Ձորագյուղը գտնվում է Փամբակ և Ձորագետ հոսանքների անկյունում և իր 1250 մ ծովի մակարդակից բարձր դիրքից նայում է դեպի կիրճի խորքում գտնվող Ձորագյուղի այգիները։ Գյուղը հիմնադրել են 1804 թվին Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքները։
Իր անունը գյուղը ստացել է նախկինում ձորի ներսում տեղակայված լինելու պատճառով, հետագայում միջավայրի անհարմարության պատճառով բնակիչները տեղափոխվել են դեպի վեր՝ հին գոմերը թողնելով ներքևում։ Գյուղի ներսում կան երկու եկեղեցիներ՝ հինը (12-13-րդ դարեր) և նորը (19-րդ դար)։
Ձորի սրտում՝ Ձորագետի հոսանքի երկու կողմերում կարող եք նկատել 10-13-րդ դարերում կառուցված «Քիր ու Ախպեր Ամրոցները»։ Ըստ ավանդազրույցի, ժայռերի գագաթի այս դիտակետերը կառուցել են իշխանական ծագում ունեցող ընտանիքի քույր և եղբայր, և միմյանց հետ մրցել իրենց ռազմական կարողություններով։ Անգամ պարան են տարել մի ծայրից մյուսը, որով իրար գինու թաս են փոխանցել և կենացներ ասել։ Ձորի սրտում է տեղակայված նաև Հնեվանքը (7-13-րդ դարեր), որը վերջերս ամրակայվել է և աչքի է ընկնում իր համալիր լուծումներով։ Ձորագյուղ հասնելու համար պետք է խարխուլ ճանապարհ անցնեք, ապա գիշերեք տեղի մի քանի հյուրատներում։