Հովհաննես Թումանյան
Ցանկացած հայի հարցրեք, թե ով է Մեծն լոռեցին, բոլորն էլ կտան Հովհաննես Թումանյանի (1869-1923) անունը։ Իր ծննդավայր Դսեղն ամբողջ Դեբեդի կիրճում հայտնի է Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանով, իր գրած ստեղծագործություններով և կերպարներով։ Դսեղցիներն անգամ ամեն տարի Թումանյանական օրեր են նշում։
Թումանյանի կերպարները փոխանցում են այս հող ու ջրի, անտառների ու գետերի, նահապետական ավանդույթների և սուր հումորի տեր մարդկանց էությունն այնպիսի նրբությամբ, որ անգամ տասնամյակներ հետո դրանք արդիական ու կենդանի են թվում։ Հարցրեք դսեղի բնակիչներին, թե որտեղից է ձորը նետվել Անուշը, ինչպես հասնել Գիքորի աղբյուրի մոտ կամ լսեք գիժ Դեբեդ գետի ձայները Լոռեցի Սաքոյի ականջներով։
1982 թվին Սերգեյ Իսրայելյանի և Հենրիկ Մալյանի կողմից նկարահանվեց «Գիքոր» ֆիլմի երկրորդ էկրանավորումը։ Ֆիլմը սկսվում է Դեբեդի կիրճի բնության և Դսեղ գյուղի տեսարաններով։ Հատկապես առանձնանում է Համբոյի ու Գիքորի ճամփորդությունը դեպի Թիֆլիս, որի ճանապարհին կանգնում են Դսեղի անտառների մեջ հոսող աղբյուրի մոտ՝ ջուր խմելու։ Այս կետը գյուղում հայտնի է որպես Գիքորի աղբյուր և մինչ օրս այստեղից սառնորակ ջուր է հոսում։
Ստեփան Զորյան
Հայ գրող, արձակագիր և թարգմանիչ Ստեփան Զորյանը ծնվել է 1889 թվին Վանաձորում։ Իր առաջին պատմվածքը՝ «Քաղցածները», լույս է տեսել 1909 թվականին, երբ Զորյանն ընդամենը 20 տարեկան էր, իսկ 1918 թվականին տպագրել է իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տխուր մարդիկ»։ Զորյանն իր վաղ գործերում պատմում է հայկական գյուղի կյանքի և դժվարությունների մասին, հետագայում ստեղծագործություններ է գրում երեխաների և պատանիների համար, պատմական վեպեր, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին իր պատմվածքներում անդրադառնում է շարքային մարդու քաղաքացիական առաքինությանը և պատերազմի ժամանակ դրսևորվող մարդկային վսեմ հատկություններին։
Ուշագրավ աշխատանքներից է «Պապ թագավոր» պատմական վեպը։ Ստեփան Զորյանի գրական ժառանգության կարևոր մաս են կազմում նրա թարգմանությունները, որոնցից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, Իվան Տուրգենևի, Ստեֆան Ցվայգի, Մարկ Տվենի, Գի դը Մոպասանի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։ Զորյանի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազում լեզուներով։ 1990 թվականին Վանաձորում բացվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանը, որն ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հրանտ Մաթևոսյան
Հայտնի լոռեցի գրողների շարքին է պատկանում հայտնի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը (1935-2002)։ Մաթևոսյանը ծնվել է Ահնիձոր գյուղում՝ Մարցագետի հարևանությամբ։ Իր ստեղծագործությունների հիմքը եղել է տեղի բնությունը, հողի հետ ամուր կապը՝ մեկնաբանված փիլիսոփայական լույսի ներքո։ Իր գրական ուղին սկսել է 1961 թվականին գրված «Ահնիձոր» ակնարկով, որում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի կյանքն ու գյուղացուն բաժին ընկած դժվարությունները։ Գյուղի և գյուղացու թեման առանցքային դեր ուներ գրողի ստեղծագործություններում։
