Ամռան ամիսներին հայտնվելով Դեբեդի կիրճում՝ քայլեք մի փոքր զգույշ ու ուշադիր, քանի որ զմրուխտյա կանաչ դաշտերի, խիտ անտառների ու խրոխտ լեռների մեջ «խոնարհաբար թաքնված են» բազմագույն հատապտուղներ։ Այստեղ բնությունն ամեն կերպ փորձել է հոգալ մարդկանց թե՛ ֆիզիկական թե՛ հոգևոր բարեկեցության, և էսթետիկ վայելչության համար՝ պարգևելով անուշաբույր բարիքներ (ելակ, ազնվամորի, վայրի մորի, մոշ, սև և կարմիր հաղարջ, փշահաղարջ(կոկրոշ), սզնի(ալոճ), իսկ աշնանը՝ մամուխ, մասուր)։ Ծածկելով խիտ թփուտներով ու երբեմն նույնիսկ փշերով՝ բնությունը կարծես փորձում է խնամքով քողարկել իր բարիքները, որպեսզի նրանք աճեն բացառապես բնական պայմաններում, կլանեն բնական սննդանյութեր և հնարավորինս չաղտոտվեն քաղաքակրթությամբ:
Գաղտնիք չէ, թե որքան կենսական է հատապտուղների նշանակությունը հատկապես գավառաբնակների համար։ Ամռան առաջին իսկ օրերից սկսած, շրջելով Դեբեդի կիրճում, կհանդիպեք կանանց, տղամարդկանց, տարեցների և երեխաների, ովքեր տարաները պատրաստած, «բրդուճները» (հաց ու պանիր) ձեռքերին, զրուցելով ու երգելով գնում են բնության բարիքների հետքերով։ Կարող եք միանալ արկածային երթին և հավաքել ձեր բաժին համեղությունը։ Տեղացիները, բարեկամաբար կբացատրեն յուրաքանչյուր հատապտուղի «բնավորությունը» և կներկայացնեն, թե ինչ խնամքով ու հոգատարությամբ է անհրաժեշտ հավաքել բնության այս պարգևները։
Կիմանաք, որ ելակն ու վայրի մորին, պետք է փնտրել հողին շատ մոտ։ Չնայած իրնեց վառ երանգներին՝ այս հատապտուղները որքան մեծանում, այնքան խոնարհվում են և թաքնվում կանաչ տերևների տակ՝ փորձելով հնարավորինս մոտ լինել բնությանը։ Ազնվամորին իր անվանը բնորոշ վերաբերմունք է պահանջում․ պետք է լինել շատ նուրբ․ մի փոքր ավելորդ շարժում, և ամբողջը կթափվի գետնին և կվնասվի։ Վստահ եմ, որ անտարբեր չեք կարող անցնել անուշաբույր մոշի կողքով, որը թեև իր ցողունները պատել է փշերով, սակայն աճում է հասանելի վայրերում՝ թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների, անտառների ու ճանապարհների եզրերին և իր մուգ, հագեցած գույներով գերում յուրաքանչյուրին։ Հերթը կարմիր գրքում գրանցված նուրբ ու բազմագույն հաղարջներինն է։ Դեբեդի կիրճում հիմնականում հանդիպում են հաղարջենու սև և կարմիր տեսակները։ Այս համեղությունները, չնայած իրենց քնքուշ տեսքին, օժտված են չափազանց օգտակար հատկություններով և հիանալի միջոց են վերականգնելու շոգից թուլացած մարմինն ու հագեցնելու ծարավը։
Տարվա այս եղանակին գալով Լոռի՝ յուրաքանչյուրը կնկատի, որ տեղացիների համար հատապտուղներն իսկապես առանձնահատուկ նշանակություն ունեն։ Շատերը նաև իրենց այգիներում ու ջերմոցներում են աճեցնում և վաճառում․բազմաթիվ մարդկանց համար հատապտուղները դարձել են ապրուստի միջոց։
Տարիների ընթացքում մարդիկ իսկապես սովորել են «աշխատել» հատապտուղների հետ և մաքսիմալ ստանալ բոլոր շնորհները, որոնցով օժտել է նրանց բնությունը։ Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում: Պտուղներից պատրաստում են մուրաբաներ, հյութեր, մրգախյուս (ջեմ), մրգանուշ (մարմելադ), աղանդերային գինիներ, մրգօղիներ (լիկյորներ), թեյեր և այլն: Օգտագործվում է նաև հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրության մեջ: Թարմ և չորացված տարբերակները օգտագործվում են վերջերս մեծ պահանջարկ ձեռք բերած մյուսլիների, գրանոլաների, յոգուրտների, ֆրեշների, սմուզիների մեջ՝ որպես գեղեցիկ, օգտակար և իհարկե շատ համեղ հավելում։
Անգնահատելի է նաև հատապտուղների ուժը մարդու թե՛ մարմի, թե՛ հոգու առողջության համար։ Լայնորեն օգտագործվում են նաև ժողովրդական և գիտական բժշկության մեջ և ունեն մի շարք բուժիչ հատկություններ, հատկապես բորբոքումների, մրսածության, արյան շրջանառության, սրտանոթային, ստամոքսաղիքային հիվանդությունների բուժման ժամանակ: Սննդաբանները և մանկաբույժները առանձնահատուկ ուշադրության են արժանացնում այս բարիքներին։
Ի դեպ, այցելելով Լոռվա բնաշխարհ, չմոռանաք գալ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն և մեր «Սմարթ այգում» համտեսել ամենահամեղ ու բազմագույն ազնվամորին և մոշը։