Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 810 մետր բարձրության վրա է գտնվում Թումանյան քաղաքը։ Այժմյան քաղաքի տարածքը հնում Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր գավառի մասն էր կազմում։ Իսկ բուն բնակավայրը հիմնադրվել է 1926 թվականին և նախկինում կրել է Ձաղիձոր անունը։
Թումանյան է վերանվանվել 1951 թվականին` ի պատիվ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի: Քաղաքի տարածքում գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի բազայի վրա կառուցվել է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, որը գործում էր մինչև խորհրդային կարգերի փլուզումը:
Քաղաքի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից կազմում է մոտ 150 կմ, իսկ մարզկենտրոն Վանաձորից` մոտ 40 կմ: 2016 թվականի տվյալներով առկա բնակչության թիվը 1700-ից ավել է։ Կլիման այստեղ մերձարևադարձային է, ամառները չափավոր շոգ են, իսկ ձմեռները՝ մեղմ։
Թումանյան քաղաքում խորհրդային շրջանից մնացած գործարանների շենքերը, փոքրիկ տներն իրենց կոկիկ պարտեզներով յուրօրինակ քաղաքային միջավայր են ստեղծում։ Համայնքի տարածքում են գտնվում 13-14-րդ դարերի հուշարձաններ (եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր, գյուղատեղիներ), որոնցից թերևս ամենահայտնին Քոբայրի վանական համալիրն է, որը գտնվում է Դեբեդի կիրճի ձախ լանջին։