Հրանտ Մաթևոսյանի աշխատանքները թարգմանվել և հրապարակվել են մի շարք լեզուներով, ներառյան ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, ուկրայիներեն, չեխերեն և այլն։ Արձակագիր լինելուց բացի, Մաթևոսյանը նաև կինոսցենարիստ էր, մի շարք դասական հայկական ֆիլմեր նկարահանվել են հենց իր գրած սցենարներով։ Դրանցից միգուցե ամենաճանաչվածն է 1969 թվականին Հենրիկ Մալյանի կողմից նկարահանված «Մենք ենք մեր սարերը» գեղարվեստական ֆիլմը։ Մաթևոսյանի գործերից «Աշնան Արևը» և «Տերը» ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ իր ֆիլմային տարբերակը ստացան, նկարահանվելով հենց գրողի հայրենի Ահնիձոր գյուղում։
Միկոյան եղբայրներ
Լոռու մարզի Սանահին գյուղը հայտնի է ոչ միայն այստեղ գտնվող համանուն միջնադարյան վանական համալիրով, այլ նաև այն փաստով, որ այստեղ են ծնվել Խորհրդային Միության երկու ակնառու հայ գործիչներ՝ Անաստաս և Արտեմ Միկոյանները։ Անաստաս Միկոյանը խորհրդային պետական ու քաղաքական գործիչ էր, ով բարձր պաշտոններ էր զբաղեցնում Լենինի, Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի օրոք և անգամ հասավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնին։ Անաստաս Միկոյանը կարևոր դեր է ունեցել 1960-ականներին առաջացած Կարիբյան ճգնաժամի կարգավորման հարցում՝ անձամբ բանակցելով ԽՍՀՄ անունից ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ։
Նրա կրտսեր եղբայրը՝ աշխահրահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը դեռևս 9 տարեկանում բացահայտեց իր սերն ինքնաթիռների հանդեպ։ Համապատասխան ուսում ստանալուց հետո, Միխայիլ Գուրևիչի հետ համատեղ Արտեմ Միկոյանը հիմնեց ՄիԳ կոնստրուկտորական բյուրոն, որտեղ հետագայում նախագծվեցին և ստեղծվեցին բազմաթիվ ինքնաթիռներ։ Նրա թերևս ամենահայտնի ինքնաթիռն է ՄիԳ-21 բազմաֆունկցիոնալ կործանիչը, որը համարվում է աշխարհում ամենատարածված գերձայնային կործանիչը։ Այսօր Սանահին գյուղում գործում է Միկոյան եղբայրների թանգարանը, որտեղ նրանց պատկանող զանազան իրերից բացի, հյուրերը կարող են տեսնել Արտեմ Միկոյանի կողմից նախագծված ՄիԳ-21 ինքնաթիռներից մեկը, ինչպես նաև Անաստաս Միկոյանի ԳԱԶ-12 ԶԻՄ ավտոմեքենան։
Կառլոս Աբովյան
Ծնունդով Վանաձորից, արդիության շրջանի նկարիչ է Կառլոս Աբովյանը, ում անունով էլ կոչվում է Վանաձորի կերպարվեստի թանգարանը։ Աբովյանի կտավներում Լոռիի բնությունն արտացոլված է ուրույն ոճով, օրինակ «Արդվի․ հին գերեզմանատուն», «Լոռի․ մայրամուտի գույներ» և այլն։
Կառլոս Աբովյանը մասնագիտական նկարչական կրթություն չի ստացել, այլ ինքնակրթությամբ է զբաղվել Երևանի և Մոսկվայի թանգարաններում, ուսումնասիրել մեծ վարպետների ստեղծագործությունները գրքերում և ալբոմներում, իսկ իր ուսուցիչներն է համարել հայ մանրանկարիչներին, ինչպես նաև հայտնի հայ նկարիչներ Մինաս Ավետիսյանին, Վարդգես Սուրենյանցին, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին և այլոց։
Ըստ Աբովյանի, Լոռվա ձորի բնությունը մեծ դեր է խաղացել իր՝ որպես նկարչի ձևավորման գործում։ Իր գործերին բնորոշ են խորհրդապաշտությունը, գունային ոչ կաղապարային լուծումները։ Կառլոս Աբովյանի աշխատանքները կարելի է տեսնել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում։