Հաղպատի վանական համալիրը հայկական եկեղեցական ճարտարապետության գլուխգործոցներից է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող այս հուշարձանը տեղական և բյուզանդական ճարտարապետական ավանդույթների յուրահատուկ համադրություն է։ Վանքի գլխավոր Սուրբ Նշան եկեղեցին հիմնադրվել է 976 թվին Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կողմից ի արևշատություն (երկարակյացություն) իրենց երկու որդիների՝ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե)։
Ըստ ավանդության, «Հաղպատ» անունը ծագել է մոտակա Սանահին վանքի կառուցման ժամանակ հոր և որդու վեճի արդյունքում։ Սանահինում վանք կառուցելու համար իշխաններից մեկը հրավիրում է մի հայտնի վարպետի, ով իր հետ բերում է իր որդուն։ Շինարարության ընթացքում երկուսի միջև վեճ է ծագում, և որդին հեռանում է Սանահինից։ Ճանապարհին նա հանդիպում է մեկ այլ իշխանի, ով հանձնարարում է երիտասարդին կառուցել վանք հանդիպակաց լեռանը։ Աստիճանաբար վանքի պատերը վեր են խոյանում, տեսանելի դառնում մյուս սարին աշխատող հոր համար։ Վերջինս որոշում է այլցելել և մոտիկից տեսնել այդ շինությունը։ Պատերն ուշադիր զննելուց հետո, վարպետը հայտարարում է՝ ախ պատ, ամուր պատ։ Այսպես էլ վանքը հայտնի դարձավ որպես Հաղպատ։
Հակիրճ տեղեկություն
Ի՞նչ տեսնել մոտակայքում
Հաղպատի վանքը բաղկացած է Սուրբ Նշան գլխավոր եկեղեցուց և իր գավթից, Սուրբ Գրիգոր (1023-1025 թթ․) ու Սուրբ Աստվածածին եկեղեցիներից (1208-1220 թթ․), 11-րդ դարի գրադարանից, 1245 թվին կառուցված զանգակատնից, դամբարանից, և մոտ 270 վանականի համար նախատեսված սեղանատնից։ Համալիրը 10-11-րդ դարերում պարսպապատվել է։ Հաղպատի վանքը՝ որպես միջնադարյան Հայաստանի կարևոր կրոնական, մշակութային և գիտակրթական կենտրոն՝ հայտնի է նաև այնտեղ ստեղծված ձեռագիր մատյաններով։
Հաղպատի վանքում մի շարք հայտնի գիտնականներ են դասավանդել, այդ թվում լեզվաբան և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը։ Այստեղ մեծ ներդրում է ունեցել Հովհաննես Սարկավագը, ով բարեփոխել է հայկական եկեղեցական օրացույցը և հեղինակել մի շարք գիտական աշխատություններ մաթեմատիկայի, աստվածաբանության, բժշկության և այլ ոլորտների վերաբերյալ։ Իր ծաղկման շրջանում Հաղպատում կային ավելի քան հինգ հարյուր վանականներ։ Այս շրջանում վանքը նշանավոր էր դարձել հայերեն լեզվով գրված մեծաթիվ ձեռագրերով՝ դառնալով առաջին հայկական Մատենադարանը։


12-րդ դարում՝ Զաքարյան իշխանների կողմից Հայաստանը սելջուկ թուրքերից ազատագրելուց հետո, երկիրը թևակոխում է խաղաղ ժամանակաշրջան, որի ընթացքում արագորեն զարգանում են արվեստն ու մշակույթը։
Այս շրջանում են ստեղծվել բազմաթիվ պատկերազարդ ավետարաններ և ձեռագրեր, որոնցից առավել նշանավոր է Հաղպատի ավետարանը՝ ստեղծված 1211 թվին Հաղպատում և հետագայում Անի քաղաքում Մարգարե Ծաղկողի կողմից նկարազարդված։
Այս ձեռագիրը յուրահատուկ է իր գեղագիտական ոճով․ բացի միջնադարյան կանոնիկ կրոնական և տարբեր աստիճանների հոգևոր այրերի պատկերներից, այստեղ են նաև աշխարհիկ կյանքի դրվագներ, ամենօրյա կենցաղի և ավանդական հագուստներով տղամարդկանց ու կանանց պատկերներ։ Այժմ այս ձեռագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մեկ այլ կարևոր արվեստի գլուխգործոց է Հաղպատի Ամենափրկիչ խաչքարը՝ ստեղծված 1273 թվին վարպետ Վահրամի կողմից։ Այս տիպի խաչքարերից շատ քիչ նմուշներ են հասել մեր օրեր։ Ի տարբերություն մյուս խաչքարերի զուտ երկրաչափական պատկերների, Ամենափրկիչ խաչքարը պատկերում է խաչելության տեսարանը և խաչին գամված Քրիստոսին։ Նրան շրջապատում են Մարիամ Աստվածածինն ու Մարիամ Մագդաղենացին, տասներկու առաքյալները և հրեշտակների դասերը։ Կամարի տակ գտնվող այս խաչքարի վրա պահպանվել են որդան կարմիր ներկի հետքերը։ Վարպետ Վահրամի հեղինակած մեկ այլ Ամենափրկիչ խաչքար գտնվում է Դսեղ գյուղի հին գերեզմանոցում։
1996 թվին Հաղպատն ու իր հարևան Սանահինի վանքը դարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության մաս, որպես եկեղեցական ճարտարապետության գլուխգործոցներ և միջնադարյան հզոր գիտակրթական կենտրոններ։
