Այս երևույթը բոլորովին նման չէ որևէ այլ բանի. արտաքինից տարօրինակ բետոնե կառույցներ, որոնք տեղակայված են Հայաստանի մայրուղիների ու միջմարզային ճանապարհների` տասնամյակներ շարունակ անմարդաբնակ ու լքված թվացող հատվածներում։ Այս կանգառները մի ժամանակ  խորհրդային քաղաքային կյանքի կարևոր մաս էին և սպասարկում էին հեռավոր գյուղերի բնակիչներին, որոնք հաճախ մայրուղիներից էին ավտոբուս նստում` շրջկենտրոն հասնելու համար: Կիրառական այս կառույցների առանձնահատկությունը դրանց հնարամիտ, խայտաբղետ և երբեմն նույնիսկ արտասովոր ձևերն են:
Հասկանալի է, որ Խորհրդային Հայաստանի ճարտարապետներն ուղևորների համար սպասասրահ նախագծելու պարզ խնդիրն օգտագործում էին որպես ֆորմալ և ինժեներական փորձարարության բացառիկ առիթ, ինչը հանգեցրեց 20-րդ դարի ճարտարապետական նախագծման խորհրդային բացառիկ խորհրդանիշի ստեղծմանը:

Այս ավանդույթը վկայում է նաև խորհրդային մշակույթի ու հասարակության ավելի ընդգրկուն փոփոխությունների մասին, որոնք սկսվեցին 1950-ականների կեսերին` Նիկիտա Խրուշչովի «ապաստալինիզացման» գործընթացի հետ: Կոմունիստական կուսակցությունը, որը վճռել էր մրցել արևմուտքի հետ «ուտոպիստական» հասարակություն ստեղծելու հարցում, նախաձեռնեց մեծաթիվ նախագծեր, որոնց նպատակը քաղաքացիների կյանքն ավելի հեշտ ու հաճելի դարձնելն էր: Սա նշանակում էր ամբողջ հասարակական համակարգի վերակազմավորում, այդ թվում և վերաիմաստավորում այնպիսի հանրային տարածքների, որոնք կամ մռայլ ու ճնշող էին, կամ ուղղակի գոյություն չունեին ստալինյան բռնաճնշումների տարիներին: Արտառոց ու միանգամայն արդիական ավտոբուսի կանգառները վկայում էին այն մասին, թե այս նոր քաղաքականությունը որքանով էր ձևափոխել խորհրդային սոցիալիստական կյանքը:

 

Սպիտակն Ալավերդուն կապող մայրուղու, ինչպես նաև Դեբեդի կիրճ տանող կենտրոնական ճանապարհներին դեռևս պահպանվել են մեծ թվով այսպիսի յուրօրինակ մնացուկներ, որոնց մի մասը մինչ օրս  գործում է: Լավագույն օրինակներից մեկը 1960-ականներին կառուցված երեք փոխկապակցված բետոնե հովանոց հիշեցնող համադրությունն է, որը կարելի է տեսնել Սպիտակ-Վանաձոր խճուղու մի հատվածում: Բետոնից ու քարից կառուցված այլ խիստ մոդեռնիստական տարբերակներ հանդիպում են թե՛ Թումանյան քաղաքի մոտակայքում, թե՛ Դեբեդ, Օձուն և Վահագնաձոր գյուղերի մուտքի մոտ:
1970-ականների վերջին հայկական ճարտարապետական բյուրոները սկսեցին մշակել երկաթից ու փայտից մոդելներ, որոնք ավելի ծախսարդյունավետ էին, թեթև ու ճկուն: Սա նույնպես փոխեց կանգառների գեղագիտական ուղղվածությունը` վաղ մինիմալիստական ձևերից հասցնելով ավելի գեղազարդ ու գունեղ տարբերակների, որոնք հանդիպում են Վանաձորում և Ալավերդիում:

 

Չնայած ավտոբուսի կանգառների ճարտարապետության խորհրդային ոճը 1990-ականների վերջից սկսած գրավել է մեծ թվով արևմտյան լուսանկարիչների ու գիտնականների ուշադրությունը, բուն Հայաստանում բոլորովին վերջերս են սկսել կարևորել դրանց նշանակությունը: Արդյունքում, ցավոք, այս ճարտարապետական ոճի լավագույն և մանրակրկիտ նախագծված նմուշներից շատերը կորսվել են անտարբերության, վանդալիզմի կամ բարեկարգման պատճառով:
Պահպանված նմուշները սովետական կայսրության ուտոպիստական ձգտումների հզոր վկայություններ են, ուստի եթե նկատեք դրանք, անպայման իջե՛ք մեքենայից ու լուսանկարե՛ք, քանի դեռ անդարձ չեն կորսվել