Դեբեդի կիրճի ամենագողտրիկ ու չբացահայտված գյուղերից է Չկալով համայնքը։ Այն՝ մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հյուսիս արևելքի վրա է գտնվում, Դսեղի ճանապարհի աջակողմյան հատվածում։ Բարձր դարավանդի վրա գտնվող համայնքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Քոշաքար լեռը, հետևի հատվածում էլ գեղեցիկ անտառներ և ձորեր են։ Գյուղը 1939թ.-ից կրում է Խորհրդային միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի անունը:
Չկալովից, անտառի միջով գեղեցիկ քայլարշավի արահետներ կան դեպի Դսեղ, իսկ հյուսիսային հատվածից՝ դեպի Դեբետ, որոնք դեռևս կահավորված չեն ցուցանակներով և արահետային նշաններով։
Գյուղի կենտրոնական հատվածում կա գործող եկեղեցի։ Այս փոքր համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ։
Գյուղի հարակից տարածքներում առկա են մի քանի հին գյուղատեղիներ և խաչքարեր, ինչը փաստում է այստեղ դեռևս վաղ ժամանակներում մարդկանց բնակվելու մասին փաստը։