Մեկ այլ կարևոր տուն-թանգարան է արձակագիր Ստեփան Զորյանի նախկին ամառանոցը, որը գտնվում է Վանաձորի հին թաղամասերում։ Այն վերածվել է թանգարանի 1990 թվականին։ Հետաքրքրական է, որ տունը նախագծել են գրողի որդիները՝ Լևոն և Կարեն Զորյանները։
Ինչպես Թումանյանի, այնպես էլ Զորյանի կյանքը կապված է եղել Լոռի-Թիֆլիս-Երևան ուղղությունների հետ, որոնք, գրողի մանկության տարիների և ստեղծագործական ողջ ուղու հետ միասին, ներկայացված են թանգարանում։ Թանգարանն ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 10:00-18:30
Կիրակի-երկուշաբթի․ ՓԱԿ
Լոռու ձորում ամենահայտնի մշակութային հաստատությունն, իհարկե, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է, որը գտնվում է Դսեղ գյուղի սրտում։ Տունը կառուցել է Թումանյանի հայրը 1860-ականներին։ Այստեղ է ծնվել, ապա իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել ապագա գրողը։ Հետագայում Թիֆլիսում ապրելիս, Թումանյանն այս տանն է անցկացրել ամառվա ամիսները՝ տունն ընտանեկան ամառանոց սարքելով։
Իր 70-ամյակի կապակցությամբ՝ 1939 թվականին, տունը վերածվել է թանգարանի։ Այստեղ ներկայացված են ինչպես տան ամենահին հատվածներն, այնպես էլ հետագա վերանորոգումները։ Նմուշները պատմում են Թումանյանի ընտանիքի պատմությունը և Հովհաննեսի մեծ գրող դառնալու ուղին։ Ցուցադրությունը հետաքրքիր կլինի թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 11:00-17:00
Կիրակի․ 11:00-16:00
Երկուշաբթի․ ՓԱԿ
Գիտության և քաղաքականության պատմությամբ հետաքրքրված մարդկանց համար հետաքրքիր կլինի այցելել Սանահին գյուղի Միկոյան եղբայրների թանգարանը։ Արտեմի և Անաստաս Միկոյանների տուն-թանգարանը բացվեց 1982 թվին, երբ Սանահին բերվեցին Արտեմ Միկոյանի նախագծած ՄիԳ-երից մեկն ու Անաստաս Միկոյանի անձնական ավտոմեքենան: 2017թվից ցուցադրությունը թարմացվել և արդիականացվել է։
Բացի ավիացիոն ինժեներ Արտեմին և Խորհրդային Միության երկարամյա գործիչ Անաստաս Միկոյաններին ներկայացնելուց, ցուցադրությունն ասես այցելուին տեղափոխում է խորհրդային այդ ժամանակները՝ ցուցադրելով նրանց հագուստը, տեխնիկան, պաստառները և անգամ սնունդը։ Թանգարանն ունի նաև գրադարան, որտեղ այցելուները կարող են օգտվել Միկոյաններին նվիրված բազմալեզու գրականությունից և արխիվային փաստաթղթերից։ Թանգարանը գտնվում է Սանահինի վանքի մոտ՝ դեպի Ալավերդի և Դեբեդի կիրճը բացվող հիասքանչ տեսարանով։
Տոմսեր.
Մեծահասակներ. 500 դրամ
6-18 տարեկան երեխաներ․ 250 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաներ․ անվճար։
Աշխատանքային ժամեր․
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 31
Երկուշաբթի-կիրակի․ 9:30 – 16:45
Նոյեմբերի 1 – Մարտի 31
Երկուշաբթի-շաբաթ․ 11:00 – 16:00
Կիրակի․ ՓԱԿ