գտնվում է Դեբեդի կիրճի ձախ լանջի ժայռերի տակ, իսկ վերին մասը, որը հայտնի է որպես «Ձորաեզրի վանք», գտնվում է վերևի սարահարթի եզրին:
Ավանդության համաձայն, վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից: Մեկ այլ պատմություն վկայում է, որ Հոռոմայրի վանքի հիմնադիրը Վասիդ անունով հույն քրիստոնյա էր, որը դավանափոխ էր եղել հայկական եկեղեցու հավատքին `տեսնելով Հովհան Օձնեցի կաթողիկոսի կողմից արված հրաշքի: Նա բնակություն էր հաստատել կիրճի լանջին գտնվող քարանձավներում և հիմնել տեղանքի առաջին եկեղեցին: Այսպիսով, վանքը հայտնի դարձավ որպես Հոռոմայր՝ հույն կամ բյուզանդական ծագում ունեցող մարդ և այր՝ քարանձավ բառերից: 11-րդ դարում վանքը ձեռք բերեց Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի մասունքները, ուստի եկեղեցուն տրվեց Սուրբ Նշան անունը:
Հակիրճ տեղեկություն
Ի՞նչ տեսնել մոտակայքում
Վանքի ստորին մասի գլխավոր եկեղեցին ՝ Սուրբ Նշանը, միանավ եկեղեցի է, որը կառուցվել է 1187 թվականին Զաքարյան իշխանների կողմից, իսկ զանգակատունը ավելացվել է 1290 թվականին: Եկեղեցու միակ մուտքը զարդարված է Հիսուս Քրիստոսի բարձրաքանդակով: Սուրբ Նշան եկեղեցուն կից կա մեկ այլ միանավ եկեղեցի, որի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռը կառուցվել է 1201 թվին: Իսկ Սուրբ Նշանից ընդամենը 25 մետր դեպի հյուսիս կա 1301 թվին կառուցված Սուրբ Աստվածածաին մատուռը։ Դրան կից է մեկ այլ կիսավեր մատուռ՝ Սուրբ Առաքյալ անունով: Համալիրի շրջակայքում հայտնաբերված են մեծ թվով 13-րդ դարի խաչքարեր:
Վանքի վերին՝ սարահարթում գտնվող հատվածը, կառուցվել է Հոռոմայրի վանականների կողմից, և չնայած այն առանձնանում է հիմնական համալիրից և որոշ չափով մեկուսացված է, այն համարվում է Հոռոմայր վանքի մի մասը: Ձորաեզրի վանքը բաղկացած է երեք կից կառույցներից. երկու միանավ եկեղեցիներից և նրանց միջև գտնվող գավթից, որոնք միասին ստեղծում են գեղեցիկ համաչափություն:


Հյուսիսային կողմի եկեղեցին և 13-րդ դարի գավիթը կառուցված են դեղնավուն և դարչնագույն երանգի ֆելզիտ քարով, մինչդեռ 1206 թվականին կառուցված հարավային եկեղեցու կառուցման համար օգտագործվել են մուգ մոխրագույն բազալտե քարեր: Սա համալիրին տալիս է բավականին յուրահատուկ տեսք:
Հոռոմայրի վանական համալիրի ստորին հատվածը հասանելի է միայն ոտքի ճանապարհով: Կարող եք քայլել Քոբայրի վանքից եկող արահետով, կամ իջնել Օձուն գյուղից, որը ամենակարճ տարբերակն է: Քոբայրի վանքից դեպի Հոռոմայրի ստորին վանքի մոտով անցնում է մի հիանալի արշավային արահետ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն այցելել միջնադարյան Հայաստանի կարևոր կրոնական վայրերը, այլև ճանապարհին վայելել Դեբեդի կիրճի ցնցող տեսարանը: Այս արահետը հասանելի է HikeArmenia հավելվածում: Նշենք, որ Հոռոմայրի վանքի վերին համալիրը կարող եք հասնել ոտքով, մեքենայով կամ հեծանիվով Օձունի կողմից։