Անտառապատ լեռների գոգավորության մեջ, Փամբակ գետի գեղատեսիլ հովտում, տիրաբար փռվել ու տարածվել է ռեսպուբլիկայի նշանավոր քաղաքներից մեկը՝ քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոն Կիրովականը։ Հայաստանի կոմունիստական պարտիայի և սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, երբեմնի աննշան գավառաքաղաք Ղարաքիլիսայի խարխուլ տնակների փոխարեն այսօր կանգնած է ծանր և թեթև արդյունաբերության խոշոր կենտրոններից մեկը։ Հայկական ազգային ճարտարապետության ոճով կառուցված Կիրովականը ասես խորհրդանշում է Սովետական Հայաստանի տարիների փառքը, բարեկեցիկ կյանք կառուցող երիտասարդի երջանկությունը, ուղիղ՝ դեպի պայծառ ապագա շարժվող մարդու ինքնավստահ ոտնաձայները։ Փողոցներում անհոգ քայլող մարդիկ, մեծ էնտուզիազմով աշխատանքին կցված մեր եղբայրներն ու քույրերը, պիոներական բազում ճամբարների տաղանդավոր սաները լայն ժպիտներով ամենուրեք իրենց սերն ու նվիրվածությունն են հայտնում կոմունիստական պարտիային և սովետական կառավարությանը։

Այսպես կսկսվեր պատմությունը շատ չէ՝ մի 40 տարի առաջ, Խորհրդային Հայաստանում․ այնտեղ, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք մի քանի րոպե միասին ճանապարհորդել։ Այնտեղ, որտեղ չափից դուրս շատ էին հակասությունները, ու մեր սերունդը էդպես էլ չհասկացավ՝ ի վերջո ինչպիսի՞նն էր էդ Խwրհրդային Հայաստանը։ Չհասկացավ, ո՛չ մեր սերունդը, որ պատմություններով էր լսել Սովետի մասին, ո’չ էլ սերունդը, որը պատմում էր առաջին դեմքով։ Չհասկացանք, ու երևի հենց դրա մասին էր Սովետը․ չգիտեմ․․․

Երբեմնի արդյունաբերական քաղաքում, որտեղ եռում էր կյանքը ու չարագուշակ ծխում էին գործարանները, կյանքը մի պահ կանգ առավ․  ճամբարներում այլևս չլսվեցին պիոներների ճիչերը, մեղվի պես աշխատող մարդկանց ձայները դադարեցին, մարդիկ շտապեցին տուն գնալ, մեկընդմիշտ հօդս ցնդեց ծուխը։ Եվ այն հավերժական հարցին, թե վերջապես ո՞վ կամ ինչը քանդեց Սովետը, ես երևի պատասխանեմ, որ բնությունն էր։ Հա, ինչքան էլ որ անմիտ ու սենտիմենտալ կհնչի, Վանաձորի թոքերը վերջապես մի խորը շունչ քաշեցին, արդյունաբերական քաղաքից դառնալով մի հրաշք վայր, մանրուքներում սիրունություն փնտրողների, արկածներ որոնողների, լուսանկարիչների, արվեստագետների, արշավականների, սթալքերների և պարզապես հանգիստը գնահատողների համար։ Բոլոր այս մոռացված վայրերը, որոնք ամբողջովին կրում են սովետի շունչն ու պատմությունը, իրական հետաքրքրություն են ներկայացնում շատ շատերի համար։

Գաղտնիք չէ որ աշխարհի բոլոր անկյուններում կարելի է գտնել ինչ-որ կոնկրետ ուղղվածությամբ փողոցներ, բայց քչերը գիտեն, որ Վանաձորում մի ամբողջ հսկա թաղամաս, խնամքով թաքցնում է սովետական ճամբարները՝ Արտեկը, Աստղիկը, Եղնիկը, Պիոներպալատը, Ծիծեռնակը․․․։ Վերջինս շարունակում է գործել, իսկ նախորդները հիանալի տարբերակ են նրանց համար, ում լքված շենքերը քաշում են ինչպես մագնիսը։ 

«Աստղիկ»

Ահա՝  «Աստղիկը». շատերին գուցե թվա՝ ի՞նչ հետաքրքրություն կա քանդված շենքերի մեջ, սակայն դրանք իսկապես առկա են ու դառնում են հիմնավոր պատճառ բանուգործ թողնելու ու անցնելու դրանք բացահայտելու հետաքրքիր գործին։ Ճամբարն իսկապես հետաքրքիր է կառուցված. ամեն մասնաշենք մուտք ունի դեպի մյուսը։

«Արտեկ»

«Արտեկը» թերևս այս ճամբարներից ամենահայտնին է։ Ասում են, որ անտառի մեջ կառուցված բարձրադիր այս ճամբարն ամեն տարի իր շուրջն է հավաքել հազարավոր երիտասարդ պիոներների՝ տարբեր շրջաններից։ Մասնաշենքերի մեծ մասը ժամանակի ընթացքում քանդվել է, մնացել են մի քանի կիսավեր շենքեր ու գլխավոր՝ կարնավալային մասնաշենքը, որը   մնացած շենքերից առանձնանում է իր ճարտարապետությամբ։ Այն ժամանակների համար խորհրդային մոդեռնիզմի նման արտահայտումը իսկապես հազվագյուտ երևույթ էր։ Կարնավալային մասնաշենքի պատին կարելի է տեսնել երիտասարդ պիոներներով ու աղավնիներով խճանկարը, որը համառորեն պահպանել է իր վառ գույները։

«Պիոներ պալատ»

Պիոներ պալատը նշվածներից ամենախնամքովն է պահպանվել, քանի որ այստեղ երբեմն հսկողություն է իրականացվում։ Իհարկե ոչ այնպիսի հսկողություն, որ կանգնեցնի արկած որոնողին։ Բավական է միայն ոտք դնել ներս ու հայտնվում ես լրիվ ուրիշ աշխարհում։ Սա մի կախարդական վայր է, որը լի է հին և անսովոր առարկաներով։ Այստեղ կարելի է տեսնել և զգալ այնպիսի բաներ, որոնք առօրյայում չկան և չեն էլ լինի։ Ահա լքված շենքերի այդքան հրապուրիչ լինելու պատճառներից մեկը։ Առեղծվածային, հետաքրքիր ու սյուռ․ լքված  շենքերը  իսկապես նոստալջիկ են ու մտածելու տեղիք են տալիս։ Հետաքրքիր է. մենք ապրում ենք քաղաքակիրթ, սարքավորումներից կախված հասարակության մեջ, բայց խունացած պատերն ու վաղուց մոռացված փոշոտ գույքը, մեզ մոտ ինչ-որ անբացատրելի հույզեր են առաջացնում։

«Եղնիկ»

 Եղնիկ ճամբարը անընդհատ հսկողության տակ է, սակայն արկած որոնողների համար միշտ էլ մուտքի թույլտվություն կգտնվի։ Անհրաժեշտ է միայն հսկիչին նայել հետաքրքրությունից վառվող աչքերով ու խնդրել ներս թողնել։ Իսկ բանակցությունները,  հավատացեք՝ իզուր չեն լինի։ Եղնիկի տարածքը հսկայական է․ այստեղ կարելի է քայլել մի ամբողջ օր ու անընդհատ նոր բաներ բացահայտել։ Շենքերում պահպանված են բազում հին իրեր, իսկ որոշ շենքերի ճարտարապետությունը բառացիորեն կստիպի տրորել աչքերը՝ համոզվելու համար, որ տեսածն իրական է։